Մատչելիության հղումներ

Քերրիի և Ալիևի հանդիպմանը քննարկվել է նաև ԼՂ հարցը


Ջոն Քերրի և Իլհամ Ալիև, 30-ը մարտի, 2016թ․, ԱՄՆ
Ջոն Քերրի և Իլհամ Ալիև, 30-ը մարտի, 2016թ․, ԱՄՆ

Ալիևն ասել է՝ «կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե «Հայաստանը կատարի ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի պահանջներն ու զորքը դուրս բերի Ադրբեջանի տարածքից»։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վաշինգտոնում Միջուկային անվտանգության գագաթնաժողովի մեկնարկից առաջ հանդիպել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրիի հետ։ Ի շարս այլ հարցերի, կողմերը քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեման։ Քերրին ասել է, որ անհրաժեշտ է գտնել Ղարաբաղի խնդրի վերջնական լուծում։

Խոսելով Կասպյան տարածաշրջանից բնական գազը Հին մայր ցամաք փոխադրելու մասին, Ամերիկայի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը նշել է Ադրբեջանի կարևորությունը Եվրոպայի էներգետիկ անվտանգության հարցում։ Նա շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին՝ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելությանն աջակցելու համար։ «Մենք ցանկանում ենք վերջնականապես կարգավորված տեսնել Լեռնային Ղարաբաղի սառեցված հակամարտությունը, դա պետք է լինի բանակցված կարգավորում, ինչը պետք է արվի ժամանակի ընթացքում»,- ասել է Ջոն Քերրին։

Reuters-ի փոխանցմամբ, Քերրին և Ալիևն անդրադարձել են նաև ժողովրդավարությանը և մարդու իրավունքներին առնչվող հարցերի, դրանց կապակցությամբ՝ պետքարտուղարը, «ողջունել է վերջին դրական քայլերը և հորդորել է ապահովել հետագա առաջընթաց»։ Ալիևն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում ջանքեր գործադրելու համար, սակայն պնդել է, որ, «հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Հայաստանը կատարի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևերը և անհապաղ ու առանց նախապայմանների զորքը դուրս հանի Ադրբեջանի տարածքից»։

Reuters-ն արևմտյան ունկնդիրներին հիշեցնում է, որ «Լեռնային Ղարաբաղը գտնվում է Ադրբեջանի տարածքում», բայց «վերահսկվում է հայերի կողմից», նաև նշում է՝ ավելի քան երկու տասնամյակ տևող վեճը հարատև եղանակով կարգավորելու փորձերը ձախողվում են, միջնորդների դերում են Ֆրանսիան, Ռուսաստանը և Ամերիկայի Միացյալ Նահանգները։

«Ազերթաջ» լրատվական գործակալության փոխանցմամբ, Քերրիի հետ առանձնազրույցից առաջ Ալիևը լրագրողներին ասել է, որ ԱՄՆ-ի և Ադրբեջանի երկկողմ կապերն ունեն 25 տարվա պատմություն։ «Շնորհակալ եմ նախագահ Օբամային Միջուկային անվտանգության գագաթնաժողովին ինձ հրավիրելու համար, սա բարեկամության և գործընկերության նշան է»,- ասել է Ալիևը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG