Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. Հայաստանում տարեկան պատրաստվում է ՏՏ ոլորտի 2 հազար մասնագետ


Լուսանկարը՝ նախագահականի լրատվականի

Լուսանկարը՝ նախագահականի լրատվականի

Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 29-ին ելույթ է ունեցել Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտում` «Կրթությունը և մարդկային կապիտալը. կայուն զարգացման ուղի» թեմայով։

Նախագահն իր ելույթում մասնավորապես նշել է, որ ինստիտուտն իր գոյության 155 տարիների ընթացքում ոչ միայն դիմակայել ու հարմարվել է հարափոփոխ զարգացումներին, այլև վերածվել դրանք ուղղորդող առաջամարտիկի։

Սերժ Սարգսյանի խոսքով, Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտի մեդիա լաբորատորիաների հետ հայաստանյան գործընկերների համագործակցությունը էապես հարստացրել է Հայաստանի կրթությունը նորարարական գաղափարներով և ծրագրերով:

«Ես երազում եմ այն Հայաստանի մասին, որտեղ ուժեղ և կայացած անհատները ջանք ու եռանդ չեն խնայում պետական և հասարակական կայուն հաստատություններ ստեղծելու համար: Իսկ դա իրականություն է դառնալու միայն այն պարագայում, երբ նրանք համոզվեն, որ այդ հաստատություններն իրենցից յուրաքանչյուրի սեփականությունն են: Իմ այս պատկերացումը գաղտնիք չէ որևէ մեկի համար: Ավելին, այն իրականություն դարձնելու համար հետևողական աշխատանք ենք կատարում Հայաստանում», - ասել է նախագահը։

Սերժ Սարգսյանի փոխանցմամբ, Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում տարեկան պատրաստվում է տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի 2 հազար մասնագետ: «Մարդկային ներուժի շնորհիվ է, որ այսօր փոքր Հայաստանը դիրքավորվել է աշխարհի տեղեկատվական տեխնոլոգիաների քարտեզի վրա: Այսօր հայ մասնագետների կողմից մշակված լուծումները լայնորեն օգտագործվում են աշխարհի տարբեր երկրներում», - ասել է նախագահը:

Սերժ Սարգսյանը նաև տեղեկացրել է, որ Քեմբրիջի համալսարանի և Լոնդոնի համալսարանական քոլեջի կրթության ինստիտուտի հետ իրականացվում է Կրթության գերազանցության ազգային ծրագիրը, որի նպատակն է բոլոր հայ դպրոցականներին հասանելի դարձնել առաջատար կրթությունը: Ծրագրի շրջանակում վերապատրաստվելու և պատրաստվելու են հազարավոր ուսուցիչներ: Ծրագիրն իրականացվելու է «Արարատյան բակալավրիատ» նոր կրթական հարթակով: Ըստ նախագահի, դա միջազգային չափանիշներ պարունակող հայալեզու համակարգ է, որը լավագույնս արտացոլում է համաշխարհային կրթության ձեռքբերումները և հայ դպրության հարուստ ավանդույթները` հիմնվածազգային արժեքների վրա:

«Մրցունակ նոր սերունդ պատրաստելուն օժանդակելու նպատակով մենք ստեղծել ենք ոչ պետական «Լույս» հիմնադրամը, որը կրթաթոշակներ է տրամադրում աշխարհի առաջատար բուհեր ընդունված հայ երիտասարդներին: Անշուշտ, առկա էր մտավախություն, որ կարող ենք կորցնել մեր մարդկային ռեսուրսը, սակայն ինչպես մի առիթով ինձ ասել է Սինգապուրի երջանկահիշատակ վարչապետ Լի Քուան Յուն՝ նույնիսկ եթե մեր հայրենակիցները սովորելուց հետո չվերադառնան հայրենիք, միևնույն է, նրանք մեր հարստությունն են դրսում, նրանց շնորհիվ աշխարհը ճանաչում է մեզ, նրանք տարբեր ձևերով աջակցում են ինչպես հյուրընկալ պետության, այնպես էլ սեփական հայրենիքի զարգացմանը», - ասել է նախագահը:

Սերժ Սարգսյանի համոզմամբ, «Լույսի» շրջանավարտների բացարձակ մեծամասնությունն ուսումն ավարտելով հայրենիք է վերադառնում և ներգրավվում Հայաստանի զարգացման գործում:

«Ընդհանրապես, «Լույս» հիմնադրամը ստեղծելու, աշխարհի առաջնակարգ բուհեր ընդունված մեր երիտասարդների ուսումը ֆինանսավորելու գաղափարը մշակելիս մենք մեկ նպատակ էինք հետապնդում՝ տուն բերել այն ամբողջ առաջավորն ու նորը, որ անընդհատ ստեղծվում է աշխարհում, որ ուսումնասիրվում ու մշակվում է աշխարհի առաջատար գիտական կենտրոններում: Տուն ասելով ես նկատի ունեմ նաև ձեզնից յուրաքանչյուրին, հայություն ու Հայաստան կոչվող մեր մեծ ընտանիքին: Իմ կարծիքով, աշխարհի առաջատար բուհերում լավագույն կրթություն ստացած՝ «Լույսի» յուրաքանչյուր շրջանավարտ իր կյանքում պարտավոր է երեք բան անել՝ բնակարան ունենալ Հայաստանում, աշխատել կամ ներգրավված լինել իր մասնագիտությամբ որևէ հայաստանյան նախաձեռնության մեջ և ամբողջ կյանքում լինել Հայաստանի ու հայոց լեզվի խորհրդանշական դեսպան ամեն տեղ», - ասել է նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG