Մատչելիության հղումներ

logo-print

Այսօր Քերրին կբանակցի Սերգեյ Լավրովի և Վլադիմիր Պուտինի հետ


ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին ու Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, արխիվ

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին ու Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, արխիվ

ԱՄՆ-ի պետքարտուղարությունը երեկ հայտարարել է, որ Պուտինի և Լավրովի հետ բանակցություններում Քերրին անպայման կբարձրացնի ուկրաինացի օդաչուի հարցը։

Երեկ Մոսկվա է ժամանել ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին։ Այսօր նախատեսված են Քերրիի բանակցությունները Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Պուտինի խոսնակ Վլադիմիր Պեսկովը երեկ ասել է, որ Պուտինի և Քերրիի հանդիպման օրակարգում չկան հստակ ֆիքսված հարցեր, սակայն, ըստ Պեսկովի, կողմերը հիմնականում քննարկելու են Սիրիայում հրադադարի, քաղաքական կարգավորման, ինչպես նաև Ուկրաինայի հարցերը։

ԱՄՆ-ի պետքարտուղարությունը երեկ երեկոյան հայտարարել է, որ Պուտինի և Լավրովի հետ բանակցություններում Քերրին անպայման կբարձրացնի ուկրաինացի օդաչու և պատգամավոր Նադեժդա Սավչենկոյի հարցը։

Ռուսական դատարանը մարտի 22-ին Սավչենկոյին դատապարտեց 22 տարվա ազատազրկման։

Երեկ ռուսական մամուլը գրել էր, թե Ուկրաինայում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Զուրաբովը փակ հանդիպման ժամանակ ասել է, որ Սավչենկոյին առաջիկա օրերին ազատ կթողնեն։ Կրեմլը, սակայն, երեկ ավելի ուշ հերքեց այս լուրը։ Այսօր բանակցություններից հետո հնարավոր է Քերրին Սավչենկոյի մասին հայտարարություն անի։

Քերրիի այցի նախօրեին Ռուսաստանի արտգործնախարարությունը ռուս-ամերիկյան ներկայիս հարաբերությունների վերաբերյալ հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերություններն այսօր մնում են բարդ, այդ թվում՝ նաև «ուկրաինական ճգնաժամի պատրվակով՝ Վաշինգտոնի կողմից հակամարտության տանող մի շարք քայլերի հետևանքով»։

Ռուսաստանի արտգործնախարարությունը իր հաղորդագրությունում հույս է հայտնում, որ Քերրիի այցը Մոսկվա կնպաստի ռուս-ամերիկյան հարաբերությունների կարգավորմանը։

Մոսկվան ակնկալում է նաև, որ մարտի 22-ի ահաբեկչությունները Բրյուսելում Միացյալ Նահանգներին կստիպեն Ռուսաստանի հետ միասնական դաշտ ստեղծել միջազգային ահաբեկչության դեմ պայքարի համար։

Մոսկվայում ԱՄՆ-ի պետքարտուղարն այսօր պետք է հանդիպի նաև այս օրերին Մոսկվայում գտնվող ամերիկացի տիեզերագնացներին։

Երեկ երեկոյան Քերրին Մոսկվայում հանդիպել է Մոսկվայում գտնվող Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերին, ով երեկ բանակցություններ է անցկացրել Լավրովի և Պուտինի հետ։

XS
SM
MD
LG