Մատչելիության հղումներ

Դատարանն այսօր կքննի Սաֆարյանի կալանքը երկարացնելու՝ քննիչի միջնորդությունը


Գևորգ Սաֆարյան, արխիվ
Գևորգ Սաֆարյան, արխիվ

«Նոր Հայաստան»-ի անդամ Վարուժան Ավետիսյանի խոսքով, շարժումը Գևորգ Սաֆարյանին ազատ արձակելու հարցում հույսեր չի կապում իրավական գործընթացների հետ։

«Մենք հավատում ենք մեր պայքարին, ինչպես տեսնում եք, մեր քաղաքացիները պայքարում են Գևորգ Սաֆարյանի և մյուս քաղբանտարկյալների ազատության համար, և նաև որոշակի հույս են կապում միջազգային համայնքի համապատասխան ճնշումների ազդեցության հետ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ավետիսյանը։

Նա նշեց, որ Սաֆարյանի կալանավորման առաջին իսկ օրից ստացել են միաջազգային կառույցների արձագանքը։ «Փառք Աստծո, հենց առաջին օրերից Գևորգի առումով եղավ Human Rights Watch-ի հայտարարությունը և ուղիղ պահանջը, և այնուհետև նաև այլ իրավապաշտպան կազմակերպությունների։ Օրերս Հայաստանում Եվրոպական միության դեսպան պարոն Սվիտալսկին նույնպես հերթական անգամ անդրադարձավ այդ հարցին։ Այնպես որ կա, մենք տեսնում ենք այդ ճնշումը և այդ ճնշման հետևանքն է, որ դատախազները չեն հաստատում մեղադրանքը, հետ են ուղարկում, քննիչ են փոխում, քննչական խումբ են փոխում, մեկ ամիս են ուզում, հետո մեկուկես ամիս են ուզում, այս խեղկատակությունը, որ համակարգը դրսևորում է հասարակության և միջազգային հանրության զուգահեռ ճնշումների ազդեցությամբ, ակնհայտ է», - ասաց Ավետիսյանը։

Գևորգ Սաֆարյանը ձերբակալվել է Ամանորի գիշերը, ապա երկու ամսով կալանավորվել՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով։ Այնուհետև դատարանը Սաֆարյանի կալանքը երկարաձգելու որոշում է կայացրել։

Ապրիլի 1-ին Սաֆարյանի կալանքի ժամկետն ավարտվում է։ Քննիչը մեկուկես ամսով կալանքը երկարացնելու նոր միջնորդություն է ներկայացրել։ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանն այսօր կքննի քննիչը միջնորդությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG