Մատչելիության հղումներ

ԱՄՆ ժամանող Էրդողանին դիմավորողների թվում ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներ չեն եղել


Թուրքիայի նախագահին դիմավորել են արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն և Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան Սերդար Քըլըչը:

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով այսօր Միացյալ Նահանգներում է: Այցի շրջանակներում Էրդողանը Վաշինգտոնում կմասնակցի Միջուկային անվտանգության գագաթաժողովին, ինչպես նաև Մերիլենդ նահանգում մզկիթի և Թուրք-ամերիկյան մշակույթային կենտրոնի բացման արարողությանը:

Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները Էրդողանին առանց ուշադրության են թողել: Փոխարենը Թուրքիայի նախագահին ողջունելու են եկել մեծ թվով հայրենակիցներ՝ թուրքական դրոշներով ու ողջույնի պաստառներով: Հյուրանոցի մուտքի մոտ հավաքված ամբոխը նրան բարի գալուտ է մաղթել և շնորհակալություն հայտնել սիրիացի փախստականներին ցուցաբերած աջակցության համար:

Ուշագրավ է, որ Էրդողանի ԱՄՆ կատարած այցի օրերին սոցիալական մեդիայում, մասնավորապես Թվիթերում, մեծ տարածում է գտել «մենք սիրում ենք Էրդողանին» անգլերեն հաշթեգը: Մի շարք բարձրաստիճան թուրք պաշտոնյաներ, այդ թվում «Արդարություն և զարգացում» կուսակցության հայազգի պատգամավոր Մարգար Եսայանը, այս հաշթեգը օգտագործել են իրենց գրառումներում՝ այսպիսով աջակցություն հայտնելով Թուրքիայի նախագահին:

Էրդողանի ամերիկյան այցի շուրջ ամենաքննարկվող թեման, սակայն, նախագահ Բարաք Օբամայի հետ նրա հանդիպել-չհանդիպելու հարցն է դարձել:

Ամերիկյան Wall Street Journal պարբերականի հաղորդմամբ, Օբաման առանձին հանդիպում չի ունենալու Էրդողանի հետ: ԱՄՆ նախագահը նաև մերժել է Մերիլենդ նահանգում մզկիթի բացման արարողությանը մասնակցելու առաջարկը։

Օբամայի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների խոսքով, Էրդողանի հետ չհանդիպելու որոշումը չի նշանակում, որ նա չի կարևորում իր թուրք գործընկերոջը: Նրանք ընդգծել են, որ երկու նախագահները վերջին անգամ հանդիպել են անցած նոյեմբերին Անթալիայում կայացած «Մեծ քսանյակի» գագաթաժողովի ժամանակ, ինչպես նաև հեռախոսազրույց ունեցել անցած ամիս:

Էրդողանը, մինչդեռ, երեկ հայտարարել է, որ նախագահ Օբամայի հետ երկկողմ հանդիպում, այնուամենայնիվ, նախատեսվում է: Առայժմ, սակայն, հստակ չէ, թե արդյոք կկայանա Էրդողան - Օբամա հանդիպումը:

XS
SM
MD
LG