Մատչելիության հղումներ

logo-print

Չինաստանի նախագահը եռօրյա այցով Չեխիայում է


Չեխիա – Չինաստանի նախագահ Սի Ծինփինը և Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը երկկողմ համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրում, 29-ը մարտի, 2016թ․

Չեխիա – Չինաստանի նախագահ Սի Ծինփինը և Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը երկկողմ համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրում, 29-ը մարտի, 2016թ․

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը եռօրյա այցով Չեխիայի մայրաքաղաք Պրահայում է։ Սա Չինաստանի նախագահի առաջին այցն է Չեխիա և նա բարձր ընդունելության է արժանացել։

Չինական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանն ասել է, որ այցը չեխ-չինական հարաբերություններում նոր փուլ է։ Նա նշել է, որ Չեխիայի նախորդ կառավարությունը շատ վատ հարաբերություններ ուներ Չինաստանի հետ, քանի որ գտնվում էր Եվրամիության և ԱՄՆ-ի ճնշման տակ։ Սակայն այժմ, ըստ Զեմանի, Չեխիան անկախ երկիր է և փորձում է իր արտաքին քաղաքականությունը կառուցել համաձայն իր իսկ շահերի։

Այցի ընթացքում կնքվելու են տնտեսական համագործակցության մասին պայմանագրեր, բացի այդ, Չեխիան նաև ստորագրելու է Չինաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին հայտարարություն։

Ինչպես ասել է Չեխիայում Չինաստանի դեսպան Մա Կեքինինը՝ Պեկինը դեմ չէ, որ չեխերը տնտեսական հարաբերությունները պահպանեն Թայվանի հետ, բայց դեմ են, որ Թայվանի անկախությունը ճանաչեն:

Չինաստանի նախագահի այցն ուղեկցվել է նաև ոչ պաշտոնական միջոցառումներով․ Պրահայում չինական բժշկության օրեր են, այսօր երեկոյան Պրահայում չինական հրավառություն է լինելու։

Այնուամենայնիվ, Չինաստանի նախագահի այցը ոչ բոլորի կողմից է դրականորեն ընդունվել։ Իրավապաշտպան ակտիվիստները հայտարարում են, որ տնտեսական շահերի համար չպետք է աչք փակել մարդու իրավունքների խախտումների վրա, որոնք առկա են Չինաստանում։ Որպես բողոքի ակցիա՝ անհայտ անձիք օդանավակայանի ճանապարհից հեռացրել էին Չինաստանի դրոշները, 12 հոգի բերման են ենթարկվել, քանի որ փորձել էին չինական դրոշները ծածկել թիբեթյան դրոշներով:

Բողոքի ակցիաները շարունակվում են նաև այսօր։ Որոշ խմբեր երթ են անցկացնում թիբեթյան դրոշներով:

Չեխական ռադիոյի հարցումների համաձայն չեխերի 28 տոկոսը կողմ է, որպեսզի մարդու իրավունքների ոտնահարումների վերաբերյալ քննադատությունը նվազեցվի՝ չինական ներդրումներ գրավելու դիմաց։ Հարցվածների մեկ երրորդը կողմ է եղել չինական ներդրումներին և չեխ-չինական հարաբերությունների բարելավմանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG