Մատչելիության հղումներ

Չնայած բոլոր ատյանների վճիռներին, երեխային մորը չեն հանձնում


Դառնորեն արտասվող այս կինը պահանջում է կատարել օրենքի պահանջն ու իրեն վերադարձնել փոքրիկին

Դառնորեն արտասվող այս կինը պահանջում է կատարել օրենքի պահանջն ու իրեն վերադարձնել փոքրիկին

Դատարանի որոշումներն ի կատար չի ածում նաև ԴԱՀԿԾ-ն, փոխարենը զբաղվելով «բարոյախրատական ճառեր հնչեցնելով»:

Գրեթե մեկ տարի է Արմինե Ավոյանը չի կարողանում վերադարձնել 5 տարեկան որդուն՝ Արմանին: Չնայած ամուսնալուծությունից հետո հայաստանյան դատական բոլոր ատյանները վճռել են, որ փոքրիկի դաստիարակությամբ և խնամքով պետք է զբաղվի մայրը, երեխան այժմ հոր հետ է ապրում:

«Ես բոլոր միջոցներին դիմում եմ և խնդրում եմ՝ ինձ աջակից լինեն և իմ երեխային հանձնեն ինձ: Չէ՞ որ ես այլ բան չեմ ասում, օրենքով վճիռ կա կայացված, ես ոչ մի բան չեմ ուզում, իմ երեխային եմ ուզում, ես մայր եմ, ես էլ չեմ կարող»,- արտասվելով պատմում է Արմինեն:

Նրա խոսքով, նախկին սկեսրայրը տեսակցություններից մեկի ժամանակ գողացել է երեխային: Դրանից հետո փոքրիկին վերադարձնելու բոլոր փորձերը ձախողվել են, իրեն ուղղված սպառնալիքներն էլ՝ թեժացել: Բանը հասել է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը, սակայն, այստեղ էլ չեն շտապում ի կատար ածել դատական բոլոր ատյանների կայացրած որոշումներն ու երեխային վերադարձնել օրինական խնամակալին: «Էստեղ անարխիա է տիրում»,- ասում է հուսահատ մայրը:

ԴԱՀԿ ծառայության աշխատակիցն Արմինեին բացատրել է, թե վերադարձը կարող է տեղի ունենալ երեխայի ցանկության դեպքում, «լացուկոծով երեխային հոր տանից չեն հանի»: Սակայն, չորս տարի երեխային խնամած մայրը վստահ է՝ փոքրիկը հոր, պապի և տատի կողմից գործադրվող հոգեբանական ուժեղ ճնշման տակ է և վախենում է նրանցից, ԴԱՀԿ ծառայությունն էլ պարզապես աչք է փակում այդ հանգամանքի վրա:

«Հենց մեքենայից իջա, իմ տղան մեքենայից ինձ փուչիկներով․․․ ձեռքով արեց, մեռնեմ ջանին, մտել եմ ներս, հիմա էդ երեխուն ոնց որ զոմբիացնեն․․․ բայց ես տեսնում եմ, երեխան ինձ ուզում ա, ո՞նց կարելի է երեխային էդ վիճակի մեջ դնել․․․ »:

Սա մոր և որդու միակ քիչ թե շատ նորմալ շփումն է եղել վերջին 9 ամիսների ընթացքում: Հետո դուռը պարզապես չեն բացել Արմինեի առջև: Գործին քաջածանոթ՝ ԴԱՀԿԾ ալիմենտի բռնագանձման բաժնի հոգեբան-փորձագետ Մարիամ Մեհրաբյանն ընդունում է՝ երեխան հոգեպես սարսափելի վիճակում է, մեղավորը հայրն ու իր ընտանիքն են: Հարկադիր կատարողները ևս անընդունելի են համարում մոր հետ շփումների սահմանափակումը, սակայն, գործուն քայլեր չեն ձեռնարկում:

«Երեխան իր չէ, չի կարելի քաշքշել, չի կարելի բռնի ուժով վերցնել և ․․․փաստորեն, մենք չենք կարող երեխային հոր գրկից պոկել, խնդիրն այն է, որ ոչ թե մեր ձեռքերն են կապված, այլ երեխայի գերակա շահը թույլ չի տալիս բռնի ուժ գործադրել մեր կողմից»,- պարզաբանում էԴԱՀԿԾ փորձագետը:

Անհիմն համարելով ԴԱՀԿ ծառայության այս մոտեցումը՝ նման գործերի փորձառություն ունեցող իրավաբան Նոնա Գալստյանը տարակուսում է՝ ինչու՞ է ԴԱՀԿԾ -ն իր վրա հոգեբանի գործառույթ վերցրել, երբ դատաքննության ընթացքում սոցիալական աշխատողներն ու հոգեբաններն արդեն իսկ պարզել են, թե ծնողներից ում մոտ երեխան իրեն ավելի լավ կզգա: Իրավաբանը կարծում է՝ այս դեպքում կառույցը պարզապես կամայական որոշում է կայացրել: «Մենք կարող ենք նույն՝ դատական ճանապարհով դատի տալ նաև ԴԱՀԿԾ-ին, բայց ո՞վ մեզ երաշխիք կտա, որ կրկին անցնելով դատական ատյաններով ու վճիռներ ունենալով, այդ դատական ակտերը կկատարվեն»,- հարց է հնչեցնում նա:

ԴԱՀԿԾ-ում հույս ունեն, որ հայրը կգիտակցի իր սխալն ու կփոխի վերաբերմունքը: Չեն բացառում, որ հակառակ դեպքում նա քրեական պատասխանատվության ենթարկվի ու ազատազրկվի: Իրավաբան Գալստյանը, մինչդեռ, ընտանեկան այս վեճի հանգուցալուծումը բացառապես Եվրադարանում է տեսնում: Նա այս պահին 6 նմանատիպ գործով է զբաղվում, 6-ն էլ ԴԱՀԿԾ հասնելով, փակուղի են մտել: Սեփական փորձից գիտի՝ մինչ այդ կառույցը զզբաղված է «բարոյախրատությամբ ու դաստիարակելով», տուժում են երեխաները, հուսալքվում՝ օրինական խնամակալները: Դատարանների որոշումներն էլ անկատար են մնում:

XS
SM
MD
LG