Մատչելիության հղումներ

ՀՀԿ խոսնակ. «Մենք պետք է զերծ մնանք պրովոկացիաներից, սադրանքներից»


Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանով

Շարմազանովը՝ երեկ Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած բախումների մասին։

Հայաստանի Հանրապետությունում ցանկացած ակցիա, ցանկացած գործողություն պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության օրենսդրության խստագույն պահպանման պայմաններում, երեկ Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գործադիր մարմնի նիստից հետո ասաց ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

«Ես ընդունում եմ, որ մեր քաղաքացիները, օրենքով սահմանված կարգով, իրավունք ունեն իրենց կարծիքը արտահայտելու, իրենց բողոքի ակցիաները կազմակերպելու, բայց միևնույն ժամանակ չեմ ուզում դատավորի ֆունկցիա ինձ վրա վերցնել, բայց ինձ համար անակնկալ էր, որ տեղի ունեցավ մի բան, որը մեր մենթալիտետի համար, կամ մեր մայրաքաղաքում, կամ մեր երկրում, կարծես թե, առաջին անգամ տեղի ունեցավ։ Ինձ համար մեր քաղաքում, մեր Հայաստանում, մեր աշխարհընկալման մեջ ընդունված չի եղել, որ կանայք պառկեն և մեխեն իրենց ասֆալտից, ես չգիտեմ, դա մի՞գուցե այլ ձև է։ Ինձ համար դա մի քիչ անակնկալ էր», - «Ազատության» հարցին ի պատասխան, ասաց Շարմազանովը։

Երեկ «Նոր Հայաստան» շարժման անդամները քաղաքացիական ակտիվիստ Գևորգ Սաֆարյանին ազատ արձակելու պահանջով փակել էին Մաշտոցի պողոտան: Ցուցարարներից ոմանք ձեռքերը շղթայած պառկել էին փողոցի երկայնքով, մյուսները շղթաները մեխում էին ասֆալտին: Րոպեներ անց տեղ հասած իրավապահները ուժի գործադրմամբ բացեցին փողոցը․ պառկած ակտիվիստներին հրելով մտցնում էին ոստիկանական մեքենաներ ու բերման ենթարկում կամ քարշ տալիս մայթեր: Գետնին պառկած Ռուզաննա Եղնուկյանը մարմնական վնասվածք ստացավ, արնահոսող ճակատով կինը տևական ժամանակ պառկած էր պողոտայի կենտրոնում:

Ակտիվիստների պնդմամբ, Եղնուկյանը վնասվածք է ստացել ոստիկանի ոտքի հարվածից, ոստիկանների խոսքով՝ կինը վնասվել է ակցիայի մասնակիցների հրմշտոցի արդյունքում։

Անդրադառնալով կնոջ հետ տեղի ունեցած միջադեպին, ՀՀԿ խոսնակն ասաց. - «Ինչ վերաբերում է ականատեսներին, կարող են լինել նաև այլ ականատեսներ և այլ պնդումներ, որ դա ոստիկանները չեն արել, կամ պատահաբար է եղել, որովհետև մեխած են եղել։ Ես չեմ ուզում ստանձնել՝ ո՛չ դատախազի, ո՛չ դատավորի ֆունկցիա, բայց մի բան հստակ է, որ ես ինքս տեսել եմ ձեր ռադիոկայանի [«Ազատություն»] տեսանյութը և այնտեղ իմ մոտ տպավորությունն այնպես է եղել, որ ոստիկաններն իրենք չէին ցանկանում բախումներ, իսկ Հայաստանում, ցանկացած ժողովրդավարական երկրում մենք պետք է զերծ մնանք պրովոկացիաներից, սադրանքներից։ Ինձ համար սադրանքներն ընդունելի չեն»։

«Մենք շատ ենք հարգում մեր քաղաքացիներին, մեր քաղաքացիների ազատության իրավունքը, բայց յուրաքանչյուր ժողովրդավարական երկրում սկսած Միացյալ Նահանգներից մինչև Ֆրանսիա, բոլորը ակցիա իրականացնելուց, հարգանք ունեն նաև ոստիկանների նկատմամբ, մենք պետք է սովորենք հարգել մեր ոստիկաններին», - ասաց ՀՀԿ խոսնակը։

XS
SM
MD
LG