Մատչելիության հղումներ

Հայաստանում թռչնամսի արտադրությունը վտանգված է


Դեռ 2015-ին Արմավիրոմ գործող այս թռչնաֆաբրիկան այս տարի արդեն անգործության է մատնվել
Դեռ 2015-ին Արմավիրոմ գործող այս թռչնաֆաբրիկան այս տարի արդեն անգործության է մատնվել

Ոլորտի մասնագետների պնդմամբ, թռչնամսի արտադրությունը ծանր վիճակի մեջ հայտնվեց հատկապես Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո:

Արմենակ Խաչատրյանի՝ Արմավիրի մարզում գործող երեք թռչնաֆաբրիկաներից երկուսը կողպել են դռները: Թռչնանոցները դատարկ են, հոլանդական սարքավորումները՝ կանգնած: «Աստիճանաբար մարեցինք»,- ասում է տնօրենը:

Ուղիղ մեկ տարի առաջ Արմավիրի այլևս չգործող այս թռչնաֆաբրիկաներից մեկն էր այցելել վարչապետ Հովիկ Աբրահամյանը, շրջել էր ճտերով լի թռչնանոցներում ու լրագրողների հետ զրուցել՝ տեղական արտադրողին աջակցելու և տեղական թռչնամսի արտադրությունն ավելացնելու անհրաժեշտության մասին: «Մենք պետք է օգնենք, որպեսզի նաև մեր ներքին արտադրողները․․․խրախուսենք իրենց և տանք հնարավորություն, որպեսզի արտադրության ծավալները մեծացնեն, որը լրացուցիչ աշխատատեղեր կստեղծի․․․»,- ասել էր Աբրահամյանը:

Վարչապետի այս հայտարարությունից մեկ տարի անց թռչնամսի արտադրությունն այստեղ կանգ է առել, իսկ մի քանի հարյուր աշխատողներին տնօրեն Արմենակ Խաչատրյանը ստիպված է եղել տուն ուղարկել: «Մարդիկ անընդհատ գալիս են, հարցնում են՝ ի՞նչ անենք, գնանք Ռուսաստա՞ն, թե մնանաք: Ասում եմ՝ ժողովուրդ ջան, կարող ա ես էլ եմ ձեզ հետ գալու Ռուսաստան»,- պատմում է տնօրենը:

Փետրվարից նա փորձում է վերագործարկել թռչնամիս արտադրող երեք ֆաբրիկաներից գոնե մեկը, այն էլ՝ հզորության մեկ երրորդի չափով: Խաչատրյանի խոսքով՝ սկսել են աշխատել ծանոթների և ընկերների բարի կամքի շնորհիվ: Օրինակ, իրանցի գործընկերն է մեկ օրական ճտեր ուղարկել՝ գումարը հետո վճարելու պայմանով:

Թռչնաֆաբրիկաների տնօրենը դեռ կես տարի առաջ էր ահազանգում ստեղծված ծանր վիճակի մասին: Գազի, էլեկտրաէներգիայի գների անվերջ թանկացումները, դրամի կտրուկ արժեզրկումը ուժեղ հարված էին հասցրել գործարարին: Նա հիմա էլ է շարունակում ահազանգել: «Էդ ահազանգերն արդեն դարձել ա առավոտյան աղոթք․․․»: Արմենակ խաչատրյանի խոսքով՝ պետական աջակցություն է անհրաժեշտ: «Սա ուղղակի խնդրանք ա, էս տնտեսություններն ուղղակի ափսոս են, ֆինանսավորում է անհրաժեշտ, չենք հասցնում՝ գազը, լույսը, վարկը․․․»,- ասում է նա:

Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանն էլ նշում է՝ թռչնամսի արտադրությամբ զբաղվողները ծանր վիճակի մեջ են հայտնվել հատկապես Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո: Հայաստանում թռչնամսի արտադրությունը չի սուբսիդավորվում, մինչդեռ՝ ԵՏՄ անդամ մյուս երկրներում, նրա խոսքով, գործունեության անհամեմատ ավելի լավ պայմաններ են ստեղծվել: «Նրանք իրենց գյուղմթերք արտադրողներից ԱԱՀ են գանձում ընդամենը 10 տոկոս, ի տարբերություն մեր 20 տոկոսի, եթե պարզ հաշվարկ անենք, միայն էդ սուբսիադավորումը և ԱԱՀ-ի ավելի ցածր սանդղակը նրանց հնարավորություն ա տալիս ցածր ինքնարժեքով ապրանք արտադրել ու մտնել կողքի շուկաները»,- մասնավորապես, նկատում է Թռչնաբույծների միության նախագահը:

Ստեփանյանն, այդուամենայնիվ նշում է՝ այժմ վիճակն ավելի լավ է, քան 2015-ի ամռանը: Գործարարներն «իրենք են սկսել կողմնորոշվել բարդ իրավիճակում»: Սակայն՝ խնդրի հիմնարար լուծման համար պետական համակարգված մոտեցում է անհրաժեշտ, այլապես Հայաստանը թռչնամսի սեփական արտադրությունը կարող է ձեռքից բաց թողնել:

Գյուղնախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանն «Ազատության» հետ զրույցում խնդրի առնչությամբ ասաց ՝ «Թռչնաբույծների միության նախագահը մեզ մոտ եղել ա, էդ հարցերը բարձրացրել ա, փորձում ենք ինչ-որ օգնել: Իսկ ինչ վերաբերում ա նշված թռչնաֆաբրիկային, ճիշտ է ՝ դեռ դեկտեմբեր ամսին ունեցել են ֆինանսական խնդիրներ, հիմա խնդիրների մի մասը լուծվել ա, ինքը կարողացել ա վերագործարկել Բաղրամյանի տնտեսությունը և հիմա ուզում ա հասնի իր նախկին հզորություններին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG