Մատչելիության հղումներ

Կայացավ «Արտավազդ»-ի ամենամյա մրցանակաբաշխությունը


Հայաստանի թատերական գործիչների միության (ՀԹԳՄ)՝ դեռ 1996-ին սահմանած այս մրցանակը ավանդաբար հաղթողներին հանձնվում է Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին:

«Թատերական գործիչների միության համար սա շատ կարևոր միջոցառում է: Թերևս ամենակարևորը, որովհետև այս ընթացքում, նախ, մենք հնարավորություն ենք ունենում ծանոթանալու այն ամեն լավին, ինչը տեղի է ունեցել մեր բեմերում: Բացի այդ, առիթ է, որպեսզի մեկ անգամ ևս այդ ամեն լավի մասին խոսենք հանրության հետ, ներկայացնենք այդ ամենը հանրությանը, պրոպագանդենք թատրոնը, հիշեցնենք հասարակությանը, որ կա այսպիսի տոն՝ Թատրոնի միջազգային օր, որը նշվում է ամբողջ աշխարհում», - ասաց Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը:

«Լավագույն պիես» անվանակարգում այս տարի մրցանակը հանձնվեց Սամվել Կոսյանին, «Լավագույն երաժշտական ձևավորում» անվանակարգում՝ Վահան Արծրունուն: Տարվա լավագույն դերասանուհի ճանաչվեց Ագնեսա Շահնազարյանը, լավագույն դերասան՝ Լիպարիտ Ավետիսյանը, լավագույն բեմադրիչ՝ Կարապետ Բալյանը:

«Լավագույն երիտասարդ դերասանուհի» անվանակարգում մրցանակը հանձնվեց Նաիրա Սարգսյանին, «Լավագույն երիտասարդ դերասան» անվանակարգում` Սամվել Թադևոսյանին: «Լավագույ երիտասարդական ներկայացում» ճանաչվեց Արմեն Բայանդուրյանի բեմադրած ներկայացումը:

ՀԹԳՄ ոսկե մեդալի արժանացան Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնի ներկայացուցիչները: Թատերական արվեստում ներդրման համար «Արտավազդ» մրցանակ հանձնվեց Վահե Շահվերդյանին, Հրաչյա Գասպարյանին և Արմեն Խանդիկյանին:

Մրցանակաբաշխությունն այս տարի նվիրված էր Հայաստանի թատերական գործիչների միության հիմնադրման 75-ամյա հոբելյանին:

Մրցանակաբախշության արարողությունից առաջ լրագրողների հետ զրույցում Հակոբ Ղազանչյանը շեշտեց, որ այս տարի շատ աշխատանքներ էին ներկայացված մրցույթին, որոնց թվում, ի թիվս լավ գործերի, կային նաև «անլուրջ, պատահական աշխատանքներ»․ - «Ես կարծում եմ, հետագայում «Արտավազդ»-ի կանոնակարգը պետք է փոխվի․ պետք է փուլերով արվեն․․․ Ոչ թե պետք է մինչև մարտի 1-ը ով ուզում է, թող ներկայացնի արված աշխատանքները: Հիմա ով ուզում է՝ ներկայացնում է, ժյուրին էլ պարտավոր է նայել այդ ամենը: Ես կարծում եմ, որ հաջորդ տարվա «Արտավազդ»-ի աշխատանքները արդեն պետք է սկսվեն վաղվանից»:

Ղազանչյանի համոզմամբ, պետք է փորձագետների խումբ ստեղծել, որը երկու փուլով կընտրի այն գործերը, որոնք հետագայում կներկայացվեն արդեն մրցութային հանձնաժողովի դատին:

Թատերական գործիչները նախագահը հավելեց․ - «Պատահականություններ կային, բայց, այնուամենայնիվ, կային շատ հետաքրքիր, տաղանդավոր աշխատանքներ, ինչի համար մենք բոլորս ուրախ ենք․․․ Անընդհատ նոր անուններ են հայտնվում»:

Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ Հակոբ Ղազանչյանը իր գործընկերներին կոչ է անում երբեք չհուսահատվել՝ քաջ գիտակցելով, որ թատրոնը շատ բարդ աշխարհ է և անմնացորդ նվիրում է պահանջում․ - «Գիտեմ, որ դժվար է բոլորի վիճակը, գիտեմ, որ աշխատավարձերը ցածր են, գիտեմ, որ բեմադրություն անելու համար գումար դժվարությամբ են հայթայթում, կամ չեն հայթայթում․․․ Այդ ամեն ինչը գիտեմ: Ես ուզում եմ ասել, որ միշտ է այդպես եղել, ուզում եմ ասել, որ վհատվել պետք չէ, ուզում եմ ասել, որ այդ թատրոն կոչված հիվանդությամբ որ արդեն վարակվել են, էլ պրծում չունեն դրանից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG