Մատչելիության հղումներ

Օմբուդսմենի զեկույցը չի անդրադարձել հանրաքվեի օրվա խախտումներին


Հայաստանի օմբուդսմեն Արման Թաթոյան, արխիվ
Հայաստանի օմբուդսմեն Արման Թաթոյան, արխիվ

Մարդու իրավունքների պաշտպանի 2015թ․ զեկույցը աղաղակող խախտումներ է արձանագրել հատկապես իրավապահ համակարգում։

Օմբուդսմենի գրասենյակը հրապարակել է մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ 2015 թվականի զեկույցը։ Դեռ նախկին օմբուդսմեն, այս տարվա հունվարին հրաժարական տված Կարեն Անդրեասյանի օրոք արձանագրված խախտումենը տեղ են գտել նոր օմբուդսմենի՝ Արման Թաթոյանի գրասենյակի հրապարակած ավելի քան 400 էջանոց զեկույցում։

Աղաղակող խախտումներ են արձանագրվել հատկապես իրավապահ համակարգում։ Հատուկ քննչական ծառայությունն, օրինակ, պաշտոնատար անձանց իրականացրած խոշտանգումների, դաժան ու անմարդկային վերաբերմունքի ոչ բոլոր դեպքերով է կատարել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, գրված է զեկույցում։ Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի կարծիքով, գնահատականն ավելի խիստ կարող էր լինել։ «Պարզապես ինձ հայտնի չէ՝ ինչ-որ մի դեպքով բազմակողմանի, օբյեկտիվ քննություն կատարվել է, թե ոչ»,- ասում է Ալեքսանյանը:

Անդրադարձ կա մարտի 1-ի արյունալի դեպքերին: Զեկույցը փաստում է՝ անցած տարի 2008-ի մարտի 1-ի սպանությունների բացահայտման ուղղությամբ էական քայլեր չեն իրականացվել, զինծառայողների մահվան որոշ դեպքեր խախտումներով են քննվել։ Բացի այդ, գրանցվել են դեպքեր, երբ Քննչական կոմիտեի քննիչները խոշտանգել ու բռնություն են գործադրել քաղաքացիների հանդեպ, նշում է օմբուդսմենի զեկույցը։

«Շատ հետաքրքիր է՝ խոշտանգումների համար պատասխանատվություն կրե՞լ են արդյոք էդ քննիչները, թե ոչ: Եթե դատելու լինենք ՀՔԾ-ին վերաբերող անդրադարձին, պետք է հասկանանք, որ պատասխանատվության չեն ենթարկվել»,- նշում է Ժաննա Ալեքսանյանը:

Օմբուդսմենի զեկույցում ամենածավալուն բաժինը Ոստիկանության թույլ տված խախտումների մասին է, ըստ այդմ՝ սահմանափակվել է խաղաղ հավաքների իրավունքը, հավաքի մասնակիցների նկատմամբ կիրառվել է ֆիզիկական ուժ, ոչ իրավաչափորեն է ցրվել հավաքը։ Զեկույցն անդրադարձել է նաև նախագահական նստավայրի առջև հավաք անցկացնելու արգելքին, «Էլեկտրիկ Երևան» կոչվող բողոքի ակցիաներին, արձանագրելով, որ հունսի 23-ին բռնություն է գործադրվել հավաքի մասնակիցների և լրագրողների հանդեպ։ «Լավ կլինի, որ Ոստիկանությունն այս զեկույցը սեղանի գիրք դարձնի և ընթերցեն՝ որոշ իրավունքների տեղեկանալու առումով»,- ասում է Ժաննա Ալքեսանյանը:

Օմբուդսմենի 2015 թվականի զեկույցում, սակայն, որևէ անդրադարձ չկա դեկտեմբերի 6-ի հանրաքվեի օրը արձանագրված մարդու իրավունքների խախտումներին։ Պաշտպանի գրասենյակից տեղեկացանք, որ դեռ հայտնի չէ՝ կհրապարկե՞ն հանրաքվեի օրվա խախտումների մասին առանձին զեկույց, թե ոչ։ «Օմբուդսմենի 2015-ի զեկույցն իրապես չի արտացոլում մարդու իրավունքների վիճակը Հայաստանում»,- պնդում է պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ու հավելում՝ «թե՛ քաղաքական հայացքների համար բանտախցում հայտնվեցին մարդիկ, թե, ամենակարևորը՝ դեկտեմբերի հանրաքվեն վերից վար կեղծվեց, դրան փաստորեն, անդրադարձ չկա, իսկ սրանք երկու շատ կարևոր՝ մարդու իրավունքների զանգվածային խախտումներ են»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG