Մատչելիության հղումներ

ՔՊ հայտարարությունը՝ Հայաստանի արտաքին պարտքի վերաբերյալ


«Քաղաքացիական պայմանագրի» հիմնադիր անդամ Նիկոլ Փաշինյանը՝ մամուլի ասուլիսի ժամանակ, արխիվ

«Քաղաքացիական պայմանագրի» հիմնադիր անդամ Նիկոլ Փաշինյանը՝ մամուլի ասուլիսի ժամանակ, արխիվ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարում է Հայաստանի արտաքին պարտքի շուրջ անկախ աուդիտի հանձնաժողովի ստեղծման հարցը իր քաղաքական օրակարգում ընդգրկելու մասին:

«Հայաստանի արտաքին պարտքի անընդհատ աճը և ներգրավված միջոցների անարդյունավետ ծախսվելու փաստը բազմաթիվ հարցեր են առաջացնում թե՛ մասնագետների, և թե՛ հասարակության լայն շերտերի շրջանում», - ասված է կուսակցության հայտարարությունում։

«Քաղաքացիական պայմանագիր»-ը նշում է, որ սույն հանձնաժողովի հիմնական խնդիրը լինելու է՝ վերլուծել Հայաստանի արտաքին պարտքի գոյացման իրավական հիմքերը, վերլուծել վարկային միջոցների ներդրման արդյունավետությունը, մշակել իրավիճակի շտկմանն ուղղված հնարավոր քայլերի ծրագիր, որը մի կողմից միտված կլինի հղկելու և հստակեցնելու ներկա իրավիճակը, մյուս կողմից՝ կանխարգելելու ապագայում Հայաստանի արտաքին պարտքի հետ կապված հնարավոր չարաշահումները:

ՔՊ ներկայացուցիչները, ըստ պատեհության, հարցը կքննարկեն դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ ակնկալելով կառուցողական մոտեցում վերջիններիս կողմից։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կոչ է անում բոլոր մասնագետներին, շահագրգիռ կողմերին համագործակցության կազմակերպման նպատակով կապ հաստատել կուսակցության քաղաքական պլատֆորմի տնտեսական ենթախմբի ներկայացուցիչների հետ, որպեսզի այդ քննարկումների արդյունքում վեր հանվեն բոլոր կողմերի համար խնդրի լուծման ընդունելի տարբերակներ», - ասված է հայտարարությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG