Մատչելիության հղումներ

ՀՖՖ-ի գործադիր կոմիտեի անդամ Հրայր Թովմասյանը պաշտպանում է Հայրապետյանի որոշումը


Ֆուտբոլի ազգային հավաքական մարզում, արխիվ
Ֆուտբոլի ազգային հավաքական մարզում, արխիվ

Ռուբեն Հայրապետյանի համար ֆուտբոլը իր զավակներից մեկն է, և եթե հիմնավոր պատճառներ չլինեին, ապա նա հավաքականից չէր հեռացնի Մովսիսյանին, Արզումանյանին և Կասպարովին, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի անդամ, ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը։ Նրա խոսքով՝ Հայրապետյանը այն մարդն է, ով բոլորից շատ է մտահոգված Հայաստանի հավաքականի համար։

«Եթե ճանաչում եք Ռուբեն Հայրապետյանին, ֆուտբոլը իրա զավակներից մեկն է, ինքը էդքան ցավում է, իրա համար ամեն ինչ է էդ ֆուտբոլը»,- ասաց Թովմասյանը:

Երեկ հայտնի դարձավ, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի առաջատարներ Յուրա Մովսիսյանը և Ռոբերտ Արզումանյանը, ինչպես նաև դարպասապահ Գևորգ Կասպարովը հավաքականի կազմում այլևս չեն խաղա։ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը ասել էր, որ անձամբ է արգելել նրանց հավաքական հրավիրել։

Ըստ ֆուտբոլային մեկնաբանների՝ Բերեզովսկու հեռանալուց հետո հավաքականի դարպասապահ էր դառնալու հենց Կասպարովը, իսկ Արզումանյանը լավագույն պաշտպաններից էր։ Վստահ են՝ նրանց հեռանալը հավաքականի վրա բացասական ազդեցություն կունենա։

Հրայր Թովմասյանը այսօր հայտարարեց, որ Կասպարովը և Արզումանյանը երբեք էլ առաջատար չեն եղել։ «Եթե կան որոշ բաներ, որ էսօր ինչ-ինչ պատճառներով չի ասում ֆեդերացիայի նախագահը, դրանք կան, միգուցե հրապարակային ասելու չեն, էդ դեպքում պետք է համբերությամբ զինվենք ու տեսնենք, թե ինչ հավաքական է ստեղծում»:

Թովմասյանը պնդեց՝ Ռուբեն Հայրապետյանը հիմքեր է ունեցել հավաքականի կազմի ընտրությանը միջամտելու համար. այդ հիմքերը, նրա խոսքով, մարզավիճակով չեն պայմանավորված։ Նա խորհուրդ տվեց չշտապել հետևանքների մասին խոսելիս, վստահեցրեց, որ հավաքականում Հայրապետյանի դիկտատուրա չկա․- «Ո՞րն է դիկտատուրան․ էն, որ ֆուտբոլի ակադեմիայի է ստեղծել չորս հատ, հարյուրավոր երեխաներ սնվում, ուսուցում են ստանում: Է՞դ է դիկտատուրան»:

Բացի Հրայր Թովմասյանից, ֆեդերացիայի գործադիր կոմիտեի անդամ են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, խորհրդարանում նախագահի ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանը։

Ի տարբերություն ֆեդերացիայի գործադիր կոմիտեի, Հայաստանում ոլորտի գլխավոր պատասխանատուն՝ սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանը այսօր կառավարության նիստից հետո հայտարարեց, որ հավաքականի կազմը պետք է որոշի հավաքականի մարզչական խորհուրդը։

Լրագրողների այն դիտարկմանը, որ Հայրապետյանը հայտարարել է՝ ինքն է արգելել ֆուտբոլիստներին հավաքական հրավիրել, նախարարը պատասխանեց, որ դրա մասին չի լսել, քանի որ չի եղել այնտեղ. թե որտեղ պետք է լիներ, որ լսեր՝ չմանրամասնեց։

«Ես հիմա չեմ մեկնաբանի՝ ինչ պետք է անենք, բայց ընթացքին, բնականաբար, տեղյակ կլինեք»,- ասաց Ղազարյանը:

Ավելի վաղ հավաքականի նորանշանակ մարզիչն էր վստահեցրել «Ազատության» հետ զրույցում, որ եթե անգամ նման մի շշուկ լինի, թե Հայրապետյանը միջամտում է իր որոշումներին, հրաժարական կտա։ Այսօր նա համաձայնեց հարցազրույց տալ, բայց միայն ֆեդերացիայի թույլտվությունից հետո: Ֆեդերացիան, սակայն, արգելեց հարցազրույցը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG