Մատչելիության հղումներ

Կանանց կազմակերպությունները դատապարտում են ոստիկանության երեկվա գործողությունները


Ոստիկանները բացում են Մաշտոցի պողոտան, 24-ը մարտի 2016թ.

Ոստիկանները բացում են Մաշտոցի պողոտան, 24-ը մարտի 2016թ.

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան դատապարտել է «Հայ կանանց ճակատ» նախաձեռնության անդամների և մի խումբ այլ քաղաքացիների հանդեպ ոստիկանության երեկվա գործողություններն ու դրանք որակել ոչ իրավաչափ:

«Հիշեցնում ենք, որ «Հավաքների ազատության մասին» օրենքը նախատեսում է, որ եթե հավաքը խաղաղ բնույթ ունի, ապա Ոստիկանությունն իր իրավասությունների սահմաններում պարտավոր է աջակցել հավաքին։ Թեկուզ առանց իրազեկման, բայց խաղաղ բնույթ ունեցող հավաքը ցրելու անթույլատրելիության և այդպիսի հավաքին աջակցելու Ոստիկանության պարտականության մասին իրավական դիրքորոշում է արտահայտվել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներում: Բացի այդ, ոստիկանության գործունեությունը կարգավորող իրավական ակտերն արգելում են ոստիկանին ծառայողական պարտականություններն իրականացնելիս որևէ վերաբերմունք, դիրքորոշում արտահայտել, կամ գնահատականներ հնչեցնել քաղաքական որևէ երևույթի, գործընթացի կամ դրանցում ներգրավված անձանց վերաբերալ, այնինչ ակցիայի ժամանակ ոստիկանները հայհոյել և անարգել են քաղաքացիներին», - ասված է հայտարարությունում:

Կոալիցիան կոչ է արել Հատուկ քննչական ծառայությանը մանրամասն քննել Ոստիկանության ծառայողների «ոչ իրավաչափ» գործողությունները:

«Պահանջում ենք ԵԱՀԿ երևանյան գրասենյակից՝ որպես Հայաստանի ոստիկանության վերափոխմանն ու արդիականացմանն ուղղված ծրագրերի իրականացնողի, իրենց դիրքորոշումն արտահայտել վերոնշյալ երևույթների վերաբերյալ: Վերահաստատում ենք այն սկզբունքը, ըստ որի Ոստիկանության աշխատանքը արդյունավետ է միայն այն դեպքում, երբ ոստիկանությունը կանգնած է մարդու իրավունքների պաշտպանության առաջնագծում՝ երաշխավորելու օրենքի գերակայությունը և ոստիկանության բարձր չափանիշները», - ասված է հայտարարությունում:

«Ժառանգություն» կուսակցության կանանց խորհուրդը ևս դատապարտել է«Հայ կանանց ճակատ»-ի մարտի 24-ի խաղաղ ակցիայի մասնակից կանանց, և մասնավորապես` Ռուզաննա Եղնուկյանի նկատմամբ ոստիկանության «ապօրինի բռնի գործողությունները» և պահանջել պատկան մարմիններից՝ անհապաղ քայլեր ձեռնարկել «նման վարքագծի որևէ այլ դրսևորում բացառելու և կանանց նկատմամբ բռնություններ իրականացնողներին օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելու համար»։

«Հասարակությունը չի կարող ազատագրված համարվել, եթե կինը ստրկության մեջ է, առավել ևս հասարակությունը չի կարող ազատագրվել, եթե չդատապարտվեն ոստիկանության բռնությունները անարդարության դեմ կենդանի բողոք արտահայտող կնոջ նկատմամբ», - ասված է հաղորդագրությունում:

«Ժառանգության» կանանց խորհուրդը կոչ է արել հասարակական և քաղաքական կազմակերպություններին, մտահոգ քաղաքացիներին, ովքեր պայքարում են կանանց հասարակական և քաղաքական կյանքում լիարժեք ներգրավվածության համար, բռնությունների դեմ, դատապարտել ոստիկանների կողմից իրականացրած ապօրինությունները:

Երեկ «Նոր Հայաստան» շարժման անդամները քաղաքացիական ակտիվիստ Գևորգ Սաֆարյանին ազատ արձակելու պահանջով փակել էին Մաշտոցի պողոտան: Ցուցարարներից ոմանք ձեռքերը շղթայած պառկել էին փողոցի երկայնքով, մյուսները շղթաները մեխում էին ասֆալտին: Րոպեներ անց տեղ հասած իրավապահները ուժի գործադրմամբ բացեցին փողոցը․ պառկած ակտիվիստներին հրելով մտցնում էին ոստիկանական մեքենաներ ու բերման ենթարկում կամ քարշ տալիս մայթեր: Գետնին պառկած Ռուզաննա Եղնուկյանը մարմնական վնասվածք ստացավ։

Ակտիվիստների պնդմամբ, Եղնուկյանը վնասվածք է ստացել ոստիկանի ոտքի հարվածից, ոստիկանների խոսքով՝ կինը վնասվել է ակցիայի մասնակիցների հրմշտոցի արդյունքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG