Մատչելիության հղումներ

Պարտադիր կուտակային համակարգի դեմ նոր պայքար է հասունանում


«Դեմ եմ» շարժման ակտիվիստները ցույց են անում ՍԴ շենքի դիմաց, արխիվ
«Դեմ եմ» շարժման ակտիվիստները ցույց են անում ՍԴ շենքի դիմաց, արխիվ

Նախկինում կուտակային համակարգին հրապարակայնորեն ընդդիմացող, այժմ նախարար Արծվիկ Մինասյանն ասում է, որ չի փոխել իր դիրքորոշումը՝ ձեռնպահ մնալով այլ մեկնաբանություններից:

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին փոխարինելու եկած՝ սոցիալական պարտադիր վճարի համակարգն ամենևին էլ կուտակայինի դեմ ժամանակին ընդվզած երիտասարդների սրտով չէ:

Պարտադիր վճարի համակարգին ընդդիմացող մի շարք քաղաքացիներ պատրաստվում են առաջիկայում նամակ հանձնել վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ պահանջելով փոփոխել օրենքը՝ վերացնելով «պարտադիր» բաղադրիչն ու այն «համապատասխանեցնել Սահմանադրությանը»: Նամակի համահեղինակներից Սերժ Ղահրամանյանը հայտնեց, որ հիմա ստորագրութուններ են հավաքում, առաջիկայում այն կհանձնեն վարչապետին:

«Մեր նամակով մենք ուզում ենք ասել, որ Սահմանադրական դատարանի ընդունած որոշումն իրագործվի, այն չիրագորչծվեց: ՍԴ որոշումները երկու դեպքում էլ լիարժեք չիրականացվեց: Ստացվում է, որ Սահմանադրությունը Ազգային Ժողովում օրենքների փոփոխման վրա ազդեցություն չի գործում ․․․և ամենակորևորը՝ խախտվում է սեփականությունն իր հայեցողությամբ օգտագործելու, տիրապետելու՝ անձի իրավունքը»,- ասաց Ղահրամանյանը:

2014 թվականին «Դեմ եմ» քաղաքացիական նածաձեռնությունը պայքարում էր պարտադիր կուտակային համակարգի դեմ: Տևական պայքարից հետո օրենքում փոփոխություններ կատարվեցին, սակայն, «պարտադիր» բաղադրիչն այդպես էլ չվերացվեց: Սոցիալական պարտադիր վճարն այսօր գործում է՝ տարածվելով աշխատաշուկա նոր մուտք գործողների և պետական սեկտորի աշխատողների վրա: Ընդամենը մեկ տարուց՝ 2017 -ի հուլիսի 1-ից, այն կտարածվի արդեն 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված բոլոր աշխատող քաղաքացիների (այդ թվում՝ մասնավոր սեկտորում ընդգրկված) վրա:

Այժմ թափ առնող նոր նախաձեռնության հեղինակները «Դեմ եմ» շարժման փարձառու ակտիվիտներն են, նրանք վստահ են՝ ժամանակը ճիշտ օգտագործելու համար պետք է պայքարը վերսկսել հենց այսօրվանից: Մշակվող նամակում նրանք նշում են՝ «Օրենքը ոչ միայն խտրական է, նաև ծանրացնում է քաղաքացիների սոցիալական դրությունը»: Նամակի հեղինակները վարաչպետին խնդրում են՝ զերծ մնալ նախորդ վարչապետի սխալները կրկնելուց, չվերահասցեավորել գրությունը (օրինակ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն) և հետամուտ լինել հարցի լուծմանը:

ժամանակին «Դեմ եմ» շարժման առաջին շարքերում կանգնած, ներկայումս «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Մանե Թանդիլյանը վստահ է՝ նոր պայքարը ևս թափ կհավաքի: Ըստ նրա, այսօր նոր իրավիճակ է, կառավարության կազմն է փոխվել, դրանում հայտնվել է նաև պարտադիր կուտակային համակարգին ընդդիմացող Արծվիկ Մինասյանը:

Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Արծվիկ Մինասյանը, սակայն, հրաժարվեց «Ազատությանն» այս խնդրով որևէ մեկնաբանություն ներկայացնելուց, միայն ասաց՝ իր դիրքորոշումը չի փոխվել:

Նախկինում նա մի քանի անգամ հայտարարել է, որ օրենքն այս տեսքով սոցիալ-տնտեսական զարգացում չի ապահովի: Մի շարք այլ տնտեսագետներ էլ տևական ժամանակ բարձրաձայնում էին, որ սոցիալական վստահության չարժանացած այդ համակարգը դատապարտված է ձախողման: Ավելին՝ անցած տարի պարզ դարձավ, որ Հայաստանի կենսաթոշակային ֆոնդերը կառավարող երկու ընկերություններ միլիոնավոր դրամների կորուստներ են կրել: Համակարգում արդեն ընդգրկված որոշ մարդիկ այսօր արդեն պնդում են․ աշխատավարձի՝ 5 տոկոսով նվազումը լրջորեն հարվածել է իրենց ընտանեկան բյուջեին:

Ուսուցչուհի Օվսաննա Հարությունյանն այն քչերից է, ով հետևում է իր կուտակային հաշիվներին: Ասում է՝ բացարձակապես չի հասկանում, թե ինչ տրամաբանությամբ են հաշիվների վրա գումարներն ավելանում կամ պակասում: Սակայն, առանձնապես մտահոգված չէ, քանի որ արդեն իսկ փոխանցած գումարներին «հրաժեշտ է տվել»: «Բանկում մեզ պատասխան չեն տալիս, ասում են՝ մենք տեղյակ չենք, սրա հետ կապված ոչինչ հայտնել չենք կարող: Նախորդ տարիներին, երբ աշխատավարձս ցածր էր, այդ 3 հազար դրամն էական դեր չէր խաղում, բայց հիմա 15-18 հազարը, բնականաբար, ուսուցչի 60-70 հազարի համեմատ, հսկայական գումար է: Ի վերջո, կարծում եմ՝ պիտի փոշիանա»,- ասում է Օվսաննան:

«Դեմ եմ»-ի անդամ, հաշվապահ Մանե Թանդիլյանն ասում է՝ հենց սկզբից էլ պարզ էր, որ ամեն ինչ այս սցենարով է ընթանալու, քանի որ մի երկրում, որտեղ չկա պետության նկատմամբ վստահություն, պարտադիր բաղադրիչն աշխատել չի կարող: «Մարդիկ ուղղակի հրաժարվել են այդ գումարներից, և սա շատ ձեռնտու է նրանց, ովքեր գումարները հավաքագրում են: Հենց դա է խնդիրը, որ մենք «պարտադիրը» համարում ենք անթույլատրելի: Բայց եթե կամավոր լինի, մարդիկ իրենց կամքով կմիանան, կհետևեն, կհետաքրքրվեն և կիմանան, թե ինչ է կատարվում իրենց գումարների հետ»,- ասում է Մանե Թանդիլյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG