Մատչելիության հղումներ

Վաղը Ազգային ժողովում կմեկնարկեն 4+4+4 ձևաչափով բանակցությունները ԸՕ-ի շուրջ


Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Մշակվող Ընտրական օրենսգրքի շուրջ բանակցություններին կմասնակցեն իշխանության, ընդդիմության և քաղաքացիական հասարակության չորսական ներկայացուցիչներ:

Բանակցությունների մեկնարկի մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց 4+4+4 ձևաչափն առաջարկած ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Զուրաբյանի խոսքով՝ իշխանությունը պատրաստ է գնալ զիջումների, և պետք է օգտվել դրանից․ - «Ժողովուրդը հոգնած է, միջազգային հանրությունը հոգնած է, կատաղած է, ջղայնացած է այս կրկնվող ընտրակեղծարարություններից: Եվ շատ կոնկրետ, շատ հստակ դրել է մեր ժողովուրդը, հասարակությունը՝ ի դեմս այդ պլատֆորմի, և միջազգային հանրությունը՝ ի դեմս տարբեր հայտարարությունների և զեկույցների, որ ի վերջո սպասում են իշխանություններից արմատական փոփոխություն իրենց քաղաքականության մեջ»:

Նրա փոխանցմամբ՝ Կոնգրեսը բանակցությունների է գնալու ընդդիմության և քաղաքացիական հասարակության հինգ միասնական պահանջներով:

Նշենք, որ այս պահանջներին չմիացած «Բարգավաճ Հայաստան»-ը, Նաիրա Զոհրաբյանի խոսքով, ունի իր օրակարգը՝ կազմված 10-15 սկզբունքային հարցերից:

«Իշխանությունները, բնականաբար, հասկանում են, որ ամեն մի պահանջի բավարարումը նեղացնելու է իրենց ընտրակեղծարարության բազան: Ամեն մի պահանջի բավարարումը նշանակում է՝ չորս-հինգ պատգամավոր կորցրեցին ապագա [մանդատը]: Իսկ ցուցակների հրապարակման պահանջի իրագործումը արդեն նշանակում է, որ համարյա վերջ ընտրակեղծարարությանը: Հիմա մենք պիտի գնանք կռիվ տանք, որ այդ բանն իրագործվի: Իսկ եթե չիրագործեն․․․ Եթե լինի փոխադարձ համաձայնություն հասարակական կազմակերպությունների, քաղաքական ուժերի միջև, կարելի է նաև փողոց դուրս գալ», - ասաց Լևոն Զուրաբյանը:

Հարցին, թե պահանջներից քանիսի կատարումը կբավարարի ընդդիմությանը, նա արձագանքեց․ - «Եթե գտնվի այդպիսի մի փաթեթ ընդունված առաջարկների, որը մեզ համոզում է, որ այս բազայի վրա արդեն ընտրակեղծարարությունը շատ դժվար է անել, մենք կհամաձայնվենք: Բայց դա պիտի քննարկվի»:

Խորհրդարանի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի փոխանցմամբ, անցած շաբաթ Զուրաբյանի արած գրավոր առաջարկին իշխանությունը պատասխանել է նամակով․ - «Ինչպես ցանկացած ձևաչափով ցանկացած քաղաքական ուժի հետ, այնպես էլ իրենց առաջ քաշած ձևաչափով պատրաստ ենք քննարկելու Ընտրական օրենսգրքի նախագիծը և վաղը ժամը 17.30-ին 314 սենյակում մենք պատրաստ ենք և սպասում ենք իրենց, որպեսզի գան և քննարկենք Ընտրական օրենսգիրքը»:

«Ազատության» հարցին, թե արդյոք քննարկել են ընդդիմության ու քաղհասարակության միասնական պահանջները, Սահակյանն արձագանքեց․ - «Քննարկման ժամանակ կարող են տարբեր հարցեր քննարկվել, այդ թվում նաև իրենց հինգ առաջարկները»:

Բանակցություններից առաջ իշխանությունն արդեն իսկ հայտարարել է՝ 4+4+4-ում չի լինելու քվեարկություններով, կոնսենսուսով ընդունվող որևէ որոշում: «Այսինքն ի՞նչ է նշանակում՝ դա որոշող մարմին չէ», - նկատեց Լևոն Զուրաբյանը: - «Եթե, օրինակ, Հանրապետական կուսակցությունը համաձայնվում է այդ քննարկումների արդյունքում, այդ բանակցությունների արդյունքում ընդունել, օրինակ, այդ հինգը պահանջը, ի՞նչ որոշումների մասին է խոսքը: Մնում է, որ նրանք բերեն այդ առաջարկները Ազգային ժողով, քվեարկեն և ընդունեն»:

ՀԱԿ խմբակցության ղեկավարն առաջարկելու է, որ քննարկումները տևեն առավելագույնը երկու շաբաթ և դրանց հնարավոր լինի հետևել ուղիղ հեռարձակմամբ, ինչին իշխանության ներկայացուցիչները սրան հիմնականում բացասական են արձագանքում․ - «Անգամ եթե իշխանությունները հրաժարվեն այդ հեռարձակումից, կան բավականին լուրջ երաշխիքներ, որ, այնուամենայնիվ, հասարակությունը կիմանա, թե այնտեղ ինչ է կատարվում: Դա իրենց ամոթը կլինի, եթե իրենք հրաժարվեն: Մենք թաքցնելու բան չունենք»:

Քաղաքացիական հասարակությունն իր պատվիրակների անունները հրապարակեց անցած շաբաթ՝ Սոնա Այվազյան («Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն»), Լևոն Բարսեղյան (Գյումրիի «Ասպարեզ» ակումբ), Տիգրան Եգորյան («Իրավունքի Եվրոպա միավորում»), Արտակ Զեյնալյան («Իրավունքի գերակայություն»), Դանիել Իոաննիսյան («Իրազեկ քաղաքացիներ» միավորում) և Ստեփան Դանիելյան («Համագործակցություն հանուն ժողովրդավարության»):

Իշխանության անունից, Հովհաննես Սահակյանի փոխանցմամբ, բանակցելու են ինքը, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, Արդարադատության նախարար Արփինի Հովհաննիսյանը և Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը: Որպես փորձագետ հրավիրել են նաև սահմանադրագետ Վարդան Պողոսյանին: Հանրապետականները տեղյակ են պահել նաև Դաշնակցության գործընկերին, ովքեր ցանկության դեպքում կարող են մասնակցել:

Խորհրդարանական չորս ընդդիմադիր խմբակցությունների երեքը՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն և «Օրինաց երկիր»-ը որոշել են իրենց պատվիրակներին՝ համապատասխանաբար Լևոն Զուրաբյան, Լյովա Խաչատրյան, Հովհաննես Մարգարյան: «Ժառանգություն»-ը սպասում է պաշտոնական հրավերի:

XS
SM
MD
LG