Մատչելիության հղումներ

Լայվ բլոգ. բախումներ շփման գծի ողջ երկարությամբ

Ապրիլի 1 լույս 2-ի գիշերվանից շփման գծի ողջ երկայնքով լայնածավալ մարտական գործողություններ են ընթանում:


14:01 4.4.2016

Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են ընթանալ թեժ բախումներ, հաղորդում է Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը:

«Հակառակորդը մարդկային և զինտեխնիկայի մեծ կորուստներից սարսափած, այսօր՝ ժամը 11:20-ի սահմաններում հյուսիսարևելյան ուղղությամբ առաջին անգամ կիրառել է ТОС (Тяжелая огнеметная система) ծանր հրանետային համակարգեր: Նշված զինատեսակի կիրառումից ղարաբաղյան կողմը կորուստ չունի: Նույն ուղղությամբ հակառակորդը օգտագործել է երկու հարվածային անօդաչու թռչող սարք, իսկ 1-ը` հարավարևելյան ուղղությամբ, որոնց գործողությունները նպատակին չեն հասել: Բոլոր 3 հարվածային անօդաչու թռչող սարքերը ոչնչացված են», - ասված է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրությունում:

14:00 4.4.2016

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն այս պահին նախագահական նստավայրում հանդիպում է ԵԱՀԿ-ի անդամ երկրների դեսպանների հետ: Այդ մասին հաղորդում է «Արմենպրես» լրատվական գործակալությունը:

13:59 4.4.2016

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարների ուշադրությանն է ներկայացրել ադրբեջանական կողմից հայկական քաղաքացիական բնակավայրերի և խաղաղ բնակիչների նկատմամբ տեղի ունեցող հանցավոր ոտնձգությունների, ցուցաբերվող դաժան վերաբերմունքի վերաբերյալ տվյալներ, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքի հատուկ պաշտպանության ներքո գտնվող՝ երեխաների և տարեցների նկատմամբ իրականացվող անթույլատրելի հարձակումների վերաբերյալ ուսումնասիրության արդյունքներ:

«Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է, որ Եվրոպայի խորհրդի տարածքում խաղաղ բնակիչների իրավունքների և կյանքի նկատմամբ դաժանության ամենաբարձր աստիճանի հասնող զանգվածային ոտնձգությունները չեն կարող հանդուրժելի լինել», - ասված է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում:

Համապատասխան հաղորդակցություն է նախաձեռնվել նաև Human Rights Watch, Amnesty International կազմակերպությունների, ԵԱՀԿ-ի, ինչպես նաև օմբուդսմենական միջազգային կազմակերպությունների հետ:

13:30 4.4.2016

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում բախումների հետևանքով զոհված յոթ զինծառայողի անուն՝ կապիտան Արմենակ Ուրֆանյան (ծնվ. 1990թ․), գնդացրող, շարքային Քյարամ Սլոյան (ծնվ․ 1996թ․), սերժանտ Յուրի Փարամազյան, մայոր Հովսեփ Մայիլյան (ծնվ․ 1978թ․), զորամասի ԻՍՎ հրամանատար, կապիտան Հովսեփ Կիրակոսյան (ծնված 1988թ․), պայմանագրային զինծառայող, վարորդ Նոդարիկ Մարգարյան (ծնվ․ 1963թ), հետախույզ գնդացրորդ, պայմանագրային զինծառայող Սասուն Մկրտչյան (ծնվ․ 1989թ․):

Բեռնել ավելին

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG