Մատչելիության հղումներ

Զինված հանցախմբի պարագլուխ ներկայացվող Արթուր Վարդանյանի փաստաբանը բացառեց, թե իր պաշտպանյալը և նրա խումբը ծրագրել էին հարձակումներ գործել պետական հաստատությունների վրա

Զինված հանցախմբի պարագլուխ ներկայացվող Արթուր Վարդանյանի փաստաբանը տարօրինակ է համարում, որ խումբը ֆինանսավորած անձը գտնվում է ազատության մեջ:

«Իրավակիրառ պրակտիկայում, որպես կանոն, երբ ենթադրյալ հանցագործությունը կատարվում է, առաջին պատասխան տվողը պետք է լինի պատվիրատուն: Եթե ֆինանսավորում է և պատվեր է տալիս, այդ դեպքում շատ տարօրինակ է, որ նախ՝ չի հրապարակվում պատվիրատուի անունը, և երկրորդ՝ հայտարարում են, որ պատվիրատուն ազատության մեջ է», - «Ազատության» հետ զրույցում այսօր ասաց զինված հանցախմբի ղեկավար ներկայացվող Արթուր Վարդանյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը:

Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանը երեկ հայտարարեց թե անցած տարվա նոյեմբերին Նորք-Մարաշում հայտնաբերված զինված խումբը զինված հեղաշրջում է ծրագրել: Նախաքննական մարմնի ղեկավար Միքայել Համբարձումյանը նաև նշեց, թե հայտնի է այն անձը, ով ֆինանսավորել է զինված հեղաշրջում իրականացնելու նպատակ հետապնդած խմբին: Ազգային անվտանգության ծառայությունը հրաժարվում է նաև ասել, թե ով է այդ անձը՝ նշելով միայն, որ նա բնակվում և գործում է Հայաստանում, նրան մեղադրանք է առաջադրվել, սակայն նա կալանավորված չէ:

Արթուր Վարդանյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը մեզ հետ զրույցում բացառեց, թե իր պաշտպանյալը և նրա խումբը ծրագրել էին հարձակումներ գործել պետական հաստատությունների վրա՝ ԱԱԾ հայտարարությունները համարելով 1930 ականներին բնորոշ:

ԱԱԾ քննչական ծառայության պետի տեղակալը երեկ մի շարք ապացույցներ ներկայացրեց՝ պնդելով, որ խումբը ծրագրել էր բռնությամբ զինված հեղաշրջում իրականացնել՝ թիրախավորելով Նախագահի նստավայրը, Ազգային ժողովը, Կառավարության և Սահմանադրական դատարանի շենքերը, ինչպես նաև Հանրային հեռուստաընկերությունը:

Ավելին՝ ԱԱԾ-ի պնդմամբ, Արթուր Վարդանյանի խումբը քննարկել էր նաև նախագահ Սերժ Սարգսյանի ինքնաթիռը պայթեցնելու հարցը:

«Միգուցե եղել են խոսակցություններ, միգուցե եղել են որոշակի քննարկումներ՝ դա ես չեմ ցանկանում բացառել: Բայց որ կոնկրետ պետք է տվյալ խմբի և Արթուր Վարդանյանի գլխավորությամբ կատարվեին այդ զազրելի հանցագործությունները, ես դա՝ թույլ տվեք բացառեմ», - ասաց Լևոն Բաղդասարյանը:

Միքայել Համբարձումյանը երեկ հայտարարեց, թե ձեռք են բերել տեսանյութ, որտեղ ուղերձով հանդես է գալիս Արթուր Վարդանյանը և հայտարարում, թե՝ «զենք գործածելով իրականացրեցին իրենց մտահաղացումը` խմբի և մի խումբ ազատամարտիկների հետ միասին»: ԱԱԾ-ի պնդմամբ, այդ ուղերձը պետք է եթեր հեռարձակվեր Հ1-ով՝ Հանրային հեռուստաընկերության գրավումից հետո:

«Դրա պատասխանը պետք է տա նախաքննությունը և ապացուցի», - ասում է Արթուր Վարդանյանի փաստաբանը՝ չհերքելով, այդուհանդերձ, որ նման տեսանյութ իրականում եղել է:

Երեկ Ազգային անվտանգության ծառայությունը նաև հայտարարեց , թե Արթուր Վարդանյանի խումբը փորձել է վերահսկել նախագահի անվտանգության ծառայողների աշխատանքը: Ավելին՝ Արթուր Վարդանյանին հաջողվել է գաղտնի նկարահանել Սերժ Սարգսյանի այցերից մեկը: Մասնավորապես, Հայ Կաթողիկե եկեղեցու բացման ժամանակ Վարդանյանը չնկատվելու համար կրել է եկեղեցական երգչախմբի մասնակցի հագուստ, և գաղտնի նկարահանում իրականացրել: Վարդանյանի փաստաբանը, մինչդեռ, ԱԱԾ-ին հորդորում է պատասխանել մեկ այլ հարցի՝ ով էր տրամադրել այդ հագուստը և ինչու:

Ի դեպ՝ ավելի վաղ այս գործի շրջանակներում կալանավորվել էր կաթոլիկ եկեղեցու հոգևորական Հայր Անտոն Թոթոնջյանը, սակայն ավելի ուշ նախաքննական մարմինը փոխել էր նրա խափանման միջոցը և ազատ էր արձակել:

Ի պատասխան մեր հարցին, որ եթե Վարդանյանը նպատակ չուներ հարձակումներ գործել պետական հաստատությունների վրա և զինված հեղաշրջում անել, այդ դեպքում ինչ նպատակ է հետապնդել խումբը, փաստաբան Լևոն Բաղդասարյանն ասաց, թե՝ երբ ավարտվի նախաքննությունը, հանրությանը կտեղեկացնեն: Ամեն դեպքում, այն ինչ ներկայացնում է ԱԱԾ-ն, իրականության հետ որևէ աղերս չունի և գեղարվեստական թրիլլեր է հիշեցնում, ասում է փաստաբանը՝ հավելելով․ - «Ես չեմ կիսում նման կարծիքը պետական լիազոր մարմնի, ես ցիտում եմ իմ պաշտպանյալի հայտարարությունը, որ՝ եթե անելու լինեի՝ կանեի: Եվ հասարակությունն էլ կարող է դա ոչ միանշանակ ընդունել, չդառնա այդ խումբն էլ, խմբի անդամն էլ՝ այսօրվա Հայաստանի Ռոբին Հուդ»:

XS
SM
MD
LG