Մատչելիության հղումներ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ, Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի խոսքով, «Քաղաքացիական պայմանագիր»-ը 4+4+4 ձևաչափով Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ բանակցություններին մասնակցելու որևէ «հետաքրքրություն չունի»։

«Մենք համարում ենք, որ Ընտրական օրենսգրքի վերաբերյալ մեր տեսակետներն ասելու, մեր մտահոգությունները բարձրաձայնելու, անհրաժեշտության դեպքում, մեր առաջարկություններն անելու բոլոր հնարավորություններն ու լծակներն ունենք, այնպես որ մենք այդ ֆորմատում մեզ չենք էլ տեսնում», - «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Փաշինյանը։

«Ազատություն». - Քննադատություն է հնչում, որ Դուք ընդդիմության հետ չեք, ավելի շատ խաղում եք իշխանությունների դաշտում։ Ինչո՞ւ չմասնակցել այդ կլոր սեղանին։

Նիկոլ Փաշինյան. - Եկեք մի հատ ճիշտ հասկանանք՝ ի՞նչ է նշանակում 4+4+4, այսինքն՝ այդ ֆորմատի նախագծողները ի սկզբանե այնպես են նախագծել, որ եթե նույնիսկ մենք ուզենանք դրան մասնակցել, մենք պետք է գնանք, ասենք՝ «այ չորսեր, կարելի՞ է մենք էլ մասնակցենք», մենք այսպիսի հարաբերություններ ընդհանրապես չենք ճանաչում։ Ի՞նչ է նշանակում 4. 4+4+4 ֆորմատը ի սկզբանե արդեն իսկ բացառում է առաջարկի հեղինակների կողմից մեր մասնակցությունը։

«Ազատություն», - Ինչո՞ւ, ինչպե՞ս է բացառում։

Նիկոլ Փաշինյան. - Ովքե՞ր են չորսը՝ չորս ընդդիմադիր կոչվող խմբակցություններ, ենթադրենք Հայ ազգային կոնգրես խմբակցության անունից ո՞վ պետք է մասնակցի, ձեր կարծիքով։

«Ազատություն». - Դուք պետք է ասեք, եթե դուք ցանկություն հայտնեք, գուցե Ձեզ առաջարկեն։

Նիկոլ Փաշինյան. - Գիտեք, ես նախ ցանկություն չունեմ, եթե առաջարկեն, թող առաջարկեն, կքննարկենք։ Ինչ վերաբերում է այդ մեղադրանքներին, գիտեք ինչ, ես հասկանում եմ, որ Հայաստանում ընդդիմադիր, կամ քաղաքական դաշտում մարդիկ կան, ովքեր մեզ տարբեր մեղադրանքներ են հնչեցնում, հիմա ինչո՞ւ եք դուք միայն ընդդիմության դաշտում գտնվողների մեղադրանքները նկատում։ Իշխանության դաշտից էլ մեզ ոչ պակաս մեղադրում են՝ մեկ ուրիշը ծաղրածուի ֆորմատով հարցազրույցներ է տալիս մեր մասին, փորձում է մեզ ներկայացնել որպես «թագավոր ախպեր», կամ «մեծ ախպեր»։ Կներեք, թվում է թե մենք մեր բանուգործը թողած պետք է զբաղվենք՝ «վայ էս մեկը ինչ ասեց, են մեկը ինչ ասեց», «էս մի ծաղրածուն ինչ ասեց, էն մի ծաղրածուն ինչ ասեց»։ Մենք մեր օրակարգն ունենք, մենք մեր օրակարգով գնում ենք առաջ, ի՞նչ խնդիր կա, այսինքն՝ մեղադրանքները ո՞րն են, եթե մեղադրելու լինի, ես էլ մեղադրում եմ բոլոր նրանց, ովքեր ամեն անգամ անիմաստ ժողովրդին հանում են հրապարակներ, փողոցներ, վերջում ասում են՝ «վայ, գնացեք, մյուս շաբաթ կգաք»։

«Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդաշարի մարտի 27-ի թողարկումը ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

XS
SM
MD
LG