Մատչելիության հղումներ

Ռուզաննա Եղնուկյանի ամուսինը պատրաստվում է հանցագործության մասին հաղորդում ներկայացնել


Ռուզաննա Եղնուկյանը՝ բողոքի ակցիայի ժամանակ վնասվածք ստանալուց հետո, 25-ը մարտի, 2016թ․

Ռուզաննա Եղնուկյանը՝ բողոքի ակցիայի ժամանակ վնասվածք ստանալուց հետո, 25-ը մարտի, 2016թ․

Կարո Եղնուկյանը պահանջում է բացահայտել՝ արդյո՞ք իր կնոջը հարվածողը ոստիկան է եղել:

«Նոր Հայաստանի» երեկվա ակցիայի ընթացքում՝ ոստիկանների հետ բախման ժամանակ վնասվածք ստացած Ռուզաննա Եղնուկյանը նույն օրը երեկոյան տուն է գնացել հիվանդանոցից:

Ամուսինը՝ Կարո Եղնուկյանը, պատրաստվում է հանցագործության մասին հաղորդում ներկայացնել Դատախազություն ու Քննչական կոմիտե՝ պահանջելով բացահայտել՝ արդյո՞ք իր կնոջը հարվածողը ոստիկան է եղել:

Ոստիկանությունից փոխանցեցին, որ միջադեպի շուրջ ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է սկսվել:

«Կարծում եմ՝ ինչպես անցյալում է եղել, այս անգամ էլ ծածկադմփոց է լինելու, կարող է նույնիսկ տուժող ճանաչեն Ռուզանին: Գևորգ Սաֆարյանը տուժող է ճանաչված, բայց կալանքի մեջ է: Խեղկատակություն է՝ տուժող ճանաչելն էլ արդեն իմաստը կորցնում է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Կարո Եղնուկյանը:

Ճակատի վիրակապը փոխելու համար այսօր հիվանդանոց գնացած Ռուզաննա Եղնուկյանը «Ազատությանը» ասաց՝ երեկվա համեմատ ինքնազգացությունը լավացել է, բայց դեռ չի կարողանում առանց ակնոցի փողոց դուրս գալ՝ լույսից աչքերը ցավում են: Ասաց՝ չի հիշում ով ու ինչպես իր գլխին հարվածեց, միայն հիշում է, որ ոստիկանները կանգնել էին մազերին․ - «Որ գետնին էի՝ մազերիս վրա քայլել էին, ըստ երևույթին, որովհետև չէի կարողանում գլուխս բարձրացնել: Ոստիկաններ էին իմ գլխավերևում, կոնկրետ՝ հարված եմ զգացել գլխիս: Ինձ թվում ա՝ ոտքի հարված էր»:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Մանուկյանի խոսքով՝ Ռուզաննա Եղնուկյանը ստացել էր ճակատի մաշկի վերք, ոչ թե գլխի բաց վնասվածք, իսկ ուղեղի ցնցում էլ, ասաց՝ չի եղել․ - «Ճակատի վրա կար մաշկի ամբողջականության խախտում․ կարվել է, նկարվել է գլուխը, պարանոցը, կրծքավանդակը: Նշեց, որ ցավում է ձախ ձեռքը: Ձախ ձեռքը ամբողջականությամբ նկարել ենք, որևէ ոսկրային կոտրվածք չկար: Մաշկի վրա կար թեթև քերծվածքներ: Կրծքավանդակի ռենտգենը մաքուր է, կողոսկրերի կոտրվածք չկար»:

Ոստիկանները պնդում են, թե կինը վնասվել է ցուցարարների հրմշտոցի արդյունքում, մինչդեռ «Նոր Հայաստանի» ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանի խոսքով՝ ոստիկանները հերթական անգամ բռնի ուժ են կիրառել ակտիվիստի, այս դեպքում՝ նաև կանանց նկատմամբ:

«Կադրերի մեջ երևում էր շատ ակտիվ մի լեյտենանտ, որը 2013 թվականին աչքի ընկավ Արմեն Մարտիրոսյանի նկատմամբ բռնություն գործադրելով: Նույն կերպ իրեն պահում էր երեկվա ակցիայի ժամանակ: Նաև բերման ենթարկելուց քաղաքացիների նկատմամբ բռնություն է գործադրել: Անհամաչափ բռնություն և ապօրինություն», - նշեց Ավետիսյանը:

Իշխող Հանրապետականի խոսնակ էդուարդ Շարմազանովը, երեկ, անդրադառնալով միջադեպին, պնդեց, թե ցուցարարները պետք է հարգեն ոստիկաններին` հավելելով` իրավապահներն իրենք չէին ցանկանում բախումներ:

«Ինձ համար անակնկալ էր, որ մեր քաղաքում, մեր Հայաստանում, մեր աշխարհընկալման մեջ ընդունված չի եղել, որ կանայք պառկեն և մեխեն իրենց ասֆալտից: Ես չգիտեմ, դա մի՞գուցե այլ ձև է։ Ինձ համար դա մի քիչ անակնկալ էր», - հավելեց ՀՀԿ խոսնակը:

Կարո Եղնուկյանը հակադարձում է՝ «հայ կինը իրեն շղթաներով չէր կապել, հայ կինը այնտեղ կանգնած էր ոտքի՝ շղթաներով կապված երիտասարդների ետևում՝ պլակատը ձեռքին, և նույնիսկ եթե պառկել է՝ դա հեչ կապ չունի»:

Վարուժան Ավետիսյանն էլ հավելում է․ - «Նշանակում է հետևյալը, որ հայը ուղղակի պիտի գլուխը կախ, հլու-հնազանդ ստրուկի նման ենթարկվի»:

XS
SM
MD
LG