Մատչելիության հղումներ

Պայթյուններ իրականացնողների մեկ երրորդը նույն ընտանիքից են


Ոստիկանները ստուգում են Բրյուսելի օդանավակայանի տարածքը, 23-ը մարտի, 2016թ.
Ոստիկանները ստուգում են Բրյուսելի օդանավակայանի տարածքը, 23-ը մարտի, 2016թ.

Փորձագետի համոզմամբ, ջիհադիստ ծայրահեղականները նոր մարտավարություն են գործի դրել՝ Եվրոպայում հավաքագրելով ամբողջական ընտանիքների։

Մինչ եղբայրներն ու քույրերը կրկին միավորվում են ահաբեկչության շուրջ, մասնագետները փորձում են հասկանալ ընտանեկան կապի գործոնը, գրում է New York Times-ը՝ անդրադառնալով հերթական եղբայրական զույգի կողմից իրականացված այս անգամ բրյուսելյան ահաբեկչությանը։

Թերթը հիշեցնում է, որ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին Միացյալ Նահանգներում ահաբեկչություն իրականացրած 19 անձանց թվում կային երեք զույգ եղբայրներ։ Ցանկը շարունակելի է. 2015 թվական, հունվար, Փարիզ, Կուաշի եղբայրներ Շարիֆը և Սաիդը «Շառլի Էբդո» երգիծական հանդեսի խմբագրությունում սպանեցին 16 մարդու։

Ցարնաև եղբայրներ Ջոխարը և Թամերլանը 2013 թվականին բոստոնյան մարաթոնի ժամանակ պայթյուն կազմակերպեցին՝ խլելով տասնյակ մարդկանց կյանքեր։

«Եղբայրները իդեալական օբյեկտ են ահաբեկչական խմբավորումների կողմից հավաքագրման համար։ Նրանք ուժեղ ազդեցություն ունեն միմյանց վրա և սովորաբար իրար հետևում են», - գրում է թերթը։

«Եղբայրները իրավապահների համար լուրջ խնդիր են, նրանք հիմնականում բնակվում են նույն բնակարանում և միմյանց հետ շփվում են առանց հեռախոսների, որոնք կարող են գաղտնալսվել։ Ընտանեկան կապերը հաճախ, չնայած ոչ միշտ, կարող են երաշխիք լինել, որ օղակի անդամներն իրար չեն մատնի», - վերլուծում են New York Times-ի լրագրողները։

Միա Բլումը՝ «Ընտանեկան միջավայրում ահաբեկիչ եղբայրների ամփոփ ուղեցույց» վերտառությամբ հայտնի գրքի հեղինակը, մի ամբողջ գիտական հետազոտություն է անցկացրել, որը փաստում է, որ մարդկանց մեկ երրորդը, որոնց ահաբեկչական խմբավորումներն ուղարկում են պայթյուններ իրականացնելու, սերված են նույն ընտանիքից։

Բլումի խոսքով, իր ուսումնասիրությունները նաև ցույց են տալիս, որ եղբայրներին շատ հաճախ միտումնավոր տարբեր վայրեր են ուղարկում։ «Դրանց ահաբեկչությունների ուղարկողները մտավախություն ունեն, որ, եթե եղբայրներին նույն վայրը, նույն առաջադրանքին ուղարկեն, ապա նրանցից մեկը կարող է մյուսին համոզել, հանուն իր նկատմամբ տածած սիրո փախչել, մտքափոխվել», - բացատրում է փորձագետը՝ շարունակելով. - «Մինչդեռ տարբեր վայրեր գնալով՝ եղբայրներից յուրաքանչյուրը կատարում է իր առաջադրանքը որովհետև նախ՝ չեն ուզում հիասաթեցնել իրար, բացի այդ էլ նրանք չեն կարողանա համակերպվել առանց իրար շարունակել ապրելու մտքի հետ»։

Բլումը մատնանշում է 2004 թվականին Ռուսաստանում չեչեն մահապարտների մասնակցությամբ տեղի ունեցած ահաբեկչությունները, երբ Ամանաթ Նագաևը իրեն պայթեցրել է Մոսկվայից Վոլգոգրադ ուղևորվող օդանավում, իսկ մեկ շաբաթ անց էլ նրա քույլը՝ Ռոզանն իրեն պայթեցրել է Մոսկվայի «Ռիժսկայա» մետրոյի կայարանում՝ խլելով ևս տասը հոգու կյանք։

Բլումի համոզմամբ, ջիհադիստ ծայրահեղականները նոր մարտավարություն են գործի դրել՝ Եվրոպայում հավաքագրելով ամբողջական ընտանիքների։

«Այժմ մենք տեսնում ենք ահաբեկչություններ քույրերի և եղբայրների կատարմամբ», - գրում է Բլումը։ Իսկ նոր միտումը, որը կանխատեսում է փորձագետը, ծնողների և երեխաների կատարմամբ ահաբեկչություններ են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG