Մատչելիության հղումներ

Ժառանգավորաց վարժարանի սանի բռնաբարության մեջ մեղադրվող վարդապետը հեռացվել է պաշտոնից


Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան վանք, արխիվ

Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան վանք, արխիվ

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը ներքին հետաքննություն է սկսել։

Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանի նախկին սան Հրայր Եզեկելյանի բռնաբարության մեջ մեղադրվող Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան վանքի տեսուչ Հայր Խադ վարդապետ Տունդուրյանն արդեն երեք շաբաթ է, ինչ հեռացված է պաշտոնից։

«Երուսաղեմի պատրիարքարանը չի պատրաստվում աչք փակել կատարվածի վրա և կոծկել գործը», - «Ազատությանն» ասացին Երուսաղեմի պատրիարքարանից։

Փետրվարի 29-ին Իսրայելի 10-րդ հեռուստաալիքը «Անցյալի դևերը» վերնագրով 15 րոպեանոց վավերագրական ֆիլմ էր ցուցադրել Երուսաղեմի հայկական Ժառանգավորաց վարժարանում անչափահասի հանդեպ սեռական բռնության դեպքերի մասին։ Ֆիլմում այժմ արդեն 38-ամյա Հրայր Եզեգելյանը պնդում է, որ 2 տասնամյակ առաջ, երբ ինքը վարժարանի աշակերտ էր, 3 հայ հոգևորականներ իր հանդեպ սեռական ոտնձգություններ են թույլ տվել։

Ֆիլմի ցուցադրումից հետո Երուսաղեմի Հայոց պատրիարք Տեր Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի և Տնօրեն ժողովի որոշմամբ ստեղծվել է հատուկ հանձնախումբ, որը ներքին հետաքննություն է անցկացնում։ Հետաքննության ավարտից հետո պատրիարքարանը հանդես կգա հայտարարությամբ։

Հայր Խադ վարդապետ Տունդուրյանի փոխարեն վանքի տեսուչ է նշանակվել Հայր Ասպետ վարդապետ Պալյանը։

Վավերագրական ֆիլմում Եզեգելյանը երեք հոգևորականների անուն է տալիս։ Տունդուրյանից բացի ֆիլմում հիշատակվում են Հույն ուղղափառ եկեղեցու Սան Պաուլուի համայնքում (Բրազիլիա) պաշտոնավարող Հայր Դեմետրիոս Աթարյանի և վերջին տարիներին Ֆրանսիայում բնակվող, օրեր առաջ՝ մարտի 15-ին, մահկանացուն կնքած Դավիթ արքեպիսկոպոս Սահակյանի անունները։ Վերջինիս նկատմամբ Ֆրանսիայի իրավապահ մարմինները քրեական գործ էին հարուցել՝ հիմք ընդունելով Հրայր Եզեկելյանի բողոքը։

XS
SM
MD
LG