Մատչելիության հղումներ

«Ֆուտբոլ խաղալը շատ պարզ է, բայց պարզ ֆուտբոլ խաղալը շատ բարդ է»


Յոնան Կրոյֆ, արխիվ։
Յոնան Կրոյֆ, արխիվ։

Աշխարհը հրաժեշտ է տալիս հանճարեղ ֆուտբոլիստին

Արդիական ֆուտբոլի մեծ նորարարը

Ինչպեսև ցանկացած բնագավառում, լինի դա գիտություն, արվեստ, սպորտում էլ, մասնավորապես ֆուտբոլում` կան անհաշիվ ապաշնորհ խաղացողներ, բազմաթիվ շնորհալի, տաղանդավոր, կան տասնյակ մեծագույն վարպետներ, իսկ այդ Օլիմպոսի գագաթին կանգնած են ընդամենը մի քանիսը։

Ֆուտբոլիստներ, ովքեր դասական իմաստով հանճարներ են, անհերքելի հեղինակություններ։ Աստված նրանց ընտրել, համբուրել և օրհնել է, ասելով` «Դե, զավակներս, հիմա գնացեք ու զարգացրեք ձեր ֆուտբոլը, ուրախություն պարգևեք, թող մարդիկ նայեն, հիանան»։ Մատների վրա կարող ես հաշվել` Պելե, Մարադոնա, Կրոյֆ։

Մարդիկ ստեղծել են ֆուտբոլը, սահմանել են կանոնները, ոգևորել հազարավոր երիտասարդների, բայց ֆուտբոլին անհրաժեշտ էին հանճարները, ովքեր դուրս կգան դաշտ, կփոխեն բոլորիս պատկերացումները ֆուտբոլի և ֆուտբոլիստների հնարավորությունների մասին։

Նորարաներ․ նրանք են վիթխարի զարգացում ապահովել, ինչպես Ալբերտ Էյնշտեյնը և Սթիվեն Հոքինգզը՝ գիտության աշխարհում, Չարենցը՝ պոեզիայում, Բիթլերը, Ջիմի Հենդրիքսը, Մայլս Դեյվիսը՝ երաժշտությունում, Սթիվ Ջոբզը և Բիլ Գեյթսը՝ համակարգիչների ասպարեզում: Այդ խենթերն իրենց հատուկ սյուռեալիստական մտածելակերպով գալիս, փոխում են կանոնները, ընդարձակում հորիզոնը և մի քանի տարում ապահովում մի քանի տասնամյակի առաջընթաց։

Այդպիսի նորարար-հեղափոխականներ էին ֆուտբոլում նաև Պելեն, Մարադոնան և Կրոյֆը։

Տխուր օրեր են․ ֆուտբոլի աշխարհը հրաժեշտ է տալիս հոլանդացի Յոհան Կրոյֆին, ով երեկ մահացել է Բարսելոնայում։ Մահվան պատճառը թոքերի քաղցկեղն է։

«Մարտի 24-ին Յոհան Կրոյֆը խաղաղ հանգչել է, վերջին րոպեներին նրա հետ էին ընտանիքի անդամները և մտերիմ բարեկամները»,- այս հայտարարությունը տարածել է Կրոյֆի կայքջը։

Ամստերդամի զավակը ֆուտբոլը սովորել է փողոցում

Հենդրիկ Յոհաննես Յոհան Կրոյֆը, կամ, ինչպես հոլանդացիներն են ասում` Կրայֆը, ծնվել է 1947 թվականի ապրիլի 25-ին՝ Ամստերդամում։ Այդ քաղաքի ամենահայտնի ֆուտբոլային թիմը` «Այաքսը», Կրոյֆի օրրանն էր, դպրոցն ու հայրենի տունը։ Նա, իր խոսքերով, մանկության տարիներին ժամանակի մեծ մասն անցկացրել է կա՛մ բակում, կա՛մ «Այաքսի» մարզադաշտի մատույցներում ֆուտբոլ խաղալիս, և նրա տեղափոխումը բուն «Այաքս», կարծես, կենսագրության բնական շարունակությունն էր։

«Բակում կար երկու բան` գնդակ և Յոհան, Յոհան և գնդակ»,- ասում էին մանկության ընկերները։

Կրոյֆը, հավանաբար, այն վերջին մոհիկաններից էր, ով ֆուտբոլ է սովորել ոչ թե մարզական դպրոցում, այլ փողոցում։ Նա տեխնիկայի առումով բացարձակ չի զիջել ամենահմուտ բրազիլացիներին, նրա հրաշալի և հիրավի սյուրեալիստական գոլերն այսօր էլ հիացմունքով ես դիտում։

«Այդ օրը ինչ-որ բան սխալ գնաց»

Կրոյֆը Այաքսի կազմում 8 անգամ դարձել է Հոլանդիայի չեմպիոն, շահել է Չեմպիոնների լիգայի երեք և Միջմայրցամաքային լիգայի մեկ գավաթ, երեք անգամ` 1971, 1973 և 1974 թվականներին ճանաչվել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ։

1974 թվականին նրա առաջնորդած Հոլանդիան դուրս է եկել աշխարհի առաջնության եզրափակիչ և 1-2 հաշվով զիջել է Արևմտյան Գերմանիային։ Այդ պարտության մասին նա միշտ դառնությամբ է խոսել։ Մեկնաբանների համոզմամբ, հոլանդացիները պարտավոր էին հաղթել։

«Մենք երևի շատ էինք ինքնավստահ, այդ օրը ինչ-որ բան սխալ գնաց, կոտրվեց, չկար ամենակարևորը, չէինք կարողանում գոլ խփել»,- ասել է Կրոյֆը։

Նա տեղափոխվել է «Բարսելոնա» և դարձել Լա Լիգայի չեմպիոն, ապա մեկնել է Ամերիկա, վերադարձել է Հոլանդիա և նորից «Այաքսի» կազմում դարձել չեմպիոն, հետո տեղափոխվել «Այաքսի» ոխերիմ մրցակիցների` «Ֆեյենորդի» կազմ և դարձել չեմպիոն։

Dream team

Ի վերջո Կրյոյֆը, արդեն որպես մարզիչ, ստանձնել է «Բարսելոնայի» ղեկավարումը և ստեղծել այն, ինչ անվանել են «dream team»` «երազանքի թիմ»։ Այդ հրաշալի թիմի կազմում էին Պեպ Գուարդիոլան, Խոսե Մարի Բակերոն, Ռոնալդ Կումանը, Միխաել Լաուդրուփը, Ռոմարիոն, Գեորգե Հաջին, Խրիստո Ստոիչկովը։

Նրա «Բարսելոնան» 4 անգամ դարձել է Լա Լիգայի չեմպիոն, շահել է Իսպանիայի գավաթը, Եվրոպայի չեմպիոնների գավաթը։ Մեկնաբանների կարծիքով, Կրոյֆը ոչ այնքան ֆուտբոլիստ էր, որքան փիլիսոփա, ոչ թե մարզիկ էր, այլ մտավորական, ոչ թե դաշտի զինվոր, այլ հանճարեղ հեղափոխական։

Կրոյֆը այն սակավաթիվ մարզիկներից էր, ովքեր դարձել են նաև լավ մարզիչ։ Հանճարեղ եռյակից Պելեն երբեք լավ մարզիչ չի եղել, Մարադոնան առանձնապես մեծ հաջողությունների չի հասել, և միայն Կրյոֆն էր, ով ոչ միայն որպես մարզիկ, այլև մարզիչ՝ վաստակել է ամենապատվավոր տիտղոսները։

«Կրոյֆն է պատկերազարդել «Բարսելոնայի» մատուռը»

Ինչպես ֆուտբոլի մեկնաբան Դեյվիդ Վիններն է նշում, առանց Կրոյֆի չէր լինի այսօրվա ֆուտբոլը, չէին լինի «Բարսելոնան», «Բավարիան», «Միլանը», չէին լինի այսօրվա աստղերը և առաջատար ակումբները, որովհետև հենց Կրոյֆն է մշակել ու հղկել այն, ինչ անվանում են «տոտալ ֆուտբոլ»։ Դա հոլանդացիների գյուտն էր, մեծ մարզիչ Ռինուս Միխելսի մտահղացումը, որի մարմնավորումը Կրոյֆն է ապահովել։

Չկան դաշտի հստակ սահմանված հատվածներ պաշտպանների, կիսապաշտպանների, հարտձակվողների համար, բոլորը կարող են հարձակվել և պաշտպանվել, բոլորի գործողությունները համակարգված են։ Այդ «տոտալ ֆուտբոում էլ» «Բարսայի» հայտնի «տիկի-տակայի» մեթոդն էր, որի նպատակն էր կարճ և արագ, մրցակցի համար անսպասելի փոխանցումներով վերահսկել ամբողջ դաշտը։

«Կրոյֆն է պատկերազարդել «Բարսելոնայի» մատուռը, մեզ մնում էր այն միայն պահպանել և խնամել»,- իր նախկին մարզիչի մասին ասել է Պեպ Գուարդիոլան, ով հետագայում նույնպես դարձել է «Բարսայի» մարզիչ և ապահովել մեծագույն հաջողություններ։

El Salvador

Կրոյֆը որպես խաղացող «Բարսելոնա» է տեղափոխվել 1973-ին։ Այդ տարի նրանք դարձել են Իսպանիայի չեմպիոն, դա ակումբի առաջին հաղթականն էր 14 տարիների ընթացքում։ Կատալոնական ակումբի երկրպագուները Կրոյֆին անվանել են El Salvador` «Փրկիչ»։

«Մնացածներս` մահկանացու»

«Նա այն լեգենդներից է, ով կանգնած է Պելեի, Մարադոնայի կողքին, մենք, մնացյալներս` մահկանացուներ ենք, գալիս ենք և գնում»,- հոր մասին ասել է նախկինում պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ Ժորդի Կրոյֆը։

Յոհան Կրոյֆը իր կարիերայի ընթացքում անցկացրել է 529 խաղ, տարբեր ակումբներում 392 գոլ է խփել, 48 անգամ ելույթ է ունեցել Նիդերլանդների հավաքականի կազմում, խփել է 33 գոլ։

Ֆուտբոլի մեծ վարժապետ

Ընդունելով և զարգացնելով առասպելական մարզիչ Ռինուս Միխելսի գաղափարները, Կրոյֆը հասկացել է, որ ֆուտբոլի զարգացման համար անհրաժեշտ են արդիական դպրոցներ։ Նա վերակազմավորել է «Այաքսի» պատանեկան թիմերի համակարգը, հետագայուն նույնն արել է Բարսելոնայում։

«Այսօր մենք հիանում ենք իսպանական գեղեցիկ, խոհեմ և ստեղծագործական ֆուտբոլով։ Դրա ստեղծամանը շատ է նպաստել հենց Յոհան Կրոյֆը»,- ասում է մեկնաբան Դեյվիդ Վիները։

Nunca te olvidaremos, Flaco​, կամ մեծերը Կրոյֆի մասին

«Նա, անշուշտ, Եվրոպայում ծնված ամենամեծ աստղն», - Ֆրանց Բեքենբաուեր։

«Շատ տխուր եմ, ֆուտբոլի աշխարհը կորցրեց իր իսկական լեգենդներից մեկին, նա փայլուն ֆուտբոլիստ էր և մարզիչ, նրա նվաճումները կրկնել չի լինի, նա նաև շատ լավ մարդ էր», - Ռոյ Հոջսոն, Անգլիայի հավաքականի մարզիչ:

«Նա հոլանդական ֆուտբոլի կնքահայրն է», - Ֆրանք Ռիկկարդ, հոլանդացի աստղ։

«Նա դաշտի ցանկացած հատվածում լավագույյն էր», - Էրիկ Կանտոնա, ֆրանսիացի աստղ։

«Հպարտ եմ, որ ճանաչել եմ Յոհանին, նա իսկական մեծ մարզիկ էր, երբ ստանում էր գնդակը, բոլորը գիտեին, որ հիմա մի անսպասելի բան կանի, նա շատ էր սիրում խաղը, սպորտը և կյանքը», - Սըր Բոբբի Չարլտոն, անգլիացի առասպելական աստղ։

«Ինձ համար նա պարզապես լավագույնն էր», - Միշել Պլատինի, ֆրանսիացի գերաստղ։

«Ես միշտ ասել եմ, որ Կրոյֆը իմ կուռքն է, դա բնավ չի նշանակում, որ հավատարիմ չեմ «Ռեալին»։ Այդպես միայն սահմանափակ մարդիկ կմտածեն», - Էմիլիո Բուտրագենյո, Մարդիդի «Ռեալի» գերաստղ։

«Կասկած չկա, որ նա իմ կյանքում ամենալավ մարզիչն էր, նրա դասերը երբեք չեն մոռացվի», - Ռոմարիո, բրազիլացի գերաստղ։

«Նա իսկական նորարար էր և դա այսօր ես հասկանում։ Ֆուտբոլից հեռացել էր 15 տարի առաջ, բայց միևնույն է՝ շատերից ավելի հեռու էր տեսնում, ես նրանից շատ բան եմ սովորել», - Լուիշ Ֆիգո, պորտուգալացի գերաստղ։

«Նա իմ եղբայրն էր», - Ֆրանց Բենքենբաուեր։

Nunca te olvidaremos, Flaco.. «Մենք քեզ երբեք չենք մոռանա, Նիհար» [ֆուտբոլի աշխարհում Կրոյֆի մականուններից մեկը «Նիհարն» էր], - Դիեգո Մարադոնա, արգենտինացի գերաստղ։

«Մենք կորցրել ենք մեծ մարդու, պետք է պահպանենք նրա կատարելության օրինակը», - Պելե, ֆուտբոլի արքա։

Այսօրվա սերունդը հարգանքի տուրք է մատուցում ֆանտաստիկ հոլանդացուն

«Եվս մեկ լեգենդ մեզ լքեց», - Մեսսի, Արգենտինայի հավաքականի և «Բարսելոնայի» գերաստղ, արդիական աշխարհի լավագույն ֆուտբոլիստ։

«Մարտի 24-ը տխուր օր է «Բարսայի» համար», - Անդրեաս Ինյեստա, կատալոնական ակումբի գերաստղ։

Յոհան Կրոյֆի անմոռանալի բանաձևերը

Ֆուտբոլ խաղալը շատ պարզ է, բայց պարզ ֆուտբոլ խաղալը շատ բարդ է։

Ֆուտբոլ գլխով են խաղում, ոտքերը միայն օգնում են։

Որակը առանց արդյունքի անիմաստ է, արդյունքը առանց որակի` ձանձրալի։

Խաղացողը պետք է ճիշտ պահին լինի ճիշտ տեղում, այլապես նա կամ ուշացել է, կամ ժամանակից շուտ հասել։

Ինչ-որ իմաստով ես, հավանաբար, անմահ եմ...

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG