Մատչելիության հղումներ

«Այո»-ի օգտին 300 ձայն ավելացրած թոշակառուն խնդրում է «մեղմ պատիժ սահմանել»


Կոտայք գյուղի ընտրահանձնաժողովի նախագահ Հենրիկ Շահբազյանը՝ դատարանում
Կոտայք գյուղի ընտրահանձնաժողովի նախագահ Հենրիկ Շահբազյանը՝ դատարանում

Սահմանադրական փոփոխությունների օգտին իր տեղամասի արդյունքները կեղծած գյուղապետի տեղակալը կմնա ազատության մեջ։

Այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մեղադրող դատախազը «Այո»-ի օգտին 300 ձայն ավելացրած թոշակառու Հենրիկ Շահբազյանի նկատմամբ նշանակեց միայն պայմանական պատիժ։

Ըստ մեղադրանքի, Կոտայք գյուղի ընտրահանձնաժողովի նախագահ Շահբազյանը դժգոհ է մնացել իր տեղամասում «Ոչ»-ի հաղթանակից, քվեարկությունից ու հաշվարկից հետո քվեներով պարկը ընտրատարածքային հանձնաժողով տանելիս կեղծել է արձանագրություններն ու մատյանը՝ 300-ով ավելացնելով քվեարկածների թիվը և «Այո»-ի օգտին ձայները 301-ից դարձրել 601:

Օրենքը հանրապետական Շահբազյանին առաջադրված մեղադրանքի դեպքում սահմանում է 3-ից 5 տարվա ազատազրկում, սակայն մեղադրող դատախազը պահանջել էր պայմանական պատիժ կիրառել։ Իր դեմ դատավճիռը գյուղապետի տեղակալն այսօր չմեկնաբանեց, սակայն նախորդ նիստին պնդում էր, որ պատրաստ է նույնիսկ ազատազրկվել «Այո»-ի օգտին ընտրակեղծիք կատարելու համար: Նրան ուղեկցող անձանցից մեկն էլ բացականչում էր՝ «կեցցե սահմանադրությունը»:

Այսօր խնդրելով մեղմ պատիժ՝ Շահբազյանի շահերի պաշտպանը դատարանում նրան բնութագրեց, որպես սիրված և հարգված անձ, պնդելով, որամբողջ ընտանիքը 70-ամյա գյուղապետի տեղակալի խնամքի տակ է․ - «Նախկինում ազատազրկված չի եղել, իր ինքնախոստովանական ցուցմունքով է բացահայտված հանցագործությունը, ունի բարձրագույն կրթություն, խնամքին է գտնվում հինգ անձ»։

Հանձնաժողովի հանրապետական ղեկավարի կատարած կեղծիքը բացահայտվել էր միայն այն բանից հետո, երբ Հայ ազգային կոնգրեսը անհամապատասխանություն էր հայտնաբերել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների ու ընտրահանձնաժողովից ստացված արդյունքների միջև: Մինչ օրս դատարանի առաջ կանգնած մյուս ընտրակեղծարարների նման՝ Շահբազյանն էլ ընդունել էր մեղքն ու միջնորդել գործը քննել արագացված կարգով, առանց ապացույցներն ուսումնասիրելու: Իր վերջին խոսքում էլ թոշակառուն զղջած կատարվածի համար։ - «Զղջում եմ արածիս համար և խնդրում եմ մեղմ պատիժ սահմանել», - ասաց Շահբազյանը։

Արդյո՞ք իր կամքով է ընտրահանձնաժողովի հանրապետական ղեկավարը կեղծել տեղամասի արդյունքները՝ հարցը այդպես էլ դատարանում չբարձրացվեց: Մինչ օրս հանրաքվեի կեղծիքների գործերով որևէ մեկը չի ազատազրկվել, ուրիշի փոխարեն քվեարկած անձինք դատապարտվել են 500-600 հազար դրամ տուգանքի:

XS
SM
MD
LG