Մատչելիության հղումներ

Մանկապատանեկան գրքի շաբաթն այս տարի մեկնարկում է Գեղարքունիքից


Ամենամյա այս միջոցառման շրջանակներում, որն այս տարի անցկացվում է մարտի 29-ից մինչև ապրիլի 4-ը, մայրաքաղաքում ու մարզերում կազմակերպվում են գրական հանդիպումներ, մանկական գրքերի շնորհանդեսներ, ցուցահանդես-վաճառքներ, ընթերցանություններ:

Մի խումբ մանկագիրներ այսօր հյուրընկալվեցին նախ Մարտունի քաղաքի թիվ 2 դպրոցում, ապա Վարդենիկ գյուղի դպրոցում: Ողջ շաբաթվա ընթացքում բոլոր մարզերի դպրոցներում ու գրադարաններում անցկացվելիք այս հանդիպումները կամփոփվեն Երևանի Խնկո-Ապոր անվան գրադարանում՝ դպրոցականների հետ հանդիպմամբ:

Արդեն ավանդույթ է դարձել, որ մանկապատանեկան գրքի շաբաթվա շրջանակներում գրողներից մեկը մրցանակի է արժանանում․ այս տարի ՀԳՄ վարչության որոշմամբ մրցանակի է արժանացել բանաստեղծուհի Հռիփսիմեն:

Մանկական գրականության շաբաթներ անցկացվում էին դեռ խորհրդային տարիներին՝ սկսած պատերազմական 1943-ից, իսկ անկախության տարիներին այն անցկացվում է 2002 թվականից՝ Հայաստանի գրողների միության նախաձեռնությամբ:

Շաբաթվա շրջանակներում անցկացվող միջոցառումները մեկ անգամ ևս հնարավորություն են տալիս երեխաներին, նրանց ծնողներին ու ուսուցիչներին ծանոթանալ ժամանակակից մանկապատանեկան գրականությանը, Ղազարոս Աղայանի, Խնկո-Ապոր, Հովհաննես Թումանյանի և այլ դասական մանկագիրների ստեղծագործությունների հետ միասին կարդալ նաև ժամանակակից մանկական գրողներին, որոնց թիվը բնավ փոքր չէ, բայց ահա տարիքը տատանվում է 60-85-ի սահմաններում:

Օրինակ, մեր ամենատարեց մանկագիրներից 85-ամյա Սուրեն Մուրադյանը, ով արդեն 100-ից ավելի մանկական բանաստեղծական ժողովածուների հեղինակ է, 2015 թվականին ևս մեկ ժողովածու հրատարակեց՝ «Ուրախ հատընտիր» խորագրի ներքո, որտեղ ամփոփված էին նրա տասնյակ տարիների ստեղծագործական ուղու լավագույն աշխատանքները:

Ուշագրավ է, որ եթե երիտասարդ գրողներից շատ քչերն են մանկական գործեր գրում, ապա ավագ սերնդի գրողներից շատերը՝ Արմեն Շեկոյանը, Սամվել Կոսյանը, Հռիփսիմեն և այլոք, սկսել են հրատարակել մանկական ժողովածուներ:

Այսօր ստեղծագործում են մանկագիրներ Լիպարիտ Սարգսյանը, Նունե Գրիգորյանը, Էդվարդ Միլիտոնյանը, Էդուարդ Ավագյանը, Յուրի Սահակյանը․ Սաթենիկ Ղազարյանը և ուրիշներ: Վերջին մեկ տարում միայն ավելի քան 2 տասնյակ մանկական ժողովածուներ են հրատարակվել:

«Ծիծեռնակ» մանկական ամսագրի գլխավոր խմբագիր, մանկագիր Անուշ Վարդանյանը «Ազատության» հետ զրույցում շեշտեց, որ թեև ունեն իրենց ընթերցողը, այնուամենայնիվ շատ հաճախ դպրոցներում հանդիպումներ են ունենում դպրոցականների հետ, նվիրում իրենց գրքերը, ընթերցանություններ և ասմունքի երեկոներ կազմակերպում:

Ավելին՝ մանկական ստեղծագործությունների հիման վրա անգամ երաժշտական ստեղծագործություններ են ծնվում: Մինչև այս տարեվերջը Էդվարդ Միլիտոնյանի լիբրետոյով կբեմադրվի «Տեղեկատու կատուն» մանկական զվարճալի մյուզիքլը, որի հեղինակն է Մոսկվայում բնակվող երիտասարդ կոմպոզիտոր Հասմիկ Արշակյանը:

«Ընդհանուր միտքը եթե նկարագրեմ, որ 21-րդ դարում բոլորը կարիք ունեն տեղեկատվության, և պետք է լինի այդ տեղեկությունը ճշմարիտ: Իսկ խաբելու դեպքում շատերը կարող են տուժել», - «Ազատության» հետ զրույցում ասաց այս օրերին Երևանում գտնվող Հասմիկ Արշակյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG