Մատչելիության հղումներ

Հերթական նորակառույցի համար վերացնում են ընտանիքի ապրուստի միակ միջոցը


«Շարքային քաղաքացին այս անօրինականությունների դեմ անզոր է»,- ասում է հուսահատ կինը
«Շարքային քաղաքացին այս անօրինականությունների դեմ անզոր է»,- ասում է հուսահատ կինը

Փաստաբանի պնդմամբ, դատարանի համար Կադաստրի և քաղաքապետարանի որոշումները «սեփականության հիմք չեն»:

Որպեսզի Երևանի կենտրոնում վեր խոյանա հերթական նորակառույցը, դատարանի վճռով կքանդվի Զաքարյանների 7 հոգանոց ընտանիքի ապրուստի միակ միջոցը՝ ավտոլվացման և նորոգման կետը:

Ընտանիքի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով, 10 տարուց ավելի օրինական գործունեություն ծավալած այս բիզնեսը մեկ օրում հողին կհավասարեցվի, քանի որ կառուցապատողը որոշել է սեփականատիրոջը փոխհատուցում վճարելու փոխարեն դիմել դատարան, որն էլ, ըստ փաստաբանի՝ անտեսելով սեփականության իրավունքը, բավարարել է ոստիկանության նախկին գնդապետի հայցապահանջը:

«Կա այնտեղ վկայակոչված քաղաքապետարանի որոշում, որով օրինականացվել է այդ կառույցը, այնուհետև մենք ստացել ենք փաստաթուղթ Կադաստրից: Դատավորը մեկ հարց է տվել ՝ այլ ապացույց ունե՞ք, ասել եմ՝ այլ մարմին չկա այս պետությունում, որից ձեռք բերեմ ապացույցներ: Սակայն, վճռի հիմքում դրվել է, որ ես չեմ ներկայացրել բավարար ապացույցներ: Սա նման է Չիպոլինո հայտնի մուլտին՝ կապ չունի՝ ինչ է կատարվում, կապ ունի՝ մենք ուզում ենք այսպես: Փոխանակ վճարեն Արարատ Զաքարյանին և ձեռք բերեն իր ավտոտնակը, իրենք որոշեցին դատարանի միջոցով դա ճանաչել որպես անօրինական կառույց, որի իրավունքը դատավորը չունի, և որոշեցին քանդել, անկախ որևէ պայմանից»,- պատմում է Նիկոլայ Բաղադասարյանը:

70-ամյա Յուլիա Զաքարյանն ասում է, որ ավտոլվացման ու նորոգման այս կետը նախկինում իրենց ավտոտնակն է եղել: Ետնամասում գտնվող սեփական տնից էլ, նրա պնդմամբ, դարձյալ Ղալումյանի (կառուցապատողի) մեղքով են վտարվել: 2 տարի առաջ պայմանագիր են կնքել նախկին կառուցապատողի հետ՝ պայմանով, որ առանց փոխհատուցման կզիջեն տունը տեղում կառուցվող բազմահարկում բնակարան ստանալու դիմաց: Հետագայում, սակայն, կառուցապատողը փոխվել է, իսկ իրավահաջորդ Ղալումյանը, տիկին Յուլիայի խոսքով, ձեռքի տակ ունենալով Զաքարյանների գրավոր համաձայնությունը՝ դատարանի վճռով ստացել է նրանց տունը: 70-ամյա կինն այժմ վարձով է ապրում, ասում է` տունը կորցնելուց հետո այժմ էլ չի կարող հանգիստ հետևել, թե ինչպես են հողին հավասարեցնելու ընտանիքի ապրուստի միակ միջոցը:

«Սա տանելու բան չի, ես չգիտեմ ինչ անեմ: Գնամ շատերի նման կանգնեմ կառավարության շենքի դիմաց, լաց լինեմ, կամ վառեմ ինձ, որ նոր հասկանան, որ մարդկան վնա՞ս են տվել: Հասցրել են ծայրահեղ աստիճանի, դուք հասկանու՞մ եք»,- ասում է հուսահատ կինը:

Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը դատարանի վճիռն անօրինական է համարում: Ընտանիքն արդեն սպառել է բոլոր ներպետական դատական ատյանները: Եվրոպական դատարան դիմելն էլ, ըստ փաստաբանի, տարիներ կտևի: Մինչդեռ, իրենք այսօր են ուզում փրկել քաղաքի կենտրոնում գործող այդ փոքրիկ բիզնեսը: Բայց, «օրինական ոչ մի զենք» այլևս չունեն:

«Որպես փաստաբան, պետք է ստեղ մի հատ լեժանկա դնեմ, գիշերը քնեմ, որ թույլ չտամ: Ուրիշ բան չկա, չագուչը ձեռս վերցնեմ, ով գա՝ խփեմ, ուրիշ լուծում չկա, որովհետև այս գործով իրավական գործընթաց չկա։ Սա ուղղակի ուժի, կամայականության արդյունք է»,- շարունակում է փաստաբանը:

Յուլիա Զաքարյանը սրտնեղում է՝ բիզնեսից զրկվելուց հետո արվեստագետ որդիներն արտագաղթելու են: «Սովորական, շարքային քաղաքացին այս անօրինականությունների դեմ ոչինչ անել չի կարող»,- ասաց տիկին Յուլիան և հենց տեսախցիկի առջև կորցրեց գիտակցությունը:

Կառուցապատող Ղևոնդ Ղալումյանը թեև խոստացավ հանդիպել ու պատասխանել «Ազատության» հարցերին, սակայն, 2 օր անընդմեջ անպատասխան թողեց մեր հեռախոսազանգերը: Ոստիկանության նախկին գնդապետ Ղալումյանի անունն, ի դեպ, շոշափվել է երկու քրեական գործերում՝ որոնցից մեկն առնչվում էր քաղաքի կենտրոնում բնակարան գնած և խաբված մի բնակչի, մյուսը՝ սփյուռքահայ գործարարի ընկերության թալանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG