Մատչելիության հղումներ

ԵՏՄ մաքսային օրենսգրքի ձևավորման շուրջ հակասությունները պահպանվում են


Արդյունաբերողների և գործարարների միջազգային կոնգրեսի խորհրդի նախագահության նիստը Երևանում: 29-ը մարտի, 2016 թ․

Արդյունաբերողների և գործարարների միջազգային կոնգրեսի խորհրդի նախագահության նիստը Երևանում: 29-ը մարտի, 2016 թ․

Մեկ տարուց ավելի գործող Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ երկրները դեռևս չեն կարողանում փոխհամաձայնության գալ առանցքային փաստաթղթի՝ մաքսային միասնական օրենսգրքի ձևավորման շուրջ:

Այսօր Երևանում կայացած միջազգային համաժողովին Ռուսաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Ալեքսանդր Մուրիչևը լրագրողներին ասաց, որ հիմնական հակասությունները Ռուսաստանի և Ղազասխատնի միջև են․ Մոսկվան ցանկանում է ներդնել միասնական համակարգ, իսկ Աստանան ընդդիմանում է՝ ձգտելով պահպանել իր ազգային մաքսային ռեժիմը:

«Այժմ բախվել ենք մի խնդրի՝ կապված մաքսային օրենսգրքի ներդրման առնչությամբ մեր դիրքորոշումների ներդաշնակեցման հետ: Այս հանգամանքը փոքր-ինչ դանդաղեցնում է միության ներսում ապրանքների, ծառայությունների շարժը: Մաքսային օրենսգրքի ընդունման հետ կապված կան ճշգրտման ենթակա հարցեր, ու դեռևս այդ օրենսգիրքը չի ընդունվել, չնայած պայմանավորվել էինք, որ 2016-ի հունվարից պետք է աշխատենք մաքսային միասնական օրենսգրքի ռեժիմով», - նշեց Մուրիչևը:

Նրա փոխանցմամբ՝ ռուսաստանյան գործարար հանրությունը սպասում է, թե ի վերջո երբ պատրաստ կլինի ԵՏՄ մաքսային օրենսգիրքը, ինչը կարող է դյուրացնել առևտուրը ոչ միայն միության ներսում, այլև երրորդ երկրների հետ․ - «Ռուսաստանյան կողմը պնդում է, որ լինեն տնտեսական միասնական կանոններ, մեկ պատուհան, [իսկ] ղազախական կողմը կարծում է, որ պետք է կիրառվի ազգային ռեժիմը: Մենք կարծում ենք, որ պետք է լինեն միասնական կանոններ, ինչը հասկանալի ու թափանցիկ կլինի շուկայի բոլոր մասնակիցների համար: Այլապես, եթե սկսենք աշխատել մեր ազգային օրենքներով ու ստանդարտներով, հատկապես այնպիսի զգայուն ոլորտներում, ինչպիսիք են մաքսային և տեխնիկական կարգավորումները, առաջ, իհարկե, կշարժվենք, բայց ավելի դանդաղ քայլերով»:

Ըստ Մուրիչևի, միության անդամ մյուս երկրների՝ Բելառուսի, Հայաստանի և Ղրղըզստանի դիրքորոշումները մոտ են Ռուսաստանի դիքորոշմանը, «ինչը երաշխիք է, որ ի վերջո պայմանավորվածություն ձեռք կբերվի»:

Այն, որ Եվրասիական տնտեսական միությունում կան հակասություններ, նորություն չէ: Նորություն չէ այլևս այն, որ միությունը անգամ կարող է գործել ձեռք բերված պայմանավորվածություններին հակառակ, և վերջին աղմկահարույց օրինակը այն քաղաքացիների ապօրինի հարկումն էր, ովքեր ԵՏՄ երկրներից ավտոմենաներ էին ներմուծում Հայաստան:

Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, ով կառավարությունում համակարգում է ԵՏՄ-ի հետ աշխատանքը, բերեց Եվրամիության օրինակը․ - «Եթե դուք նայեք այն էվոլյուցիան, ինչ որ ապրել է Եվրոպական միությունը, դա տևել է տասնամյակներ: Հիմա նույնպես Հայաստանի Հանրապետությունը Եվրասիական տնտեսական միության իր գործընկերների հետ քննարկումներ է իրականացնում, որի ընթացքում կամաց-կամաց մենք գնում ենք առավել ինտեգրացման ճանապարհով»:

XS
SM
MD
LG