Մատչելիության հղումներ

«Մոսկվան չի կարող իր հասցեին ընդունել Ադրբեջանի նախագահի մեղադրանքները»․ ՌԴ ԱԳՆ


ՌԴ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովա

ՌԴ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովա

Մոսկվան չի կարող իր հասցեին ընդունել Ադրբեջանի նախագահի մեղադրանքները, թե Մինսկի խմբի որոշ համանախագահներ իրենց ապակառուցողական գործունեությամբ նպաստում են ղարաբաղյան հակամարտության սառեցմանը, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ մարտի 24-ի ճեպազրույցում ասել է Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան:

«Դա չենք կարող մեր հասցեին ընդունել, որովհետև բանակցային գործընթացում մենք բազմամյա և կառուցողական մասնակից ենք, և մեր նպատակների անկեղծությունը, կարծում եմ, ապացուցված է»,- ասել է Զախարովան՝ հավելելով, թե մյուս համանախագահների հետ ադրբեջանական և հայկական կողմերի հետ միասին ցանկանում են այդ բարդ իրավիճակի հանգուցալուծումը, որը երկար տարիներ մեծ խնդիր է երկկողմ հարաբերություններում:

«Մենք շատ ենք ցանկանում, որ այդ խնդիրը վերջապես դուրս գա օրակարգից»,- նաև ասել է Զախարովան՝ նշելով, որ կարգավորումը պետք է լինի միջազգային օրենքի, կողմերի հավասարության և հարգանքի վրա:

Բրիֆինգում Զախարովան նաև հայտնել է, որ նախապատրաստվում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Ադրբեջան: «Այդ փուլում այցը մշակվում է, այցի ժամկետները և քննարկվելիք հարցերը քննարկվում են ադրբեջանական կողմի հետ, լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի այցի մանրամասները ճշգրտելուց հետո»:

Փետրվարի վերջին լրատվամիջոցները հաղորդել էին Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի արտգործնախարարների հնարավոր հանդիպման մասին: Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչը ասել էր, թե նման հանդիպում է պլանավորվում, և այն հնարավոր է՝ տեղի ունենա մոտ ապագայում, հիշեցնում է «Ինտերֆաքս»-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG