Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Բուենոս Այրես կատարած այցի շրջանակներում հայտարարել է, որ ԱՄՆ-ը մեծ ուշացմամբ է ճանաչել Արգենտինայում 1976-ի ռազմական հեղաշրջման ընթացքում տեղի ունեցած մարդու իրավունքների ոտնահարման փաստերը։

«Այդ ժամանակաշրջանում ԱՄՆ-ի վարած քաղաքականությունը հակասական է․ Ժողովրդավարական պետությունները պետք է խիզախություն ունենան ընդունել, երբ իրենք ևս շեղվում են այն արժեքներից, որոնք պաշտպանում են»,- ասել է Օբաման՝ ռազմական հեղաշրջման զոհերի հուշարձան կատարած այցի ժամանակ։

40 տարի առաջ՝ 1976 թվականի մարտի 24-ին, Արգենտինայում իշխանության է եկել Խորխե Ռաֆայել Վիդելի խունտան, որը ցրել է խորհրդարանը, պարետային ժամ սահմանել, դադարեցրել քաղաքական կուսակցությունների և արհմիությունների գործունեությունը, բռնաճնշումներ սկսել։ ԱՄՆ իշխանությունները սկզբնական շրջանում պաշտպանել են Վիդելիի վարչախումբը, սակայն հետագայում փոխել են իրենց տեսակետը։

Օբաման իր պատմական այցի ժամանակ վերահաստատել է խոստումը, թե ամերիկյան ռազմական և հետախուզական փաստաթղթերը կգաղտնազերծվեն։ Վերջին անգամ նման բան արվել է 2000 թվականին, երբ ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնը մոտ 4000 փաստաթուղթ գաղտնազերծեց, որոնց մի մասը նաև օգտագործվում է ռազմական պաշտոնյաների դեմ հարուցված քրեական գործերում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG