Մատչելիության հղումներ

logo-print

Սերժ Սարգսյան. Ադրբեջանի իշխանություններն ամեն կերպ փորձում են պահել սահմանային լարվածությունը


Հայաստանի նախագահի ելույթը՝ Հարվարդի Քենեդու անվան կառավարման դպրոցում։

1994 թվականի զինադադարից անցել է 22 տարի, սակայն այսօր էլ Հայաստանի պետական սահմանին և Լեռնային Ղարաբաղի տարբեր բնակավայրերում ապրող բնակիչներն գտնվում են ամենօրյա կրակի սպառնալիքի ներքո, երեկ, ելույթ ունենալով Հարվարդի Քենեդու անվան կառավարման դպրոցում, ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։

«Ակնհայտ է, որ Ադրբեջանի ռեժիմը օգտագործում է այդ հակամարտությունը սեփական երկրում առկա խնդիրներն արդարացնելու համար: Սա է պատճառը, որ Ադրբեջանի իշխանություններն ամեն կերպ փորձում են պահել սահմանային լարվածությունը և հանդգնորեն պարծենում դրանով, հրապարակավ մեղադրում են միջնորդներին անգործության մեջ և սեփական ժողովրդի մոտ հերոսանում դրանով, շփման գծում անվտանգության միջոցառումներն ամրապնդելու՝ Մինսկի խմբի առաջարկն անվանում են տարօրինակ և զարմանում դրանից», - ասել է նախագահը։

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Ղարաբաղի համատեքստում շատ է շահարկվում «օկուպացիա» բառը՝ նշելով, որ «օկուպացիա» բառն օգտագործողները շատ հաճախ մոռանում են, որ Ղարաբաղն ինքը 70 տարի շարունակ օկուպացիայի զոհ է եղել:

«Բոլոր նրանց, ովքեր գիտակցաբար կամ չգիտակցելով օգտագործում են «օկուպացիա» բառը, ուզում եմ հարցնել. իսկ ի՞նչ էր 1921 թվականին Ստալինի թեթև ձեռքով Ղարաբաղի բռնակցումը Ադրբեջանին, եթե ոչ` օկուպացիա: Ավելին, այդ շռայլ նվերը ստանալուց հետո Ադրբեջանը, փոխանակ բնականոն պայմաններ ստեղծեր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար, կիրառեր փափուկ ուժին բնորոշ գործիքներ, այնպիսի անտանելի պայմաններ ստեղծեց, որ խորհրդային կենտրոնաձիգ իշխանության թուլացման առաջին իսկ նշաններն ի հայտ գալուն պես առաջինն ընդվզեց հենց Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը: Արդյո՞ք լավ կյանքից էր: Ի դեպ, պատահական չէ, որ 1988 թվականի ընդվզումն այնքան ուժգին էր, որ ԽՍՀՄ փլուզման սկիզբը ընդունված է ասոցացնել հենց Ղարաբաղյան շարժման հետ: Հակամարտության բուն պատճառը հենց այդ նախասկզբնական օկուպացիան է, հետևաբար Լեռնային Ղարաբաղը այսօրվա Ադրբեջանի տարածքային ամբողջականության հասկացության հետ որևէ կապ չունի», - ասել է նախագահը:

Սերժ Սարգսյանը նշել է, որ հայերն իրենց մաշկի վրա էին զգում Ադրբեջանի` Լեռնային Ղարաբաղի իսպառ հայաթափման քաղաքականության ազդեցությունը: «Չէ՞ որ արդեն կար մեկ այլ հայաբնակ շրջանի` Նախիջևանի հայաթափման դառը փորձը: Բավական չէ, որ այս շրջանը հայաթափվեց, 2005 թվականին էլ մի ամբողջ մշակութային ժառանգություն` Ջուղայի խաչքարերը բարբարոսաբար ոչնչացվեցին: Այսօր միջնադարյան այդ հոյակերտ հարստությունից ոչ մի հատիկ, ոչ մի փշուր չի մնացել: Մաքրվել է շրջանը հայերից և հայկական մշակութային հետքից», - ասել է նախագահը՝ հավելելով. - «Այսօր բոլոր նրանք, ովքեր Ադրբեջանի տարածքային ամբողջականության համատեքստում են դիտարկում Լեռնային Ղարաբաղը, անուղղակիորեն հավանություն են տալիս «բաժանելու և տիրելու» ստալինյան դաժան, միլիոնավոր ընտանիքների զրկանքներ ու դժբախտություն պատճառած քաղաքականությանը: Այսօր էլ նույն տրամաբանությունը շարունակվում է: Այնպիսի զավեշտի է ամեն ինչ հասել, որ թույլ չեն տալիս Ադրբեջան մտնել հայկական ծագումով օտարերկրյա քաղաքացիների: Անկախ նրանից, թե հայերը Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, թե այլ երկրների քաղաքացիներ են, նրանց մուտքը Ադրբեջան արգելվում է: Սրանով հանդերձ՝ խոստանում են ապահովել հայերի անվտանգությունը, եթե Ղարաբաղը մտնի Ադրբեջանի կազմ: Ի՞նչի հիման վրա Ղարաբաղի ժողովուրդը պետք է հավատա այս դրույթին»:

Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը բազմիցս առերեսվել է մի իրավիճակի, որտեղ բանակցությունների մասին հարևան պետության ընկալումները շատ հեռու են ժամանակակից պատկերացումներից: «Համոզված եմ, որ Հարվարդում բանակցությունները ամենապահանջված և ամենադասավանդված առարկաներից է: Վստահ եմ՝ ձեզ այստեղ սովորեցնում են, որ ցանկացած բանակցությունների դրական ելքի համար անհրաժեշտ է առնվազն փոխզիջում: Անհնարին է մաքսիմալիստական և միակողմանի պահանջներով հասնել որևէ խնդրի հանգուցալուծման: Բայց որպեսզի պատկերացնեք, թե մենք ինչպիսի իրավիճակի հետ ենք առնչվում Ադրբեջանի հետ բանակցելիս, ընդամենը մի բան նշեմ. Ադրբեջանն իր կողմից փոխզիջում է համարում պատերազմական գործողություններ չվերսկսելը այն դեպքում, երբ խաղաղության պահպանումը փոխզիջում չէ, այլ պարտավորություն՝ միջազգային պարտավորություն», - ասել է նախագահը:

Նախագահը կառավարման դպրոցին դիմել է առաջարկով. - «Կխնդրեի պարոն Էլիսոնին դիտարկել Քենեդու դպրոցի Քաղաքականության ինստիտուտում մի հետազոտություն իրականացնելու հնարավորությունը, որը մանրակրկիտ կերպով կուսումնասիրի թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական մամուլի հրապարակումները, գիտական հոդվածերը, երկու կողմի բարձրաստիճան պաշտոնյաների հրապարակային հայտարարությունները, երկու կողմի հասարակական կազմակերպությունների զեկույցները, եթե, իհարկե, այդպիսիք դեռ կան Ադրբեջանում, և գալ սեփական եզրակացության: Ես չեմ ասում կուրորեն հավատացեք իմ խոսքին, ուսումնասիրեք և տեսեք՝ ո՞վ է պատերազմ քարոզում, ո՞վ է սահմանային լարվածություն հրահրում, ո՞վ է ատելություն քարոզում, ընդ որում ոչ միայն իշխանությունների, այլև հենց հայ ժողովրդի դեմ: Ինչո՞ւ եմ սա շեշտում. ենթադրենք վաղը իշխանությունները համաձայնության եկան. ինչպե՞ս են հաշտվելու իրար ատող հասարակությունները: Կարծում եմ՝ հետազոտության բացահայտումները շատ հետաքրքրական կլինեն, այդ թվում նաև մեզ համար», - ասել է Սերժ Սարգսյանը:

Անդրադառնալով Մերձավոր Արևելքի ճգնաժամին նախագահը նշել է, որ այդ ճգնաժամը մեկ անգամ ևս ապացուցեց, որ մերօրյա համաշխարհայնացված մոլորակում չկան առանձին մարտահրավերներ:

«Մերձավորարևելյան ճգնաժամը, մասնավորապես՝ Սիրիայում կատարվածը մեր աչքի առջև վերաճեց գլոբալ մարդասիրական աղետի՝ նոր մարտահրավերներ նետելով բոլորիս։ Այն եկավ կրկին ահազանգելու, որ այլևս սահմանները չեն բաժանում՝ դրանք միավորում են, որ այլևս «նրանք»-ը «մենք»-ի մի մասն է, որ այն, որ «մեր գործը չէր» և այն, որ «հեռու էր», այսօր մեր գործն է։ Եվ փախստականների ճգնաժամը դրա վառ դրսևորումը եղավ. այն դարձել է համաեվրոպական խնդիր, որ մարտահրավեր է նետել անգամ Եվրոպական միության համերաշխությանն ու կայունությանը, այն դարձել է ամենօրյա սպառնալիք, որ ահռելի ռեսուրսներ է կլանում», - ասել է նախագահը՝ ընդգծելով, որ Մերձավորարևելյան ճգնաժամի սոսկալի հետևանքներից մեկն էլ միջազգային ահաբեկչության ընդլայնումն ու տարածումն է։

«2015 թվականի նոյեմբերին Փարիզում և օրեր առաջ Բրյուսելում տեղի ունեցած սահմռկեցուցիչ ահաբեկչական գործողությունները, ինչպես և երեք տարի առաջ այս հրաշագեղ քաղաքում մարաթոնի ժամանակ հնչած պայթյունները, կրկին վկայեցին, որ ահաբեկչությունը սահմաններ չի ճանաչում, այլ առաջնորդվում է մեկ հիմնական սկզբունքով՝ ոչնչացնել քաղաքակիրթ մարդկության կողմից ստեղծված բարիքներն ու արժեքները: Հետևաբար, այս չարիքի նկատմամբ հաղթանակը երաշխավորված կարող է լինել միջազգային հանրության հավաքական կամքի և հետևողական ջանքերի համադրման շնորհիվ միայն», - ասել է Սերժ Սարգսյանը:

Նախագահի խոսքով, Հայաստանը նույնպես իր աշխարհագրական դիրքով և պատմական հանգամանքներով սերտորեն առնչվում է Մերձավորարևելյան խնդրին։ «Մենք սեփական մաշկի վրա ենք զգում դրա ողջ ողբերգականությունը։
Հակամարտությունից անմաս չեն մնում Մերձավոր Արևելքում բնակվող տասնյակ հազարավոր հայեր, որոնք 20-րդ դարի առաջին՝ Հայոց ցեղասպանությունից փրկված հայերի ժառանգներն են. նրանք ստիպված են կիսել իրենց նախորդների ճակատագիրը, կրկին լքել իրենց տունը։ Հայաստանն արդեն իսկ ընդունել է Սիրիայի շուրջ 20 հազար քաղաքացիների։ Այս ցուցանիշով Հայաստանը երկրորդն է Եվրոպայում բնակչության մեկ շնչին հասնող ցուցանիշով», - ասել է նախագահը:

Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ ներկայիս փախստականների ճգնաժամի հաղթահարման բանալին դրա բռնկման հիմնապատճառները վերացնելու մեջ է՝ Սիրիայում համապարփակ և տևական խաղաղության հաստատման տեսքով:

«Միջազգային հանրությունը պետք է լինի միասնական: Այս առումով ռուս-ամերիկյան համաձայնությունը Սիրիայում խաղաղություն հաստատելու նպատակով մեծապես ողջունելի էր մեզ համար: Եթե չլիներ այս համագործակցությունը՝ Սիրիայի հրադադարը, թեև երերուն, վստահաբար այսօր չէր լինի: Նույնը համոզված կարող եմ ասել Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության մասին: Որպես փոքր պետություն՝ մենք մնում ենք այն համոզման, որ պետք է անենք հնարավորը՝ նպաստելու գերտերությունների համագործակցությանը: Մեր արտաքին քաղաքականության մոդելը հիմնված է տարբեր ուժային կենտրոնների շահերի համադրման սկզբունքի վրա: Մենք չենք փորձում այսրոպեական օգուտներ քաղել խոշոր դերակատարների հակասություններից», - ասել է նախագահը:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ այսօր աշխարհը ճանաչում և դատապարտում է Հայոց ցեղասպանությունը, սակայն Հայաստանի համար չափազանց կարևոր է Թուրքիայի կողմից ճանաչումը և սեփական պատմությանն առերեսումը:

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը ցույց տվեց, որ հայ-թուրքական հաշտեցումը վերևից չի գալու: Թուրքական իշխանությունները գնացին պատմության ակնհայտ կեղծման ճանապարհով: Խոսքս ցեղասպանությունը հերքելու մասին չէ: 2015 թվականին Թուրքիայի իշխանությունները հանկարծ որոշեցին, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման գլխավոր օրը՝ ապրիլի 24-ին, պետք է տոնեն Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակը, որը սովորաբար նշվում է մարտ ամսին: Իհարկե, սա կատարյալ ցինիզմ էր և հայ ազգի համար խորհրդանշական այդ օրը ձախողելու անհաջող փորձ: Այդուհանդերձ, դրան զուգահեռ ինձ ուրախացնում է կամ չի կարող գոնե հույս չներշնչել, որ որքան Թուրքիայի իշխանությունները ավելի ագրեսիվ կեցվածք են որդեգրում, այնքան թուրքական հասարակությունը ավելի բարձր է խոսում Հայոց ցեղասպանության մասին», - ասել է նախագահը՝ նշելով, որ այսօր Թուրքիայում մի մտավորական սերունդ է աճում և ի վերջո հասարակության հենց այս սերուցքն այնքան է կայանալու, որ պարտադրելու է սեփական իշխանություններին ասել ճշմարտությունը:

Անդրադառնալով հայ-ամերիկյան հարաբերություններին, նախագահը նշել է, որ ԱՄՆ-ը առաջին երկիրն էր, որ դեսպանություն բացեց Հայաստանում և սկսեց օգնության ծրագրեր իրականացնել: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ դրանից անցել է 25 տարի, և այսօր ԱՄՆ-ի հետ Հայաստանն ունի համագործակցության հարուստ օրակարգ` երկխոսություն միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերով, սերտ համագործակցություն տնտեսության և ժողովրդավարության զարգացման, հումանիտար, պաշտպանության և էներգետիկ ոլորտներում:

«ԱՄՆ-ի հետ մեզ կամրջող կարևորագույն գործոն է ամերիկահայությունը, որը հայկական սփյուռքի ամենածաղկուն և ամենամեծ համայնքներից է: Այս ամենի արդյունքում, մեր գնահատմամբ, երկկողմ գործընկերությունն այժմ գտնվում է պատմականորեն ամենաբարձր մակարդակի վրա», - ասել է նախագահը:

Սերժ Սարգսյանը նաև տեղեկացրել է, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հրավերով Վաշինգտոնում մասնակցելու է միջուկային գագաթնաժողովին:

«Հպարտությամբ եմ արձանագրում, որ անկախության անցած 25 տարիներին Հայաստանը արտաքին աշխարհի օգնությամբ ապրող երկրից վերածվել է աշխարհի խաղաղության գործում ներդրում ունեցող երկրի: Այսօր մեր խաղաղապահները Աֆղանստանում են, Կոսովոյում, Լիբանանում, Մալիում` որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ: Մենք դեռևս անցնելու ճանապարհ ունենք կայուն ժողովրդավարության հասնելու համար: Սակայն այս 25 տարվա ձեռքբերումներով մենք ամփոփում և փակում ենք մեր պատմության, այսպես ասած, «նորանկախ պետության» էջը և հավատով ենք մտնում «հասունության» փուլ», - ասել է նախագահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG