Մատչելիության հղումներ

logo-print

Այսօր Հայաստան է ժամանում Վրաստանի արտաքին գործերի նախարարը


Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձե

Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձե

Ալեքսանդր Արզումանյանի կարծիքով, երկկողմ բանակցությունների հիմնական թեման լինելու է Իրանի հետ համագործակցությունը։

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանում Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն:

Այցի ընթացքում նա հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ։

Վաղը Էդվարդ Նալբանդյանի հետ բանակցություններից հետո երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները հանդես կգան համատեղ հայտարարությամբ։

Հայաստանի արտգործնախարարությունը քննարկվելիք հարցերի շրջանակը չի բացահայտում։ Վրաստանի արտգործնախարարությունն էլ նշում է, որ երկկողմ համագործակցության հարցեր են քննարկվելու։

Այցից առաջ երեկ Թբիլիսիի իր նստավայրում Ջանելիձեն հանդիպել է Վրաստանում Հայաստանի դեսպան Յուրի Վարդանյանին։

Հայաստանի նախկին արտգործնախարար, Ազգային ժողովի պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի կարծիքով, երկկողմ բանակցությունների հիմնական թեման լինելու է Իրանի հետ համագործակցությունը։

«Իրանի նկատմամբ սանկցիաների վերացումից հետո էներգետիկ տարբեր նախագծեր են քննարկվում, Հայաստանն ու Վրաստանը կարող են մաս կազմել և միասին առաջարկներ ներկայացնել։ Ինչպես գիտենք, Իրանի Իսլամական Հանրապետությունն արդեն իսկ խոսել է գազի արտահանման Հայաստան-Վրաստան հնարավոր ճանապարհի մասին, դա շատ կարևոր է մեզ համար։ Մի շարք այլ հարցեր կան, որոնցում Վրաստանը հատուկ տեղ է զբաղեցնում։ Ցավալի է, որ մեր դեսպանատունը Վրաստանում չի կարողանում ադեկվատ գործել այս փոփոխվող աշխարհում, բայց հուսով եմ, որ դրա ականատեսն էլ կլինենք, որ պրոֆեսիոնալ կուղարկվի ինչ-որ պահից»», - «Ազատության» հետ զրույցում ասաց Արզումանյանը։

Նա հույս հայտնեց, որ Հայաստանում սպասվող հայ-վրացական բանակցություններն ու քննարկումները կլինեն արգասաբեր։ «Լայն է սպեկտորը հայ-վրացական հարաբերությունների, այնտեղ շատ խնդիրներ կան։ Իրանը, ես նշեցի, որ նոր բացվող պատուհան է, նոր հնարավորությունների պատուհան, է և այդ ուղղությամբ ինչ-ինչ քննարկումներ գնում են, այդ առումով կարող է այդ քննարկումներն ավելի խորանան։ Եվ շատ կարևոր է մեզ համար Վրաստանը, որպես ամենակարևոր հարևաններից մեկը։ Կարծում եմ՝ շատ արգասաբեր քննարկումներ կունենան արտգործնախարարները», - ասաց Արզումանյանը։

XS
SM
MD
LG