Մատչելիության հղումներ

logo-print

ԱԱԾ. Նորք-Մարաշում հայտնաբերված զինված խումբը քննարկել է նախագահի ինքնաթիռը պայթեցնելու հարցը


Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանն այսօր հրավիրած ասուլիսում, ի պատասխան «Ազատության» հարցի հաստատեց մամուլում շրջանառվող այն տեղեկությունը, համաձայն որի անցած տարվա նոյեմբերին Նորք-Մարաշում հայտնաբերված զինված խումբը քննարկել է նախագահ Սերժ Սարգսյանի ինքնաթիռը պայթեցնելու հարցը:

«Իրոք նման միտք շրջանառվել է խմբի կազմում և դրա հետ կապված նույնիսկ կատարվել են որոշակի գործողություններ խմբի անդամների կողմից: Խոսքը գնում է դեկտեմբերի 1-ն նախագահը ինքնաթիռը, Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման մեկնելիս, նման գործողություն կատարելու հավանականության մասին: Ընդ որում, քննարկվել է կոնկրետ տեղը, թե որտեղից է դա հնարավոր իրականացնել՝ իհարկե «Զվարթնոց» օդանավակայանին հարող տարածքների մասին է», - նշեց Համբարձումյանը: - «Մենք այդ տարածքը ուսումնասիրել ենք, կարող եմ ասել, որ դա ֆիզիկապես հնարավոր էր իրականացնել, քանի որ վայրէջք կատարելիս թռչելիս ինքնաթիռը բավականին ցածր բարձրության վրա է գտնվում և հասանելի է: Սակայն, դրա հետ մեկտեղ, կրկնում եմ՝ Արթուր Վարդանյանի կողմից այդ առումով որոշում կայացված չի եղել, և դա ընդամենը գտնվել է քննարկման փուլում», - հավելեց նա:

Թեև խումբը, ըստ ԱԱԾ-ի, քննարկել է նախագահի ինքնաթիռը խոցելու հարցը, սակայն Միքայել Համբարձումյանը վստահեցնում է՝ Սերժ Սարգսյանը թիրախում չի եղել:

Նշենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը այսօր որոշ մանրամասներ ներկայացրեց մոտ 5 ամիս շարունակվող նախաքննության վերաբերյալ: Մասնավորապես, ըստ ԱԱԾ-ի, Արթուր Վարդանյանի գլխավորած խումբը ծրագրել էր բռնությամբ զինված հեղաշրջում իրականացնել՝ թիրախավորելով նախագահի նստավայրը, Ազգային ժողովը, Կառավարության և Սահմանադրական դատարանի շենքերը, ինչպես նաև Հանրային հեռուստաընկերությունը: Այդ նպատակով խմբի անդամները ընդհանուր առմամբ տեղեկություններ են հավաքել քաղաքական գործունեություն ծավալող 147 անձանց, այդ թվում՝ Ազգային ժողովի բոլոր պատգամավորների վերաբերյալ․ կենսագրական տվյալներ, ընտանիքի անդամների վերաբերյալ տեղեկություններ: Google-ի միջոցով առանձնացվել են կոնկրետ անձանց բնակության վայրերը: Անմասն չեն մնացել նաև Հայաստանի նախկին նախագահները. - «Խումբը տեսագրել է Հայաստանի Հանրապետության առաջին նախագահի առանձնատունը, դրա մատույցները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահի գործունեության վայրի հետ կապված ուսումնասիրություններ են իրականացրել»:

Ինչ վերաբերում է գործող նախագահ Սերժ Սարգսյանին, ապա խումբը, ըստ ԱԱԾ տվյալների, փորձել է վերահսկել նախագահի անվտանգության ծառայողների աշխատանքի կազմակերպումը: Ավելին՝ Արթուր Վարդանյանին հաջողվել է գաղտնի նկարահանել Սերժ Սարգսյանի այցերից մեկը:

«Սեպտեմբերի 24-ին Գյումրիում տեղի ունեցած Հայ Կաթողիկե եկեղեցու բացման ժամանակ ներկա են գտնվել այդ արարողությանը և գաղտնի տեսանկարահանել են գործող նախագահի ժամանման, այնտեղ գտնվելու պահերը: Արթուր Վարդանյանը, ներկա գտնվելով այդ միջոցառման ժամանակ, կրել է եկեղեցական երգչախմբի մասնակցի հագուստ, մեր գնահատմամբ՝ չնկատվելու նպատակով, և հենց այդ վերևի հատվածից էլ տեսանկարահանումը իրականացվել է», - պարզաբանեց ԱԱԾ ներկայացուցիչը:

Պատասխանելով «Ազատության» հարցին, թե արդյո՞ք հաջողվել է պարզել, թե ով է ֆինանսավորել խումբը, Միքայել Համբարձումյանն ասաց, թե իրենց հայտնի է և՛ անձը, և՛ գումարների ծագման աղբյուրը:

«Ֆինանսավորողը մեզ հայտնի է, ֆինանսավորողը քրեական գործով մեղադրվում է դրա համար: Խումբը ֆինանսավորվել է մոտ 65,000 ԱՄՆ դոլարով», - ասաց ԱԱԾ քննչական ծառայության պետի տեղակալը: - «Մեղադրյալը բնակվում է Հայաստանի Հանրապետությունում և գործունեություն է ծավալում: Այս պահին ավելի տեղեկություններ չեմ ցանկանում հայտնել», - հավելեց Համբարձումյանը:

Նշենք, որ ԱԱԾ-ն հրաժարվում է հրապարակել խումբը ֆինանսավորած անձի անունը, ամեն դեպքում նշում է, որ նա կալանավորված չէ և ոչ էլ հետախուզման մեջ է: Միքայել Համբարձումյանը հրաժարվեց բացատրել, թե ինչու, ընդամենը նշելով, որ նրան մեղադրանք է առաջադրվել:

Ընդհանուր առմամբ այս գործով մեղադրվում է 33 անձ, 25-ը` կալանավորված են:

ԱԱԾ-ն հերքում է լուրերը, թե խմբի անդամներին աջակցել են նաև իշխանության որոշ ներկայացուցիչներ: Ինչ վերաբերում է գործով կալանավորված պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանին, ապա, Համբարձումյանի պնդմամբ, նա տեղեկացված է եղել խմբի ծրագրերի և նպատակների մասին: Ազգային անվտանգության քննչական պետի տեղակալն այսօր հրապարակեց խուզարկությամբ հայտնաբերված զենք-զինամթերքի, այդ թվում` ոստիկանական հանդերձանքի լուսանկարներ, որոնք խումբը պետք է օգտագործեր պլանավորված գործողությունների ընթացքում: Խուզարկության ընթացքում հայտնաբերվել է նաև Երևանի քարտեզ, որտեղ նշվել են այն թիրախները, որոնց վրա նախատեսված են եղել զինված հարձակումներ: Նախաքննական մարմնին հաջողվել է նաև ձեռք բերել Արթուր Վարդանյանի տեսագրված ուղերձը:

«Տեսագրության ընթացքում Արթուր Վարդանյանը ուղերձով դիմում է երկրի բնակչությանը` իբր արդեն զինված հեղաշրջում իրականացնելուց հետո ներկայացնելով իր ծրագրերը և կատարվածի մեկնաբանություններ տալով: Այս ուղերձը նախատեսվում էր եթեր արձակել Հ1-ը գրավելուց հետո: Ուղերձի հենց սկզբում Արթուր Վարդանյանը հայտարարում է, որ իրենք զենք գործածելով իրականացրեցին իրենց մտահաղացումը` իր խմբի և մի խումբ ազատամարտիկների հետ միասին», - պատմեց Միքայել Համբարձումյանը:

Հավելենք, որ գործով նախաքննությունը դեռ շարունակում է և ըստ ԱԱԾ-ի, այն, ամենայն հավանականությամբ, կավարտվի 2-3 ամսից:

XS
SM
MD
LG