Մատչելիության հղումներ

Ղըրղզստանի նախագահը դիմել է ՀԱՊԿ-ին


Ղըրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաև, արխիվ

Ղըրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաև, արխիվ

Մոսկվայում տեղի է ունեցել ՀԱՊԿ-ի խորհրդի արտահերթ նիստ: Փորձագետները, սակայն, բացառում են, որ ՀԱՊԿ-ը կմիջամտի Բիշքեկ-Տաշքենդ հակամարտությանը:

Ղըրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևն այսօր լրագրողների հետ զրույցում ասել է, որ Ուզբեկստանի սահմանին ստեղծված իրավիճակի մասին Ղըրղզստանը տեղյակ է պահել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը:

«Մենք պարտավոր ենք զգուշացնել ՀԱՊԿ-ին, որ մեր սահմանին ոչ բարեկամական իրավիճակ է ստեղծվել»,- նշել է նա և հավելել՝ Ղըրղզստանում քաղաքական որոշ գործիչներ հայտարարում են, որ պետք է ՀԱՊԿ-ին միջամտելու կոչ անել, սակայն, ՀԱՊԿ-ը միջամտելու իրավունք ունի միայն ռազմական ներխուժման դեպքում: ՀԱՊԿ-ի մակարդակով առայժմ միայն խորհրդակցություններ են ընթանում, ասել է Ատամբաևեը:

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի ղըրղզական և ուզբեկական ծառայությունների, նա ասել է նաև, թե սահմանային հարցերի պատճառով Ղըրղզստանը չի պատրաստվում «կռվել որևէ մեկի դեմ», բայց «պատրատ է պատասխան հարվածի»: Ըստ նույն հաղորդումների, Ատամբաևն ընդգծել է, որ բացի Չալա-Սարտ կոչվող վայրից, որտեղ էլ արձանագրվել է վերջին լարվածությունը, Ուզբեկստանի հետ չհամաձայնեցված այլ սահմանային հատվածներ էլ կան, որոնց հետ կապված հարցերը պետք է լուծվեն բանակցությունների միջոցով:

Ղըրղզստանի և Ուզբեկստանի սահմանին վերջին լարված իրավիճակն առաջացել է մարտի 18-ին: Չալա-Սարտում ուզբեկական կողմը երկու զրահամեքենա և 40 զինծառայողներ է տեղակայել վիճելի հատվածում: Ի պատասխան, ղըրղզական կողմը ևս նույն վայրում երկու զրահամեքենա և հատուկ ջոկատայիններ է տեղակայել: Երկու կողմերն էլ փակել կամ սահմանափակել են երթևեկությունը սահմանային անցակետերում:

Ղըրղզստանը և Ուզբեկստանը նաև դիվանագիտական նոտաներ են փոխանակել: Ղըրղզստանի արտգործնախարարությունը մարտի 18-ին հղած բողոքի նոտայում ուզբեկեկան կողմից պահանջել է վիճելի տարածքից դուրս բերել զրահամեքենաներն ու զինվորներին: Պաշտոնական Տաշքենդն էլ պատասխան նոտայում նշել է, որ անվտանգությանն ուղղված քայլեր են կատարվել՝ Նովրուզի տոնակատարությունների հետ կապված:

Կիրակի օրը կողմերը որոշեցին կրճատել սահմանի վիճելի հատվածում տեղակայված զինծառայողների թիվը՝ յուրաքանչյուր կողմից թողնելով ութ զինվորի: «ՏԱՍՍ»-ի հաղորդմամբ, Ղըրղզստանի և Ուզբեկստանի սահմանին առաջացած իրավիճակի հարցով Մոսկվայում անցկացվել է ՀԱՊԿ-ի մշտական խորհրդի արտահերթ նիստ: Հիշեցնենք՝ Ուզբեկստանն այս կառույցին չի անդամակցում, ՀԱՊԿ-ի անդամ են Ղըրղզստանը, Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Տաջիկստանը:

Կենտրոնական Ասիայի հարցերով փորձագետ Բրյուս Պաներան «Ազատություն» ռադիոկայանի ղըրղզական ծառայությանն ասել է՝ դժվար թե ՀԱՊԿ-ը կարողանա կոնկրետ քայլեր ձեռնարկել Ուզբեկստանի դեմ: Ըստ նրա, Բիշքեկի դիմումը ՀԱՊԿ-ին նպատակ ունի ցույց տալու, որ Ղըրղզստանը ազդեցիկ դաշնակիցներ ունի և որ իր դեմ ինչ-ինչ գործողությունները հետևանքներ կունենան ու պատասխան արձագանք կստանան ՀԱՊԿ-ի կողմից: Փորձագետը նաև նշել է, որ Ուզբեկստանը Կենտրոնական Ասիայում ամենաուժեղ բանակն ունի և հարևաններին ցույց է տալիս իր ուժը:

Ղըրղզստանի նախկին արտգործնախարար Ալիկբեկ Ջեկշենկուլովը համարում է, որ Բիշքեկը նախ պետք է բանակցություններ վարեր Տաշքենդի հետ և դրանից հետո միայն դիմեր ՀԱՊԿ-ին: «Կազմակերպության խորհուրդը կարող է միայն ինչ-որ հայտարարություն ընդունել, խաղաղության կոչ անել, հորդորել՝ խնդիրները լուծել դիվանագիտական ճանապարհով: Այլ գործողություններ պետք չէ ակնկալել: Ուրիշ բան, եթե մեր սահմանների վրա հարձակում իրականացվի ու մարտեր ընթանան»,- ասել է Ղըրղզստանի նախկին արտգործնախարարը:

Երկու երկրների սահմանային մի շարք շրջաններում, որոնցում խառը բնակչություն կա, նախկիում միջէթնիկական խոշոր բախումներ և անկարգություններ են տեղի ունեցել: 2010 թվականին Ղըրղզստանի հարավում գտնվող Օշի և Ջալալաբադի շրջաններից տասնյակ հազարավոր ուզբեկներ փախան Ուզբեկստան: Պաշտոնական տվյալներով, այդ ժամանակ բախումների հետևանքով 400-ից ավելի մարդ զոհվեց: ԽՍՀՄ փլուզման նախաշեմին՝ 1990 թվականին, Օշում և հարակից շրջաններում միջէթնիկական ավելի ուժգին բախումներ եղան՝ հանգեցնելով շուրջ 1200 զոհերի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG