Մատչելիության հղումներ

Քերրին արդյունավետ է որակել Լավրովի հետ երկխոսությունը


Ջոն Քերրի, Սերգեյ Լավրով

Ջոն Քերրի, Սերգեյ Լավրով

Ռուսաստանի և Միացյալ Նահանգների արտգործնախարարի բանակցությունների օրակարգում այսօր գերիշխել է սիրիական և ուկրաինական ճգնաժամերերի հարցը:

Դիտորդները նկատում են, որ սիրիական ճգնաժամի կարգավորումն ավելի մեծ տեղ է զբաղեցնում Ջոն Քերրիի մոսկովյան բանակցությունների օրակարգում:

ԱՄՆ-ի պետքարտուղարի այցի հիմնական ինտրիգներից մեկը Նադեժդա Սավչենկոյի ազատ արձակման հարցն է: Այցի նախօրեին պաշտոնական Վաշինգտոնը Մոսկվային կոչ է արել 22 տարվա ազատազրկման դատապարտված ուկրաինացի ռազմական օդաչուին:

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր լրագրողներին ասել է, Սավչենոյի հարցը քննարկվել է բանակցությունների ընթացքում, սակայն այլ մանրամասներ չի հաղորդել:

Լավրով-Քերրի հանդիպումը տևել է չորս ժամ: Հանդիպման ավարտից հետո Ջոն Քերրին «Թվիթեր»-ի իր էջում գրել է, թե արդյունավետ երկխոսություն է ունեցել կարևոր գործընկերոջ հետ:

Հանդիպումը սկսելիս Լավրովը ընդգծել է, որ վերջին մեկ տարում սա արդեն Ջոն Քերրիի երրորդ այցն է Ռուսաստան: Նա հույս է հայտնել, որ այս այցը կնպաստի ռուս-ամերիկյան համագործակցության ընդլայնմանը:

Քերրին նախ խոսել է Սիրիայից, մասնավորապես ասել է, որ թեև հրադադարը դեռ փխրուն է, սակայն Սիրիայի ճգնաժամի հարցում կա առաջընթաց: Պետքարտուղարը նաև ասել է, որ Սիրիայի հարցով Վաշինգտոնն ու Մոսկվան ակտիվ համագործակցել են:

«Հնարավոր չէ ժխտել, որ այդ աշխատանքը որոշակի արդյունք է տվել»,- ասել Քերրին՝ հավելելով, որ Սիրիայի հակամարտությանը պետք է վերջ տալ․-«Հույս ունեմ, որ մենք ճանապարհ կգտնենք համագործակցելու տարածաշրջանի այլ մարտահրավերների՝ Եմենի, Լիբիայի շուրջ»:

Անդրադարձ է եղել նաև Բրյուսելում մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչությանը: Այս կապակցությամբ Քերրին ասել է, որ յուրաքանչյուր երկիր պետք է հնարավորինը անի՝ ահաբեկչությանը վերջ տալու համար:

Հանդիպումը սկսելիս երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները նաև կատակել են: Քերրին Լավրովին շնորհավորել է ծննդյան օրվա կապակցությամբ, նրան «էլ ավելի մեծ իմաստություն» մաղթել, Լավրովն էլ իր հերթին պատասխանել է՝ «եթե տարիքի հետ կապված լիներ իմաստությունը, ապա Քերրին շատ ավելի իմաստուն է, քան ինքը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG