Մատչելիության հղումներ

Լևոն Զուրաբյան․ Փաշինյանը իր տեսակետը կարող էր հայտնել խմբակցությունում


Նիկոլ Փաշինյանը «Ազատության» կիրակնօրյա վերլուծականի եթերում: 27-ը մարտի, 2016 թ․
Նիկոլ Փաշինյանը «Ազատության» կիրակնօրյա վերլուծականի եթերում: 27-ը մարտի, 2016 թ․

«Ազատության» հեռուստաեթերում Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարել էր․ - «Այս ֆորմատը արդեն ի սկզբանե չի նախատեսում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մասնակցությունը քննարկումներին»:

«Մենք համարում ենք, որ Ընտրական օրենսգրքի վերաբերյալ մեր տեսակետներն ասելու, մեր մտահոգությունները բարձրաձայնելու անհրաժեշտության դեպքում, մեր առաջարկություններն անելու բոլոր հնարավորություններն ու լծակներն ունենք, այնպես որ մենք այդ ֆորմատում [4+4+4] մեզ չենք էլ տեսնում», - «Ազատության» կիրակնօրյա եթերում Հրայր Թամրազյանի հետ զրույցում ասել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամը:

Բանակցությունների այս ձևաչափը ենթադրում է իշխանական ու ընդդիմադիր խմբակցությունների, նաև հասարակական կազմակերպությունների չորսական ներկայացուցիչների մասնակցություն: Այս կապակցությամբ Փաշինյանն ասել էր․ - «Այս ֆորմատը արդեն ի սկզբանե չի նախատեսում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մասնակցությունը քննարկումներին, որովհետև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խորհրդարանական խմբակցություն չունի, և ես ինքս էլ, որևէ գաղտնիք չկա, խզված հարաբերություններ ունեմ Հայ ազգային կոնգրես կուսակցության և խմբակցության, առնվազն դրա ղեկավար կազմի հետ: Էլ չեմ ասում, որ խմբակցությունը ունի նախագահ և քարտուղար, որոնք էլ իրավասու են լինելու այս ֆորմատում մասնակցություն ունենալ և բանակցել»:

Նիկոլ Փաշինյանը առաջարկի հեղինակ ՀԱԿ խմբակցության փաստացի անդամ է: Խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հակադարձում է, թե Փաշինյանը կարող է իր տեսակետը ոչ միայն հայտնել խմբակցությունում, այլ անգամ առաջարկել, որ ինքը ներկայացնի «Հայ ազգային կոնգրես»-ը 4+4+4 ձևաչափում․ - «Բայց դրա համար ընդամենը պետք է գալ և օգտվել խմբակցության կանոնադրությունից, փորձել անցկացնել դիրքորոշումները և տեսակետները: Ոչ ոք դա չի խանգարում անել: Այդ մեխանիզմները կան, խմբակցությունը բոլորինն է: Երբ պետք էր, որ ինքը [Փաշինյանը] վերահաստատվի Եվրամիության պատվիրակության կազմում որպես Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, չնայած շատ երկար բացակայությունից հետո, նա եկավ, այդ հարցը բարձրացրեց, և հաստատվեց իր տեսակետը այդ հարցում»:

Լևոն Զուրաբյանը պնդում է, թե իրենց առաջարկածը ամենաօբեկտիվ ձևաչափն է, և ընդդիմադիրներին հնարավորություն է տալիս հավասարը հավասարի պես բանակցել իշխանության հետ․ - «Զուտ ֆորմալ առումով Հայաստանում 70 ընդդիմադիր կուսակցություն կա: Մենք հո՞ չէինք կարող կազմակերպել ընտրություններ այդ 70 կուսակցության մեջ, առավել ևս, որ կշիռները շատ տարբեր են: Կան կուսակցություններ, որոնք թղթի վրա միայն գոյություն ունեն, և նրանց հավասար ձայն տալ, ասենք, Ազգային ժողովում մեծ խմբակցություն ունեցող քաղաքական ուժի հետ, ուղղակի անհեթեթ է»:

Անկախ նրանից՝ կհրավիրե՞ն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը միանալու այս ձևաչափին, թե՞ ոչ, Նիկոլ Փաշինյանը «4+4+4»-ը չի ընդունում ինքնին՝ պնդելով, որ այն ձեռնտու է առաջին հերթին իշխանություններին․ - «Իշխանությունը այդ մարդկանց ներքաշում է պրոցեսի մեջ, և պետք է այս առաջարկը՝ քննարկենք, չքննարկենք, այս ֆորմատը, այս խոսակցությունը այնքան մաշի, այնքան անհետաքրքիր դարձնի, որ այն պահին, երբ ինքը ասի՝ վերջ, էլ չեմ ընդունում առաջարկը, դա նույնիսկ հանրության մեջ լայն արձագանք չգտնի»:

Նոր Ընտրական օրենսգիրքը պետք է ընդունվի մինչև հունիսի 1-ը:

XS
SM
MD
LG