Մատչելիության հղումներ

Տասնյակ տաքսու վարորդներ այսօր հերթական անգամ հավաքվել էին կառավարության շենքի առջև։ Հիմնական պահանջները նույնն են՝ վերանայել լիցենզավորման կարգը, ավելացնել անվճար ավտոկայանատեղիները։

«Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանն ասում է՝ դեմ չեն լեցենզավորմանը, բայց առաջարկում են կիսով չափ նվազեցնել դրա համար գանձվող ամսական 12,000 դրամը, գումարի մի մասն էլ ուղղել իրենց իրավունքները պաշտպանող արհմիությունների ստեղծմանը։

«Հանապազօրյա հացը վաստակելու համար 40-50 հազար հոգի ներգրավվում ենք դաշտ․ մեզ ի՞նչ ա պետք՝ էս աղքատության պայմաններում պետությանը փող տալ, հանգիստ ապրել, մինչև աղքատությունը հաղթահարենք, մտածենք ոլորտում կարգուկանոն հաստատելու համար», - «Ազատության» հետ զրույցում ասում էր Հովհաննիսյանը։

Վարորդների շահերը պաշտպանող Պողոս Օղլուկյանը պնդում է՝ գործող կարգը ձևական է, ոլորտում վերահսկողություն չկա, բազմաթիվ վարորդներ տաքսի ծառայություն են մատուցում՝ չունենալով լիցենզիա, ինչի արդյունքում լիցենզավորված տաքսիստները հայտնվում են մրցակցային անհավասար պայմաններում։

«Եթե նա հարկ է վճարում, լիցենզիա ունի, ստաժ գրելո՞ւ եք էդ մարդուն։ Ասում ա՝ ոչ։ Ասում եմ՝ էս վարորդը 30 տարեկան ա, ունի երկու անչափահաս երեխա, իրեն 1 միլիոն դրամ ա պետք՝ վերանորոգելու իրա բնակարանը։ Վարկ ա ուզում ստանա։ Կարո՞ղ ա միջին աշխատավարձի թուղթ վերցնի։ Ասում ա՝ ոչ։ Ասում եմ՝ մեքենա տրամադրո՞ւմ եք, ասում ա՝ ոչ, կայանատեղի տրամադրո՞ւմ եք՝ ոչ։ Իսկ ինչի՞ համար եք ուզում էդ լիցենզիան», - հարցնում է Օղլուկյանը։

Տաքսու վարորդները հիշեցնում են՝ 2009 թվականից ի վեր լիցենզավորման կարգը մի քանի անգամ փոխվել է։

«Սա արդեն չորրորդ լիցենզավորման կարգն ա, որ մարդիկ խաբվում են, վճարում են, լիցենզավորվում են և տեսնում են՝ նորից ոլորտի 70-80 տոկոսը չի կարգավորվել», - ասում է Տիգրան Հովհաննիսյանը, - «Այսինքն՝ մենք չենք ուզում հիմա կառավարության դատի տալ, պահանջել 2009 թվականից կորուստները»։

«Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահն ասում է՝ սայլը տեղից չի շարժվում, որովհետև Տրանսպորտի նախարարությունն արդեն մեկուկես տարի է՝ անտեսում է իրենց պահանջները, իսկ համագործակցության իմիտացիա ստեղծելու համար քննարկումներ կազմակերպում ոլորտի հետ կապ չունեցող կազմակերպությունների ու անհատների հետ։

Բողոքող վարորդների կառավարության անդամներից որևէ մեկն այսօր այդպես էլ չմոտեցավ։

Տրանսպորտի նախարարությունից «Ազատությանը» տեղեկացրին, որ տաքսիստների այս խմբի պահանջներին ծանոթ են, նրանց հետ նույնպես հանդիպել են ու հիմա էլ պատրաստ են լսելու «միայն խելամիտ առաջարկները»։

XS
SM
MD
LG