Մատչելիության հղումներ

Արշակ Ամիրբեկյանը հանդիսատեսի դատին ներկայացրեց իր «Մարիամի մեկ կիրակին» ֆիլմը


Դրվագ «Մարիամի մեկ կիրակին» ֆիլմից:

Դրվագ «Մարիամի մեկ կիրակին» ֆիլմից:

Գեղարվեստական ֆիլմի պրեմիերան կայացավ «Մոսկվա» կինոթատրոնում:

Ֆիլմի գլխավոր դերակատարներն են Ռուզան Վիթ Մեսրոպյանը, որը հայ հասարակությանը շատ հայտնի է Չալդրանյանի «Քրմուհին» ֆիլմի գլխավոր դերակատարումից, և Աշոտ Ադամյանը, որի անունը հայ կինոարվեստի երկրպագուներին մի շարք ֆիլմերից է հայտնի՝ թե՛ «Կտոր մը երկնքից», թե՛ Ատոմ Էգոյանի «Օրացույցից», թե բազմաթիվ այլ ֆիլմերից:

«Հայաստանում կան հրաշալի դերասաններ», - ցուցադրմանը նախորդած ասուլիսում ասաց ֆիլմի սցենարի հեղինակ և ռեժիսոր Արշակ Ամիրբեկյանը: - «Այդ հրաշալի դերասանների մի մասը այնքան ուշադրության չի արժանանում, ինչքան որ անհրաժեշտ է: Իրականում ես զգում էի, որ ես գտել եմ մեծ գանձ»:

Նա փոխանցեց, որ ֆիլմը նկարահանվել է բացառապես իր և իր համախոհների միջոցներով: Ֆիլմը ստեղծելուն իրեն մղել է մի պատահական հանդիպում․ - «Ֆիլմը մարմնավաճառի մասին է, բայց ոչ մարմնավաճառության: Եվ ծնվել է մի փոքր միջադեպից, երբ ես մի տարի առաջ քայլում էի այդ նույն փողոցներով, որտեղ տեղի է ունենում առաջին դրվագը, ընդառաջ ինչ-որ մարմնավաճառների խումբ էր գալիս: Ես արագ էի քայլում, ձեռքս դրեցի սրտիս, նրանցից մեկը նայեց ինձ և ասաց՝ հա, էս կյանքին սիրտ կդիմանա՞»:

Ֆիլմի գլխավոր հերոսը՝ հասուն տարիքի նկարիչը, հերոսուհուն՝ 20-ամյա մարմնավաճառ Մարիամին, պատահաբար է հանդիպում կիրակի վաղ առավոտյան, և վերջինս ամբողջ օրն անցկացնում է նկարչի և նրա հարազատների՝ կնոջ ու հորեղբոր հետ, վայելում է նրանց մարդկային, հոգատար, անշահախնդիր վերաբերմունքը և աստիճանաբար հոգեբանորեն վերափոխվում է հանդիսատեսի աչքի առաջ:

Ֆիլմը դիտելուց հետո կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր Հրանտ Վարդանյանը «Ազատության» հետ զրույցում ասաց․ - «Այն կինոյի կարգին է պատկանում, որն այսօր պակասում է: Այսինքն պոետիկ էր կինոն․․․ իսկական էր, մարդկային էր: Հերոսը մարդն է․ ո՛չ նրա մասնագիտությունը, ո՛չ նրա անցած ճանապարհը․․․ այլ ա՛յդ մարդը ա՛յդ պահին: Լույս կար»:

«Ես գտնում եմ, որ յուրաքանչյուր արտիստի առաքելությունն է անդրադառնալ նման թեմաների՝ փորձել փրկել այդ կենսագրությունները, որոնք իրենց ցանկությամբ չեն հայտնվում այդտեղ: Պիտի մի բան էլ շեշտեմ, որն ինձ համար շատ ցավոտ է․ մարմնավաճառությունը հասկանալի է, թե ինչ է, բայց երբ մարդիկ, մարմնավաճառությունից զատ, զբաղվում են հոգեվաճառությամբ, որը քաղցկեղի պես արդեն տարածվում է մեր երկրում․․․ Հոգեվաճառությունը մեծագույն մեղք եմ համարում և անգամ չեմ համեմատի մարմնավաճառության հետ: Հոգեվաճառությունը դա նա է, երբ մարդը դավաճանում է ինքը իրեն, դավաճանում է Աստծուն, դավաճանում է մարդկային, աստվածային սկզբունքներին, երբ ծախում է շատ կարևոր բաներ՝ հանուն կարիերայի, հանուն աթոռի, հանուն փողի․․․ Դրանք ինձ համար սարսափելի բաներ են, դրանք իսկապես կործանարար են»:

Հայաստանում այս մեկ ցուցադրությունից հետո Արշակ Ամիրբեկյանը մտադիր է պարզ մարդկային սիրով, բարությամբ ու ջերմությամբ տոգորված այս ֆիլմը ներկայացնել տարբեր միջազգային կինոփառատոններում:

XS
SM
MD
LG