Մատչելիության հղումներ

Նալբանդյանը վստահեցնում է, որ Հայաստանը շարունակելու է հոգ տանել երկրում ապաստանած սիրիահայերի մասին


Լուսանկարը՝ Հայաստանի արտգործնախարարության
Լուսանկարը՝ Հայաստանի արտգործնախարարության

‪Հայաստանի արտգործնախարար Էդվարդ ‪‎Նալբանդյանն այսօր Ժնևում մասնակցել է Սիրիայից փախստականների հարցերին նվիրված բարձր մակարդակի հանդիպմանը։

Հայաստանի արտգործնախարարությունը փոխանցում է, որ հանդիպմանը ներկա էին շուրջ հինգ տասնյակ երկրների նախարարներ, բարձրաստիճան պատվիրակություններ և բազմաթիվ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ։

«Տարիներ շարունակ Սիրիայում շարունակվող քայքայիչ պատերազմի հետևանքով հարյուր հազարավոր սիրիացիներ ապաստան են փնտրում ողջ տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս: Հայաստանն առաջիններից մեկն էր, որ խստորեն դատապարտեց «ԴԱԻՇ»-ի, Ալ-Նուսրայի և այլ ահաբեկչական խմբավորումների կողմից Սիրիայի էթնիկ և կրոնական փոքրամասնությունների, այդ թվում՝ հայերի և նրանց մշակութային ու կրոնական ժառանգության դեմ բարբարոսությունները։ Վերոհիշյալ փոքրամասնությունները դարեր շարունակ այդ տարածաշրջանի բազմամշակութային, բազմազգ խճանկարի մաս են կազմել։ Նախորդ տարի այստեղ՝ Մարդու իրավունքների խորհրդում, Հայաստանն այդ գործողությունները բնորոշեց որպես «քաղաքակրթության դեմ հանցագործություններ», - իր ելույթում ասել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

«Այսօր Սիրիայից շուրջ 20 հազար փախստականներ ապաստան են գտել Հայաստանում՝ մեր երկիրը դարձնելով բնակչության թվի հարաբերակցությամբ սիրիացի փախստականներ ընդունած երրորդ պետությունը Եվրոպայում: Սա զգալի թիվ է ընդամենը 3 միլիոն բնակչություն ունեցող երկրի համար, որը ոչ վաղ անցյալում արդեն հարյուր հազարավոր փախստականների էր ընդունել Ադրբեջանից: Հիրավի, մենք լավ գիտենք, թե ինչ է նշանակում լինել փախստական և ապաստան տալ մեծ թվով տեղահանվածների, և, անշուշտ, այս քննարկմանը մասնակցում ենք համերաշխության և պատասխանատվության բարձր զգացումով», - շարունակել է նախարարը:

Այնուհետև Նալբանդյանը վստահեցրել է, որ Հայաստանը շարունակելու է անել առավելագույնը` հոգ տանելու Հայաստանում ապաստան գտած սիրիացիների մասին. - «Մենք կողջունենք Հայաստանին օժանդակության տրամադրումը` Սիրիայից գաղթած փախստականների առաջնահերթ հումանիտար կարիքները հոգալու և մեր երկրում նրանց ինտեգրմանը աջակցելու նպատակով: Դրա համար Հայաստանի կառավարությունն իրականացրել է համապատասխան օրենսդրական փոփոխություններ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG