Մատչելիության հղումներ

Արտակ Երեմյանին մեղադրանք է առաջադրվել՝ քվեարկության արդյունքները կեղծելու փաստով


Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ավարտվել է հանրաքվեի տեղամասային հանձնաժողովի նախագահի կողմից քվեարկության արդյունքները կեղծելու գործի նախաքննությունը

Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Սահմանադրության փոփոխությունների 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի թիվ 5/38 տեղամասային հանձնաժողովի նախագահ Արտակ Երեմյանը կեղծել է հիշյալ տեղամասի քվեարկության արդյունքները:

«Մասնավորապես՝ Երեմյանը, կողմնակից լինելով սահմանադրական փոփոխություններին և նպատակ ունենալով նպաստել դրանց ընդունմանը, քվեարկության իրական արդյունքները կեղծելու դիտավորությամբ, 2015 թվականի դեկտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը նշված տեղամասում ձայներն ակնհայտ սխալ հաշվելու, քվեարկության արդյունքների վերաբերյալ կազմված ընտրական փաստաթղթերն ու արձանագրություններն ակնհայտ սխալ տվյալներով հաստատելու, ինչպես նաև մարման ենթակա քվեաթերթիկների հաշվին «Այո» քվեաթերթիկներն ավելացնելու եղանակով կեղծել է հանրաքվեի թիվ 5/38 տեղամասի քվեարկության արդյունքները: Երեմյանը կազմված արձանագրության կեղծված 4 օրինակներից մեկը ընտրական փաստաթղթերի հետ միասին փաթեթավորել է պարկում, մյուսը փակցրել է հիշյալ տեղամասի պատին, իսկ երկու օրինակներն ու գրանցամատյանը հանձնել է թիվ 5 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով», - ասված է ծառայության հաղորդագրությունում:

Հիշյալ հանցավոր արարքը կատարելու համար Արտակ Երեմյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածով՝ ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելը։

Հանրաքվեի կամ ընտրությունների ընթացքում ձայներն ակնհայտ սխալ հաշվելը կամ հանրաքվեի կամ ընտրությունների արդյունքներն ակնհայտ սխալ հաստատելը, քվեատուփ հափշտակելը, ինչպես նաեւ որևէ այլ եղանակով ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

ՀՔԾ-ն նաև տեղեկացնում է, որ Հատուկ քննչական ծառայությունում հանրաքվեի գործընթացների հետ կապված խախտումների փաստերով 2016 թվականի մարտի 29-ի դրությամբ հարուցվել և քննվել է 37 քրեական գործ, որից 11-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 15 քրեական գործ կարճվել է, 2 քրեական գործ կասեցվել է, 3 քրեական գործ ուղարկվել է ըստ քննչական ենթակայության, իսկ 6 քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG