Մատչելիության հղումներ

Հինգ խմբակցություններ կողմ են ընտրակեղծարարության համար պատիժը խստացնելու օրինագծին


Հայաստան -- Ընտրական հանձնաժողովի անդամը ցույց է տալիս կրկնաքվեարկության տեսանկարահանումը իր հեռախոսով, Երևան, 6-ը դեկտեմբերի, 2015թ․
Հայաստան -- Ընտրական հանձնաժողովի անդամը ցույց է տալիս կրկնաքվեարկության տեսանկարահանումը իր հեռախոսով, Երևան, 6-ը դեկտեմբերի, 2015թ․

Խորհրդարանական 5 խմբակցություններ կողմ են ընտրակեղծարարության համար որպես պատիժ միայն ազատազրկումը սահմանելու և դրամական տուգանքի հնարավորությունը վերացնելու նախաձեռնությանը: Իշխող Հանրապետականը, մինչդեռ, առայժմ խուսափում է օրինագծի մասին կարծիք հայտնել:

Սահմանադրական հանրաքվեի ընթացքում ընտրակեղծարարություն կատարելու գործերով 10-ից ավելի դատական վճիռներ են հրապարակվել, ամենախիստ պատիժը 600 հազար դրամ տուգանքն էր։

«Այսինքն՝ մենք դատարանին հնարավորություն ենք տվել ունենալ այլընտրանք ազատազրկմանը, և, բնականաբար, դատարանները ներկա քաղաքական իրավիճակում օգտվում են այդ այլընտրանքից», - մեկնաբանում է ընտրակեղծարարության դեպքում դրամական տուգանքի հնարավորությունը վերացնելու նախաձեռնության հեղինակը՝ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Մարուքյանի կարծիքով այդ գումարը ոչ թե տուգանվողներն են մուծում, այլ նրանց կեղծիքի դրդած անձինք: Արդյունքում ընտրակեղծարարը չի պատժվում, իսկ ազատազրկման դեպքում իրավիճակ կփոխվի, կարծում է պատգամավորը․ - «Դու ես նստելու անձամբ, քո փոխարեն որևէ մեկը չի նստի: Հետևաբար՝ որևէ մեկը չի գնա այդ խախտումը կատարի այլևս»:

Նախաձեռնությունը պաշտպանում են ՀԱԿ-ը, «Ժառանգությունը», «Օրինաց երկիրը», «Բարգավաճ Հայաստանը» և անգամ իշխող Հանրապետականի գործընկեր Դաշնակցությունը։

«Բարգավաճ Հայաստանի» ղեկավար Նաիրա Զոհրաբյանը պատմեց, որ ուսումնասիրել են միջազգային փորձը. թեև չեն գտել որևէ քաղաքակիրթ երկիր, որտեղ ընտրակեղծարարության համար միայն ազատազրկում սահմանվի, բայց վստահ են, որ Հայաստանում նման խիստ և ծայրահեղ քայլի անհրաժեշտություն կա․ - «Երբ տուգանքը հանվում է և թողնվում է միայն քրեական պատասխանատվությունը, կամիկաձե պիտի լինել կամ էնքան պիտի կամակատար և ստրկամիտ լինել, որ նույնիսկ ազատազրկման հեռանկարը աչքի առաջ ունենալով՝ գնալ կեղծիքի»:

«Օրինաց երկրում» նույնպես կարծում են, որ սա ծանր հանցագործություն է և պետք է խիստ պատժվի։ Պատգամավոր Հովհաննես Մարգարյանի խոսքով, գործող օրենքի պայմաններում ընտրակեղծարարությունը միայն կատարելագործվում է: - «Բա պիտի խստացնենք, որ չանի», - ասում է նա:

«Ժառանգությունից» Զարուհի Փոստանջյանն էլ վստահ է՝ եթե ընտրական օրենսգրքի փոփոխություններին վերաբերյալ ընդդիմության 5 առաջարկները չընդունվեն, ապա այս փոփոխությունը ցուցադրական կլինի․ - «Որովհետև եթե չեն վերանում այն խորքային խնդիրները, որ առկա են, ուղղակի պատիժ ենք սահմանում, միևնույնն է՝ չենք կարող վերացնել բուն կեղծարարությունը»:

Հանրապետական խմբակցությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ դեռ կարծիք չեն հայտի, քանի որ պետք է ուսումնասիրեն առաջարկը և Կառավարության եզրակացությունը։

Չնայած 5 խմբակցությունների համակարծությանը՝ ընդդիմադիրները կարծում են, որ իշխող մեծամասնությունը կտապալի օրինագիծը։

Երեկ այս առաջարկը Կառավարության նիստում խիստ քննադատության արժանացավ։ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը պնդեց, որ դատարանը պետք է որոշի վճիռը, հետևաբար օրինագծին պետք է բացասական եզրակացություն տալ: Նրան միացավ նաև կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը։ Չնայած բացասական կարծիքներին՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի առաջարկով օրինագծին դրական եզրակացություն տրվեց․ - «Կարծում եմ ճիշտ կլինի, որ մենք տանք համաձայնություն և Ազգային ժողովը թող որոշի»:

Մինչ խորհրդարանի լիագումար նիստ հասնելը օրինագիծը նախ պետք է քննարկվի ԱԺ պետաիրավական հանձնաժողովում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG