Մատչելիության հղումներ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մոտ բողոքի ցույցից հետո, երկրպագուների խումբը երթով շարժվեց դեպի Հանրապետական մարզադաշտ՝ աջակցելու Բելառուսի հետ մրցող Հայաստանի հավաքականին:

«Հայկական առաջին ճակատի» անդամները, սակայն, մարզադաշտ մտնելիս խոչընդոտների հանդիպեցին․ ոստիկաններն ու կարգադրիչները հատուկ ուշադրությամբ ստուգում էին երկրպագուների մոտ գտնվող պաստառների բովանդակությունը, քիչ անց քաշքշուք սկսեց:

Ի վերջո, երկրպագուներին թույլատրվեց մտնել մարզադաշտ:

Անվտանգության աշխատակիցներից մեկն ասաց, որ իրենք հատուկ այս խմբին չեն ստուգում: «Ստուգվում է զուտ պլակատի բովանդակությունը․․․ կարող ա հայհոյանք լինի, անպարկեշտ բառ լինի», - ասաց նա՝ հերքելով, թե իրենց գործողությունները որևէ կերպ առնչվում են Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի պահանջին:

Ամիսներ առաջ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, թե հավաքականում դավաճանություն է եղել: Իսկ օրեր առաջ Հայրապետյանը հայտարարեց, որ անձամբ արգելել է հավաքական հրավիրել առաջատարներ Յուրա Մովսիսյանին և Ռոբերտ Արզումանյանին, ինչպես նաև դարպասապահ Գևորգ Կասպարովին:

Երկրպագուները համաձայն չեն ֆեդերացիայի նախագահի հետ: Նրանցից մեկն ասաց․ - «Պետք է ինքը գիտակցի, որ պետք չի խառնվել թիմի գործերին: Հաստատ մարզիչը ավելի պրոֆեսիոնալ է»:

«Հայկական առաջին ճակատի» հիմնադիր անդամ Սերգեյ Ջանջոյանն ասաց, որ իրենք հավաքականի կողքին են․ - «Շատ երկրպագուներ հիասթափություն են ապրում, բոյկոտում են, բայց պետք չէ բոյկոտել: Մեր նպատակն է՝ բոլոր հարցերի լուծումը մարզադաշտում: Բոյկոտը սխալ ճանապարհ է»:

XS
SM
MD
LG