Մատչելիության հղումներ

«Զգուշացիր ինձ անարդար դատելուց, ինքդ քեզ վտանգի կենթարկես»


Նադեժդա Սավչենկոն ռուսական դատարանում, արխիվ,
Նադեժդա Սավչենկոն ռուսական դատարանում, արխիվ,

The Times-ի մեկնաբանի համոզմամբ, Պուտինը Սավչենկոյին դարձնում է նոր Ժաննա Դ`Արկ։

«Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը վկայակոչել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովային, ով ասել է, թե Մոսկվան չի ընդունում Նադեժդա Սավչենկոյի հարցում պահանջները, քանի որ Սավչենկոն մինսկյան համաձայնությունների սուբյեկտ չէ։

«Մենք պետք է ազդեցություն գործենք հակամարտող կողմերի վրա, ինչպես Ֆրանսիան կամ Գերմանիան, որևէ այլ պարտավորություն չունենք», - ասել է Զախարովան։

Այդ թեմային նախօրեին անդրադարձել է նաև Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն, ով ասել է, որ Սավչենկոն պատիժը կրելու է Ռուսաստանում։ «Մեր դիրքորոշումը շատ հստակ է` Սավչենկոն դատապարտվել է, դրանից հետո ամեն կլինի համաձայն Ռուսաստանի Դաշնության օրենքի։ Որևէ այլ որոշում կարող է ընդունել միայն պետության ղեկավարը»,- ասել է Պեսկովը TVC հեռուստակայանին և ավելացրել, որ առայժմ նման որոշում չկա։

Ռուսաստանի դատարանը Սավչենկոյին մեղավոր է ճանաչել Դոնբասում 2014 թվականի հունիսին ռուսաստանցի լրագրողներ Իգոր Կորնելյուկի և Անտոն Վոլոշինի սպանության գործով և մարտի 22-ին դատապարտել է 22 տարվա ազատազրկման։

Սավչենկոն կտրականապես հերքում է մեղադրանքը և պնդում է, որ ռուսական ուժերն իրեն առևանգել են և տեղափոխել են Ռուսաստանի տարածք։

Դատավճիռն ուժի մեջ է մտնելու ապրիլի 3-ին։ Սավչենկոն դեռ ունի այն բողոքարկելու իրավունք, սակայն հայտարարել է, որ չի բողոքարկի և իր փաստաբաններին կարգադրել է ոչ մի քայլ չանել այդ ուղղությամբ, քանի որ դա կարող է խոչընդոտել հայրենիք վերադառնալուն ուղղված քաղաքական կարգավորումը։

Ռուսական կողմը դատավճռի ուկրաիներեն պատճենն անցած ուրբաթ փոխանցել է Սավչենկոյին։

Արևմուտքը համոզված է, որ այդ դատավարության հիմքում սոսկ քաղաքական դրդապատճառներ են և պահանջում է ազատ արձակել Սավչենկոյին։

«Նախագահ Վլադիմիր Պուտինը «բացառիկ պատմական սխրանք» է գործել, նա գերեվարել է զինծառայողի՝ կարճ սանրվածքով երիտասարդ կին սպային, դատապարտել է նրան և այդպիսով կերտել նահատակի ու հերոսի կերպար, թշնամիների ազդեցիկ առաջնորդ», - գրել է The Times-ի մեկնաբան Բեն Մաքինթայրը և հավելել. - «Պուտինն իր սեփական Ժաննա Դ`Արկին է ստեղծել»։

Նա նշել է, որ Սավչենկոյին ավելի քան 500 տարի է բաժանում 15-րդ դարի Ֆրանսիայի սրբուհի Ժաննա Դ`Արկից, որին Հարյուրամյա պատերազմի ժամանակ այրել են խարույկի վրա։ Եվ այնուամենայնիվ Օռլեանի կույսի ու Դոնբասի օդաչուի նմանությունն ապշեցուցիչ է ու Կրեմլի համար խիստ վտանգավոր։

Մաքինթայրը գրել է, որ երկու կանայք էլ ազգային ազատագրական շարժման խորհրդանիշ են, երկուսն էլ դատարանը դարձրել են քաղաքական ամբիոն և անարգանքի սյունին գամել դատավորներին, երկուսն էլ գրեթե անմիջապես հասել են սրբադասման աստիճանի, հզորացրել են իրենց հայրենակիցների մարտական ոգին, ինչը տհաճ անակնկալ էր զավթիչների համար, ովքեր փոշմանել են, որ սկսել են այս դատը։

Մաքինթայրի համոզմամբ, Կրեմլի համար այս գործում ամենավտանգավոր զուգահեռն այն է, որ ի վերջո այդ երկու կանայք կասկածի տակ են դրել իրենց մեղադրողների իրավական և բարոյական դիրքորոշումները։

Սավչենկոն Կրեմլի աչքի փուշն է դառնալու։ Եթե նրան ազատեն, նա կվերադառնա Ուկրաինա, որպես դիմադրության սրբապատկեր, կդառնա այն քիչ գործիչներից մեկը, ով ի զորու է միավորել քաղականապես պառակտված երկիրը։

Մաքինթայրի խոսքով, Ռուսաստանի նախագահ Պուտինին հետապնդելու է Ռուանում Ժաննա Դ`Արկի խոսքը, որով նա դիմել է դատարանը նախագահող եպիսկոպոսին. - «Դու ասում ես, որ իմ դատավորն ես, չգիտեմ` այդպե՞ս է, բայց զգուշացիր ինձ անարդար դատելուց, քանզի ինքդ քեզ մեծագույն վտանգի կենթարկես»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG