Մատչելիության հղումներ

Մոլդովացի մի շարք քաղաքական գործիչներ պահանջում են միանալ Ռումինիային


Երթ Մոլդովայում՝ Ռումինիային միանալու պահանջով, 27-ը մարտի, 2016թ.

Երթ Մոլդովայում՝ Ռումինիային միանալու պահանջով, 27-ը մարտի, 2016թ.

Այս գաղափարը Մոլդովայում նոր չէ, երկրի քաղաքական գործիչները Խորհրդային Միության փլուզումից հետո պարբերաբար խոսում են այդ մասին։

Ի՞նչ պետք է անի փոքր և աղքատ հետխորհրդային երկիրը, որտեղ չի հաջողվել հաղթել կորուպցիան և ստեղծել նորմալ տնտեսություն, միակ ճանապարհն է՝ միանալ ավելի մեծ բարեկամ պետության հետ և դառնալ Եվրամիության անդամ։ Սա մոլդովացի մի շարք քաղաքական գործիչների ճանապարհային քարտեզն է, նրանք որոշել են միանալ Ռումինիային։

Երեկ՝ մարտի 27-ին, Քիշնևում նշել են Ռումինիայի և Մոլդովայի միավորման տարեդարձը. 1918 թվականին բեսարաբիական խորհրդարանը քվեարկել էր Ռումինիային միանալու օգտնին։ Այն ժամանակ Մոլդովայի տարածքում էին գտնվում ռումինական զորքերը։

Ռումինիայի հետ միանալու գաղափարը Մոլդովայում նոր չէ, այդ երկրի քաղաքական գործիչները Խորհրդային Միության փլուզումից հետո պարբերաբար խոսում էին այդ մասին։

Միավորման կողմնակիցներն ամեն տարի մարտի 27-ին երթեր ու հավաքներ են անցկացնում։ Երեկվա հավաքին, կազմակերպիչների տվյալներով՝ մասնակցել է 50 հազար մարդ, ոստիկանության տվյալներով՝ ընդամենը 5 հազար մարդ։

Հավաքի իսկ մինչ այդ նաև համագումարի մասնակիցների շարքում էին նաև Ռումինիայից ժամանած քաղաքական գործիչներն ու ակտիվիստները։

Միավորման կողմնակիցները համագումարին հռչակագիր և ճանապարհային քարտեզ են ընդունել, որի համաձայն արդեն երկու տարուց՝ 2018 թվականին, Մոլդովայում պետք է անցկացնել հանրաքվե՝ Ռումինիային միանալու համար, իսկ մինչ այդ պետք է բացատրել մոլդովացիներին, թե ինչ առավելություններ նրանք կստանան Ռումինիային միանալուց հետո և առաջինը նշվում է, որ վերջապես կհաջողվի հաղթել կոռուպցիան։

Ճանապարհային քարտեզի «կնքահայրը» Ռումինիայի քաղաքացի Ջորջ Սիմիոնն է, ով պարբերաբար հայտարարում է, որ Մոլդովան, որպես անկախ պետություն, այդպես էլ չի կայացել։

«Անկախության այս 20 տարիների ընթացքում Մոլդովան ապացուցել է, որ չի կարող գոյատևել որպես անկախ, ինքնիշխան պետություն։ Մոլդովացի քաղաքական գործիչները միայն մի նպատակ են հետապնդում՝ հնարավորինս շատ գողանալ։ Մոլդովան երբեք չի դառնա նորմալ պետություն՝ նորմալ տնտեսությամբ և Եվրամիության մաս կազմելու միակ շանսը Մոլդովայի համար՝ դառնալ Ռումինիայի մի մասը», - հայտարարել է երեկ Ջորջ Սիմիոնը։

Ռումինացի քաղաքական գործիչը համարում է, որ միավորումը Ռումինիայի հետ անխուսափելի է, սակայն Ռումինիայի առաջնորդը այս գաղափարը պետք է համաձայնեցնի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

«Առանց մեզ հարցնելու, ժամանակին Մոլոտով-Ռիբենտրոպ հայտնի փաստաթղթով մեզ անջատել են, եկել է ժամանակը, որ մեզ միավորելու հարցը դրվի Գերմանիայի և Ռուսաստանի առաջնորդների առջև։ Կարծում եմ, որ արդեն առաջիկայում Ռումինիայի առաջնորդ Կլաուս Յոհանիսը կսկսի այս գործընթացը», - ասել է երեկ Ջորջ Սիմիոնը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG