Մատչելիության հղումներ

ՔԿ. «Զվարթնոցի» ահաբեկչության մասին սուտ հաղորդումը ուղարկվել է ադրբեջանական ինտերնետային օպերատորի օգտատիրոջ կողմից


«Զվարթնոց» օդանավակայան
«Զվարթնոց» օդանավակայան

Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են ակտիվ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ պարզելու Երևան-Մոսկվա մեկնող թիվ 558 չվերթի ինքնաթիռը, «Զվարթնոց» օդանավակայանը պայթեցնելու վերաբերյալ սուտ հաղորդում ներկայացրած անձի ինքնությունը, դրդապատճառները։

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ հնարավոր ահաբեկչության մասին հաղորդումը ստացվել էր էլեկտրոնային փոստի միջոցով՝ մարտի 24-ին, «Զվարթնոց» օդանավակայանի էլեկտրոնային հասցեով։

«Հայաստանի իրավասու մարմինների կողմից իրականացված գործողությունների և ստուգումների արդյունքում պարզվել է, որ այն կեղծ է, և Երևանի քննչական վարչությունում հարուցվել քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածի հատկանիշներով՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը։ Քրեական գործով մշակվել է քննչական և օպերատիվ-հետախուզական համատեղ միջոցառումների մասին պլան, և ձեռնարկվել բազմածավալ գործողություններ», - ասված է հաղորդագրությունում։

Քննչական կոմիտեն տեղակացնում է, որ Ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ իրականացված անհետաձգելի աշխատանքների արդյունքում բավարար տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ էլեկտրոնային հասցեն ստեղծել է ադրբեջանական օպերատորի IP հասցեից օգտված անձը, ով ինտերնետային ցանցին հասանելիություն է ձեռք բերել երրորդ երկրի սերվերի միջոցով (երկիրը պարզվել է)։ Պարզվել են նաև ադրբեջանական տվյալ IP հասցեի օգտատիրոջ իրականացրած մի շարք այլ գործողությունները, որից հետո դադարեցվել է երրորդ երկրի IP հասցեի միջոցով ինտերնետին համակցումը։

«Հայաստանի ԱԱԾ-ի հետ համատեղ շարունակվում են կատարվել ակտիվ քննչական և օպերատիվ-հետախուզական այլ միջոցառումներ։ Քրեական գործով այլ մանրամասներ այս պահին հրապարակման ենթակա չեն», - ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG