Մատչելիության հղումներ

Նորընտիր օմբուդսմենը հայտնվել է ընդդիմության քննադատության թիրախում


Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, արխիվ:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, արխիվ:

Պատճառը մշակվող Ընտրական օրենսգրքի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի՝ այսօր հրապարակված առաջարկներն են:

«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կարծիքով, արդարադատության նախկին փոխնախարար, նորանշանակ օմբուդսմեն Արման Թաթոյանը ընդդիմության կարևոր պահանջներից մեկի՝ ընտրողների կողմից ստորագրված և լրացված ցուցակների հրապարակման հարցում իշխանությունների տեսակետն է պաշտպանում․ - «Կրկնում է Դավիթ Հարությունյանի տեսակետը»:

Իշխանությունները կտրականապես դեմ են քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակների հրապարակմանը։ Օրեր առաջ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը (ՀՀԿ) հայտարարել էր, որ փոխարենը դիտորդները և վստահված անձինք ցուցակներին ծանոթանալու, քաղվածքներ անելու իրավունք կունենան:

Պաշտպանը այսօր հրապարակած առաջարկներում նշում է․ - «Նախագծում անհրաժեշտ է կատարել փոփոխություն և, ինչպես ՀՀ Սահմանադրական դատարանն է արձանագրել, ամրագրել դիտորդների և վստահված անձանց, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների համար քվեարկությանը մասնակցած քաղաքացիների ցուցակների հրապարակման և նրանց կողմից դրանց ծանոթանալու հստակ մեխանիզմներ»:

Ընդդիմադիրները, մինչդեռ, ցուցակների հասանելիությունը կարևորում են ընտրությունների նկատմամբ վստահությունը բարձրացնելու առումով:

«Նա նշում է, որ ընտրացուցակների ծանոթացումը պետք է տեղի ունենա սահմանափակ թվով մարդկանց և սահմանափակ հնարավորությունների սահմաններում: Այսինքն, նա կողմնակից է, որպեսզի այդ ընտրացուցակները չհրապարակվեն: Մինչդեռ ակնհայտ է, որ եթե չեն հրապարակվում այդ ընտրացուցակները, ապա խոչընդոտվում են բոլոր այն անձանց իրավունքները, որոնք Հայաստանի Հանրապետությունում չեն եղել և հնարավորություն չեն ունենալու տեսնել, թե իրենց տեղը ով է քվեարկել», - ասաց Զարուհի Փոստանջյանը:

Իսկ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի կարծիքով, պաշտպանը պարզապես խուսափել է հստակ տեսակետ հայտնելուց․ - «Լղոզված էր: Այդ կետի հետ կապված բացարձակ հստակություն չկար․․․ Ես առաջարկում եմ, որ Մարդու իրավունքների պաշտպանը հստակ արտահայտի իր տեսակետը․ ինքը կո՞ղմ է ցուցակները հրապարակելուն․․․ Վերջին հաշվով, իր կարծիքից չի բխելու՝ իշխանությունը կգնա՞ դրան, թե՞ չէ: Թող ինքը իր տեսակետը հայտնի»:

Իշխող ՀՀԿ-ում օմբուդսմենի պաշտպանի առաջարկները կարևորում են: ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի խոսքով՝ անկախ նրանից, թե օմբուդսմենի առաջարկները ընդդիմությանն են պաշտպանում, թե իշխանությանը՝ խորհրդարանում նոր Ընտրական օրենսգրքի քննարկումների ժամանակ նաև դրանց կանդրադառնան։

«Օմբուդսմենը պաշտպանում է իշխանությունների տեսակետը․․․ և այլն, և այլն, այդ պնդումները ավելի շատ ձևի մեջ են տեղավորվում, քան բովանդակության: Այս փուլում մենք զերծ մնանք նմանատիպ և՛ խոսքերից, և՛ քննադատություններից, և փորձենք բովանդակային դաշտում բոլոր հարցերի, բոլոր առաջարկությունների, մտահոգությունների պատասխանը տալ»:

Մարդու իրավունքների պաշտպանը իր հասցեին հնչած մեղադրանքներին այսօր չցանկացավ արձագանքել։

XS
SM
MD
LG