Մատչելիության հղումներ

Ծաղկահովիտցիները հրաժարվել են խորհրդային տարիների օրինակով կոոպերացիաներ կազմել


Արագածոտնի այս համայնքի բնակիչներին չեն հրապուրել անգամ Գյուղատնտեսության նախարարության փաստարկները, թե այսպիսով եկամուտը կմեծանա ու կկարողանան բարելավված արոտավայրերից օգտվել։

«Հինգ տղամարդ ենք մեր տունը, հինգ տղամարդով չենք կարում մեր գործը կազմակերպենք։ Նույն հողն ա, նույն հողը պիտի էլի նույն գարին տա: Էդ 80 հեկտարի վրա օրական 40 հոգի պըտի կռվինք, որ մի արդյունք չտա: Չես կարա բանջարաբոստանային ցանես, միրգ ցանես․․․ Ծիրանի ծա՞ռ պտի դնենք․․․ Ստեղ մեր մոտ մենակ լավ բռնում ա սպուտնիկ անտենաներ, ուրիշ բան չի բռնում մեր մոտ», - «Ազատության» հետ զրույցում ասաց միջին տարիքի մի ծաղկահովիտցի։

Գյուղացիների պնդմամբ՝ հարևան համայնքներում, որտեղ կոոպերացիաներ են գործում, «օլիգարխներ» են ի հայտ եկել․ - «Գյուղապետերը վերցրել են... Կա Նորաշենում, գյուղապետն ա, թե ով ա․․․ վերցրել ա մի հոգի, կալում, աշխատցնում են, վերջ: Էնի հեչ մի բանից խաբար չի․․․ Որովհետև մեծը կգնա կոլեկտիվի հաշվից պետության տված 50 տոկոս գումարը պետությունից կվերցնի, իրա տեխնիկան, տրակտորը կբերի, էն 50-ն էլ ինքը կդնի, մնացածին կասի՝ էս իմն ա»:

Գյուղնախարարության ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Գագիկ Խաչատրյանը համաձայն չէ, թե արդյունքում խոշոր ֆերմերներն են շահում, իսկ փոքրերը մնում են ստվերում․ - «Սա նախկին կոլխոզը չէ, բայց այստեղ հավասարության սկզբունքն է գործում։ Երբ այդ ծրագիրը չկար, էլի աշխատասեր ֆերմերները, որոնք ունեին շատ գլխաքանակ, շատ եկամուտ էին ստանում: Այն ֆերմերները, որոնք հավասար պայմաններում ավելի գլխաքանակ ունեն, սա իրենց մեղքն է, իրենց ցանկությունն է սա»:

Անասնապահական կոոպերացիաներ ստեղծելու ծրագիրը դեռ 2011-ից է մեկնարկել ու 950 գյուղական համայնքներից 150-ում արդեն գործում է։ Կոոպերատիվ ստեղծելու համար գյուղացիները պետք է ոչ միայն միավորեն աշխատանքը, այլև 20 տոկոսի չափով ներդրում կատարեն։

Արագածոտնի Բերքառատ գյուղում, օրինակ, գումարը հավաքել են ու հերթով օգտվում են նոր տեխնիկայից։

«Կազմակերպում ենք էդ գյուղատնտեսական աշխատանքները, տեխնիկաները որ կան, էժան գներով մեր գործերը էնում ենք», - ասաց Բերքառատի կոոպերատիվի անդամներից մեկը։

«Կոլխոզի վախտը, սովխոզի վախտը կարայիր գործի չերթայիր: Հա, էդ օրը թող քեզի բացակա դնեին: Բայց հիմի երևի չկարանաս չերթաս։ Պիտի երթաս», - համալեց նրա տարեց համագյուղացին։

Եվրամիության աջակցությամբ այս տարի 45 գյուղերում ևս նոր կոոպերատիվներ կստեղծվեն։ 2015-ին ընդունված օրենքի համաձայն, գյուղացիներն իրենք էլ կարող են իրենց տնտեսությունը միավորելու ինքնուրույն որոշում կայացնել: Բայց հաճախ հրաժարվում այս գաղափարից։

Գագիկ Խաչատրյանի խոսքով, խնդիրը մոտեցման մեջ է․ - «Ասենք Արագածոտնի Վերին Սասնաշեն գյուղի բնակիչը պետք է իմանա, որ ինքը ապրում է էդ գյուղում, պահում է 10 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի, մի 30 գլուխ մանր եղջերավոր կենդանի, հավեր, գյուղացիական մշակաբույսեր․․․ դա իր բիզնեսն է, և ինքը պետք ա աշխատի, որ իրա բիզնեսը կատարելագործի: Այ էս հոգեբանությամբ երբ որ մոտենան մարդիկ իրենց աշխատանքին, չեմ կարծում, որ որևէ մեկը հրաժարվի կոոպերատիվի անդամ դառնալուց»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG