Մատչելիության հղումներ

Ռուսաստանում Հայաստանի դեսպանության ներկայացուցիչները կտեսակցեն Հրաչյա Հարությունյանին


Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը պատասխան հայտագիր է հղել Ռուսաստանում Հայաստանի դեսպանությանը` Հրաչյա Հարությունյանին տեսակցելու հարցի առնչությամբ` հայտնելով, որ Ռուսաստանի Պատժի կրման դաշնային ծառայության պատժի կրման և հատուկ հաշվառման վարչությունը պատրաստակամ է կազմակերպել Ռուսաստանում Հայաստանի դեսպանության ներկայացուցիչների հանդիպումը Տամբովի մարզի ուղղիչ հիմնարկում պատիժը կրող Հրաչյա Հարությունյանի հետ:

«Արմենպրես»-ը, վկայակոչելով Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը, նշում է, որ վերոնշյալի առնչությամբ երեկ՝ մարտի 29-ին Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանն անցկացրել է խորհրդակցություն:

Առաջիկայում դեսպանության պատասխանատուները կայցելեն Տամբովի մարզ` Հարությունյանին տեսակցելու, տեղում նրա առողջական վիճակին և ուղղիչ հիմնարկում գտնվելու պայմաններին ծանոթանալու, ինչպես նաև վերջինիս հուզող հարցերը քննարկելու նպատակով:

Տրոիցկի շրջանի դատարանը Հրաչյա Հարությունյանին 6 տարի 9 ամսվա ազատազրկման էր դատապարտել մերձմոսկովյան Պոդոլսկ քաղաքի մոտակայքում տեղի ունեցած վթարից հետո, որի հետևանքով 18 մարդ էր զոհվել, տասնյակ մարդիկ՝ վիրավորվել։

Ռուսաստանյան բանտում գտնվող Հրաչյա Հարությունյանի հարազատները արդեն մի քանի տարի է պայքարում են, որպեսզի նա իր պատիժը շարունակի կրել Հայաստանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG