Մատչելիության հղումներ

Հայաստանում յուրաքանչյուր 5-րդ երեխա լիարժեք սնունդ չի ստանում


Խաչիկը, Սարգիսն ու Լուսինեն այսօր 3 հատ կարտոֆիլ, մի քանի հատ կանաչ սոխ ու հաց ունեին ուտելու․․․ երեք անչափահաս երեխաները ստիպված են լինելու այսպիսի սննդակարգով բավարարվել մինչև ամսվա վերջ։

Պատահում է՝ տանը առհասարակ ուտելու բան չի լինում։ Այդպիսի օրերին «գնում ենք խաղում ենք, որ օրներս շուտ անցնի», պատմում են երեխաները։

Ասատրյանների ընտանիքը բացառություն չէ․ Հայաստանում յուրաքանչյուր 5-րդ երեխան լիարժեք սնունդ չի ստանում, փաստում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության և Պարենի համաշխարհային ծրագրի հրապարակած զեկույցը։

5 տարեկանից փոքր երեխաների 19 տոկոսի մոտ թերաճ կա...
Զեկույց

Մասնագետների պնդմամբ՝ թերսնման հետևանքով 5 տարեկանից փոքր երեխաների 19 տոկոսի մոտ թերաճ կա, տարեցտարի ավելանում է կարճահասակ, սակավարյունությամբ տառապող, ֆիզիկական և մտավոր արատներ ունեցող երեխաների թիվը:

Մանկաբույժ Սուսաննա Հարությունյանի համար սա մտահոգիչ ցուցանիշ է, առավել ևս, որ վերջին տարիներին դրական տեղաշարժ չի արձանագրվել․ - «Նաև այդ երեխան ավելի շատ է հիվանդանում, նաև մահացությունն է ավելի բարձր»։

Աղքատության 30 տոկոս ցուցանիշ ունեցող երկրում շատ երեխաներ ամիսներ շարունակ միս, բանջարեղեն և միրգ չեն ուտում։ Փորձագետները նաև փաստում են, որ շատ ընտանիքներ ստիպված են հագեցնող, սակայն ոչ օգտակար սնունդ օգտագործել ՝ կարտոֆիլ, մակարոնեղեն, հաց ու քաղցրավենիք: Զեկույցի համաձայն, երեխաների 15 տոկոսն էլ տառապում է ավելորդ քաշից, ինչը մանկաբույժ Սուսաննա Հարությունյանի խոսքով, ծնողների սխալի հետևանք է․ - «Քաղցրավենիք են շատ տալիս, բայց չեն տալիս այն, ինչ իրեն աճի համար պետք է, օրինակ՝ մսամթերք, կաթնամթերք, բանջարեղեն, մրգեր»։

Ասատրյանների ընտանիքում, օրինակ, վերջին անգամ Ամանորին են նման «շքեղ» ճաշացանկից օգտվել։

«Ինչ կա՝ էրեխեն արդեն ինքը զգում ա, որ չկա, սուս ա անում», - պատմում է ընտանիքի մայրը։

Առողջապահության նախարարը ծանոթ է զեկույցին․ մտահոգված է խնդրով, պնդում է՝ կառավարությունը խոր վերլուծություններով է զբաղված, հիվանդության կանխարգելման նախագծեր է մշակում․ - «Նաև կառավարության որոշումներ կան այս առումով, կան համապատասխան ծրագրերը, օրենքի նախագծերը։ Այսինքն՝ սա ոչ միայն բանավոր դաշտում է, այլ նաև բավականին լուրջ նորմատիվային դաշտում գտնվող խնդիր է»։

Միջազգային զեկույցը նաև փաստում է՝ թերսնված երեխաների խնդիրն այսօր չլուծելու դեպքում Հայաստանը վաղը ոչ միայն կկանգնի ժողովրդագրական խնդիրների առջև, այլև չի ապահովի անհրաժեշտ տնտեսական աճ։

«Որովհետև ազգի ընդհանուր պոտենցիալը իջնում է, սա լուրջ խնդիր է», - պարզաբանում է Սուսաննա Հարությունյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG