Մատչելիության հղումներ

Ռոբեր Գեդիգյանի «Խենթ պատմություն» ֆիլմը՝ COLCOA ֆրանսիական ֆիլմերի փառատոնում


Տեսարան Լոս Անջելեսից
Տեսարան Լոս Անջելեսից

«Գեդիգյանին հաջողվել է ներկայացնել մի ֆիլմ, որն օգտակար այբբենարան է հասկանալու Հայոց ցեղասպանության պատճառած տասնամյակների մորմոքը», - գրել է կինոքննադատ Էնդրյու Փալվերը։

COLCOA ֆրանսիական ֆիլմերի փառատոնը հաջորդ ամիս իր դռները կբացի՝ ներկայացնելով աննախադեպ քանակությամբ և թեմատիկ ընդգրկվածությամբ ֆիլմացանկ՝ փարիզյան ահաբեկչություններ, կանանց իրավունքներ, ռասայական խնդիրներ, Հայոց ցեղասպանություն:

2015 թվականին հեղինակավոր կինոռեժիսորների կողմից նկարահանված ֆիլմերը, որոնք ներառվել են Լոս Անջելեսում 20-րդ անգամ անցկացվող կինոփառատոնին, արծարծում են ժամանակակից աշխարհին հուզող քաղաքական, սոցիալական, հոգեբանական խնդիրներ։

Կազմակերպիչները շեշտում են, որ փառատոնի ֆիլմացանկը երբեք այդքան հարուստ և համարձակ չի եղել։

Միջազգային մամուլն, անդրադառնալով փառատոնին ներկայացված կինոնկարների ցանկին, առանձնացնում է ֆրանսիահայ կինոռեժիսոր Ռոբեր Գեդիգյանի վերջին՝ «Խենթ պատմություն» ֆիլմը։

2015 թվականին նկարահանված մարսելահայ հայտնի կինոռեժիսորի հերթական դրաման պատմում է հայազգի երիտասարդ Արամի մասին, ով Փարիզում պայթեցնում է Թուրքիայի դեսպանի ավտոմեքենան, որի հետևանքով ծանր վիրավորվում է ավտոմեքենայի կողքով անցնող երիտասարդ հեծանվորդը։ Արամը փախչում է Բեյրութ, միանում 80-ականներին գործող Արևմտյան Հայաստանի ազատագրման շարժմանը։

Գեդիգյանի այս ֆիլմը, ինչպես նկատում են կինոքննադատները, ժամանակագրական և տարածական մեծ ընդգրկում ունի։

Ֆիլմը սկսում է գերմանիայի մայրաքաղաքում Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի Թալեաթ փաշայի գնդակահարության տեսարանով։

Իրադարձությունների հետագա զարգացումները միահյուսում են հայերի պատմական անցյալն ու ներկան, 20-րդ դարասկիզբն ու 80-ականները, Եվրոպան, Հայաստանն ու Մերձավոր Արևելքը:

«Գեդիգյանին հաջողվել է ներկայացնել մի ֆիլմ, որն օգտակար «այբբենարան» է հասկանալու Հայոց ցեղասպանության պատճառած տասնամյակների մորմոքը, 70-ականների ահաբեկչության քաղաքականությունը», - The Gardian թերթում գրում է կինոքննադատ Էնդրյու Փալվերը։

«Ֆիլմի ցուցադրությունը Լոս Անջելեսի համար ցնցող իրադարձություն է լինելու։ Այդ քաղաքում բնակվում է ավելի քան 200 հազար հայ, ովքեր կենտրոնացած են հատկապես Գլենդեյլում, որտեղ բնակչության մեկ երրորդն են կազմում», - գրում է France-Presse գործակալությունը։

Լրատվամիջոցը նկատում է, որ ֆիլմը ցուցադրվելու է օսմանյան ուժերի կողմից մեկուկես միլիոն հայերի կոտորածի 101-րդ տարելիցի շեմին, որն անցյալ տարի Հոլիվուդում նշվել է շուրջ հիսուն հազարանոց բողոքի երթով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG