Մատչելիության հղումներ

Հրազդանում մեկնարկեց նախընտրական քարոզարշավը


Հրազդանում այսօր պաշտոնապես մեկնարկեց քաղաքապետի ընտրության քարոզարշավը։ Երեք թեկնածուների` նույն փողոցի վրա գտնվող գլխավոր գրասենյակներից առաջինը բացվեց ընդդիմադիր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Սասուն Միքայելյանի շտաբը:

Ներկա էին հրազդանցիներ, այլ քաղաքներից ժամանած ազատամարտիկներ, շտաբի ղեկավար, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

«Ես ձեզ հավատացնում եմ` դուք իմ հետ ճամփա եք անցել, որ մենք երբեք ժողովրդին հուսախաբ չենք անի», - խոստացավ Սասուն Միքայելյանը:

Փաշինյանը Միքայելյանին Երևանից նվեր էր բերել՝ ռետինե ճտքակոշիկներ։

«Այս ընթացքում ես արձանագրեցի, որ մենք առանց այս սապոգների չենք կարողանա քարոզարշավ անել: Մենք խնդիր ենք դրել մտնել ամեն բակ, ամեն թաղ, ամեն փողոց, իսկ Հրազդանի փողոցների մեծ մասում, մանավանդ` տեղումնային այս եղանակին, անհնար է առանց այս գործիքների տեղաշարժվել: Սա հանրապետական Արամ Դանիելյանի 14-ամյա գործունեության գնահատականն է քաղաքապետի պաշտոնում», - մեկնաբանեց պատգամավորը:

Մինչ բակային այցելությունների մեկնարկը, արդեն պատրաստ են Միքայելյանի բուկլտները: Քաղաքապետի թեկնածուն խոստանում է նորոգել մանկապարտեզները, վերագործարկել չաշխատող վերելակները, հիմնել զբոսայգիներ, պուրակներ, կազմակերպել ծառատունկ ու շաբաթօրյակներ։

«Մոռանում եք` Հրազդան քաղաք եք ասում: Մի մոռացեք, սա Հրազդան քաղաք չէ, սա Կոտայքի մարզկենտրոնն է նաև: Եվ այս վիճակում մարզկենտրո՞ն… չի կարելի», - հայտարարեց թեկնածուն:

Արդեն ժամը 16-ին բացվեց նաև Հանրապետական թեկնածու և գործող քաղաքապետ Արամ Դանիելյանի շտաբը։ Ավելի քան 13 տարվա քաղաքապետին սատարելու էին եկել Կոտայքի անկուսակցական մարզպետ Կարապետ Գուլոյանը, ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ, նախկին բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, փոխմարզպետ, հանրապետական Կարեն Մարգարյանը, ով Դանիելյանի շտաբի ղեկավարն է։

«Ամենայն պատասխանատվությամբ մեր ժողովրդին ներկայանում ենք մեր կատարածով, և Հրազդանում առկա հիմնախնդիրների լուծման մեր բանալիով: Բոլորիս համար առավել քան ակնհայտ է, որ 2002-2016 թվականներին քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Արամ Դանիելյանը այս քաղաքում կատարել է հսկայածավալ աշխատանք», - իր ելույթում ասաց Մարգարյանը:

Քաղաքապետի թեկնածու Դանիելյանը վստահեցրեց, որ իրենից ու իր թիմից ավելի լավ ոչ ոք չգիտի քաղաքի խնդիրները, հետևաբար հենց իրենք կկարողանան գտնել դրանց լավագույն լուծումները։

«Շուրջ 4 անգամ ես ստացել եմ հրազդանցիքի վստահությունը, և ակնկալում եմ հինգերորդ անգամ, որպեսզի միասին կառուցենք մեր քաղաքը», - իր ելույթում ասաց Դանիելյանը:

Հանրապետական թեկնածուն իր նախընտրական ծրագրում խոստանում է նորոգել բազմաբնակարան շենքերի տանիքները, ամբողջապես ասֆալտապատել կենտրոնական և երկրորդական ճանապարհները։ Վստահեցնում է` «Հրազդանի սոցիալապես անապահով խավը իր թիկունքում կզգա քաղաքային իշխանության տաք շնչառությունն ու աջակցությունը»։

«Էս տարիների ընթացքում հիմնախնդիրները ամբողջությամբ լուծվել ա, դրա վրա պետք ա կառուցենք արդեն մեր քաղաքի բոլոր թաղամասերի` իրան բնականոն, իրան յուրահատուկ` տվյալ թաղամասի կառուցապատման բոլոր աշխատանքը», - խոստացավ թեկնածուն:

Կոտայքի մարզպետ Գուլոյանը, չթաքցնելով, որ սատարում է Դանիելյանին, նշեց, որ պաշտոնապես արձակուրդում է. - «Քանի որ ես արձակուրդում եմ` լիովին կարող եմ մասնակցել այս միջոցառմանը, ավելին` խոսել ձեզ հետ: Վստահեցնում եմ, որ մենք ապրիլի 18-ից հետո Կոտայքի մարզկենտրոն Հրազդանում իրականացնելու ենք բազմաթիվ ծրագրեր և անելու ենք ամեն ինչ, որ Հրազդանը զարգանա: Ուրեմն բարի սկիզբ մեր գործին: Շնորհավորում ենք մեր շտաբի բացումը և ապրիլի 18-ին տոնենք մեր հաղթանակը»:

Հրազդանի քաղաքապետի 3-րդ թեկնածուն նախկին «Օրինաց երկրի»՝ այժմ վերակազմավորված «Հայկական վերածննդի» կողմից առաջադրված Արթուր Միսակյանն է։ Նա ասաց, որ որպես հրազդանցի, եթե գոհ լիներ գործող քաղաքապետի աշխատանքից` չէր առաջադրվի։

«Ես մտահոգ եմ բոլոր այն խնդիրների լուծմամբ, որոնք առկա են մեր քաղաքում: Եվ ես ուզում եմ իսկապես հաղթել և հնարավորություն ունենալ այլ խնդիրները լուծել: Ես ուզում եմ, որ մեր երեխաները հնարավորություն ունենան` մեծանալ բարեկարգ ու զարգացած քաղաքում, ավելի լուսավոր ու ծաղկուն քաղաքում», - նշեց թեկնածուն:

XS
SM
MD
LG